Երբեմն Երևանի գիշերներում լուսնի ափսեն է գլորվում, չմոռանալով հեռավոր արվարձաններում իր արծաթե հետքը թողնել: Իսկ լինում է, որ նույն այդ գիշերներում լսում ես՝ «Քուր ջան, մի հատ մոթելի հեռախոս կասե՞ս», «Ընգեր, մի հատ ապահովիչ տուր», «Ախպերս, մեզ մի էրկու պորցի չալաղաջ», «Դիջե՜յ, մի հատ՝ մյուզի՜ք», «Ձյաձ ջան, ազատ ե՞ս: Դե քշի տուն»...
Արամ Մադաթյան, գիշերային հերթապահ, «Ալֆա Ֆարմ» դեղատուն
«Ալֆա ֆարմում» գիշերային հերթափոխում աշխատողը պետք է պարտադիր տղա լինի, որովհետև գիշերվա հաճախորդը ցերեկվա նույն հաճախորդը չի: Ցանկալի է նաև, որ գիշերային աշխատողը ծառայած լինի, բայց դա պարտադիր պայման չէ: Ես ուսանող եմ, սովորում եմ բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլ տետի մագիստրատուրայի 1-ին կուրսում: Այսինքն՝ ցերեկը՝ դաս, գիշերը՝ աշխատանք: 12-ից հետո դեղատան դուռը փակվում է, և առև տուրը կատարվում է պատուհանից: Դռան մոտ մե՜ծ զանգ կա, բայց դա սեղմելու փոխարեն մարդիկ դուռն են կոտրում: Մտածում եմ՝ հեսա գողություն ա լինում, վազում եմ պատուհանի կողմը, տեսնում եմ հաճախորդ ա, ով չի ֆայմել դռան զանգը սեղմի: Կամ, օրինակ, դեղը վաճառեցի, ասում եմ՝ առողջություն, ինձ ասում ա՝ ես հիվանդ չե՛մ: Մի անգամ էլ առավոտ կանուխ ամուսիններ մտան դեղատուն ու ինձ ասեցին՝ առավոտը տեսանք, որ մեր էրեխեն կապտած ա, մի բան տուր տանենք խմի, դզվի: Ինչքան էլ համոզեցի, որ պետք է երեխային շտապ տանել բժշկի, ինձ ասեցին, թե՝ բժշկի տեղը քեզնից լավ գիտենք, դու մի բան տուր տանենք, դզվի… Վերջում էլ ջղայնացած դուրս եկան, թե՝ գնացինք, այ մարդ, էստեղ էլ բան չեն հասկանում: Ծիծաղելի է չէ՞: Դրա համար գիշերը ներվերս մաքսիմալ անջատում եմ ու մաքսիմալ դիստանցիայով եմ աշխատում մարդկանց հետ:
Դեղատան աշխատանքն ինձ համար լավ է այնքանով, որ հետագայում չեմ նեղվի դեղերի իմացության մեջ, իսկ վատ է այնքանով, որ նախ՝ գիշերն արթուն ես լինում և բացի այդ, ստիպված շփվում ես մարդկանց մի տեսակի հետ, ում հետ շփումն իրոք բարդ է: Բայց անկախ ամեն ինչից, ես աշխատանքը հաճույքով եմ անում, որովհետև ես ինքս եմ ընտրել այս ուղին ու գիտեմ նաև, որ կյանքում ոչ մի բան հեշտ չի տրվում: Առաջ գիշերը ժամը 1-ից, 2-ից հետո դեղատան գիշերային հաճախորդները հիմնականում լինում էին ալկոհոլիկներն ու նարկոմանները: Առաջինները սպիրտ էին գնում, մյուսները ցավազրկող դեղեր ու դրանցից ինչ-ինչ ճանապարհով թմրադեղեր ստանում: Բայց հիմա այդքան էլ այդպես չէ: Չնայած ես ընդամենը վաճառում եմ, ես չգիտեմ, թե, ասենք, նույն «Կաֆետինը» հաճախորդը որպես ցավազրկող կօգտագործի, թե՞… Գիշերը հիմնականում վաճառվում են պահպանակներ: Ցերեկը գրեթե չի վաճառվում, որովհետև եթե վաճառողը աղջիկ է, ամաչում, դուրս են գալիս: Գիշերը շատ են վաճառվում նաև այն պրեպարատները, որոնք ուժեղացնում են տղամարդու սեռական ակտիվությունը: Գալիս ասում են՝ ընգեր, ցերեկը մտանք ապտեկա, մի կես ժամ սպասեցինք, թողինք-հելանք… մի հատ աղջիկ էր, ամաչեցինք էլի, դե ջոգիր չէ՞: Նույնը՝ աղջիկները: Եթե դեղատան աշխատողը տղա է, ամաչում են միջադիր գնել: Մի քիչ սպասում, հարցնում են՝ ուրիշ աշխատող չկա՞… դե մի հատ «սրանից» տվեք: Ամաչում են նաև կանացի մոմիկներ գնելուց ու ձևացնում են, թե դա իրենց համար չեն գնում: Գիշերը շատ են վաճառվում նաև ցավազրկողներ: Որովհետև նույն հիվանդը ցերեկը գնում է ատամնաբույժի մոտ, իսկ գիշերը՝ դեղատուն, որովհետև նախ գիշերը վամուսի ակտիվացման հետևանքով նույն ատամնացավը կարող է սաստկանալ, հետո էլ 24 ժամ գործող ատամնաբուժարանները քիչ են: Հա, նաև պամպերս է գիշերը շատ վաճառվում: Դեղա տան ելումուտով պայմանավորված՝ կարելի է ենթադրել, որ ազգա բնակչությունն առողջական միջին և միջինից ցածր մակարդակում է գտնվում: Լիարժեք առողջ մարդ գրեթե չկա. գերբարձր ճնշում, ստամոքսի հիվանդություն, սեռական ֆունկցիայի խանգարում… Ցավալին այն է, որ սեռական ֆունկցիայի խանգարմամբ տառապում են հիմնականում երիտասարդները, ու դրա մեղավորները հենց իրենք են: Որովհետև գրեթե բոլորն օգտվում են այդ պրեպարատներից, այն դեպքում, երբ նրանք երիտասարդ տարիքում բացարձակ չունեն դրա կարիքը: Հասկանալի պատճառով օգտվում են դրանցից ու շատ կարճ ժամանակ հետո կախվածության մեջ են ընկնում:
Գիշերը մի պահ կա, որ մեռյալ ժամ ա, դեղատուն մտնող չկա: Էդ ժամանակ կամ դաս եմ անում, կամ ինտերնետ եմ մտնում: Բայց դե 100% ով արթուն չես կարող մնալ, պահ ա գալիս, որ աչքդ կպնում ա: Չնայած՝ եթե դեղատանն եմ, միշտ մի աչքով արթուն եմ: Ամեն րոպե ականջս զանգի կողմն ա: Դռան զանգն իմ համար ռեֆլեկտոր ա դառել: Հենց լսում եմ, վռազ խալաթը գցում եմ վրաս ու վազում եմ պատուհանի կողմը: Մինչդեռ մինչև դեղատանն աշխատելը, ես շա՜տ խորը քնող մարդ եմ եղել:
Լևոն Եսայան, գիշերային մարդ, To4ka project
Ուրբաթ երեկոյան արդեն սկսում ենք պատրաստվել ուիքէնդի: Այսինքն՝ որևէ ակումբում կամ մի ընկերոջ տանը preparty ենք անում՝ ով խմում ա, ով երաժշտություն ա լսում, ով իրա մասկառադի մասին ա մտածում. հայավարի ասած «քեֆներս լավացնում ենք»: Հետո արդեն գնում ենք կոնկրետ ակումբ կոնկրետ փարթիի: Էնտեղ ուրախանում ենք, ուրախանում ենք, ուրախանում ենք… բայց էդ դեռ քիչ ա, գնում ենք աֆթըփարթիի: Երևանում աֆթըփարթի ակումբերը քիչ են: Դրա համար էլ մենք ընկերներով հաճախ դրա համար ոչ թե ակումբ ենք գնում, այլ ինչ որ մի փակ տարածք ենք վերցնում՝ էդ կարա մեկի տունը լինի, կարա մեկի ամառանոցը լինի ու… Ակումբային օրը պետք ա վերջանա առավոտ լուսին:
Եթե թեմատիկ երեկույթ ա, հագնվում ես թեմայի մեջ, ուզում ես վառ լինես, լավը լինես: Եթե ռեյվի ես գնում ինչ որ մի բացօթյա փառատոնի, նախընտրելի ա հագնես մի հատ մայկա, ջինս ու կեդեր, որ քեզ հարմար լինի: Եթե գլամուռնի երեկո ա, փորձում ես ավելի ուրիշ ձև հագնվես: Ակումբներում հանդիպում ես ջահելից մինչև՜… 50 ի մոտ մարդիկ կան, որ գիտեն գիշերն ուրախանալ: Մարդ կա, որ առանց խմելու էլ կարա վեճ սկսի: Պետք չի ակումբին, ակումբային կյանքին գերի դառնալ: Ակումբին պետք ա վերաբերվել որպես ժամանցի միջոցի, ոչ թե որպես ամենօրյա դոզայի, որ առանց դրա խեղդվում ես:
Գիշերը տեմպը, տրամադրությունները, մարդիկ լրիվ ուրիշ են: Գիշերը դեմքի արտահայտություններն են ուրիշ, ուրիշ ձև են ժպտում, ուրիշ ձև են իրար վերաբերվում: Գիշերը ակումբում դու կարաս անծանոթների հետ ավելի ադեկվատ լինես, քան ցերեկը: Ակումբային մարդիկ իրար ավելի թեթև են վերաբերվում. ցերեկը փողոցում չես կարա անկապ մեկին ժպտաս, կամ մեկը քեզ ժպտա, հարցնես՝ հըն, ո՞նց ա, լա՞վ ես, իսկ գիշերը կարաս, եթե ակումբում ես: Կարող ա վաղը դրսում իրար տեսնեն՝ չճանաչեն, չհիշեն, բայց ակումբում վերաբերմունքն ուրիշ ա, պոզիտիվը շատ ա, թեթևի մեջ ա ամեն ինչ: Ու դրա «մեղավորը» գիշերն ա:
Ամեն ինչ կախված ա մյուզիքից, ամեն ինչ դիջեյի ձեռն ա: Ինքը կարա մարդկանց լավ էներգետիկա հաղորդի, ագրեսիա մտցնի, պոզիտիվ մտցնի իրա մյուզիքով, կարա՝ հակառակը: Բայց դե մեր մոտ ակումբային կյանքը դեռ մի քիչ պրոբլեմատիկ ա, աղջիկները քիչ են: Իսկ դրսում լրիվ ուրիշ ա, կարան աղջիկներն ավելի շատ լինեն, քան տղաները: Էլ չասած, որ շրջաններում համարյա թե չկա ակումբային կյանք՝ հասկանալի պատճառներով: Դրա համար էլ To4ka project ը փորձում ա էդպիսի բաներ կազմակերպի նաև Երևանից դուրս: Օրինակ՝ սեզոնին Դիլիջանի սարերում կամ Սևանի մի հատ փախած պլյաժում սարքավորումներ ենք դնում, դիջեյներ ենք հրավիրում, ռեյվեր ենք կազմակերպում: Տարածք, որտեղ մարդիկ կարան գան խմեն, շփվեն, պարեն… Հա, իմիջիայլոց, շուտով էդպիսի մի հատ հավեսով բան ենք կազմակերպելու Դիլիջանում: Էդպիսի նախագծեր իրականացնելու համար ես ոգեշնչվում եմ լավ մարդկանցից, բայց կարևորը ամեն ինչ անես հավեսով ու դրանից փորձես մաքսիմալ կայֆ ստանաս:
Աստղիկ Գերավետյան, տեղեկատվության մասնագետ, «Սփյուռ» տեղեկատվական կենտրոն
Գիշերային աշխատանքը դժվար է այնքանով, որ երբեմն քունդ տանում է, իսկ հեշտ է այնքանով, որ զանգերի քանակն է քիչ լինում (ցերեկը միջինը 500, գիշերը՝ 20 100 զանգ), հետևաբար շատ ծանրաբեռնված չես լինում: Բացի այդ էլ, ամբողջ ցերեկը քո տրամադրության տակ է, ազատ ես օրդ պլանավորելու համար:
Չնայած կանայք սիրում են խոսել, մանավանդ հեռախոսով, բայց ես աշխատավայրում այնքա՜ն եմ խոսում հեռախոսով, որ աշխատանքից դուրս տանել չեմ կարողանում հեռախոսազրույցը: Եթե տանը 5 րոպեից երկար եմ խոսում հեռախոսով, դա արդեն ողբերգություն է ինձ համար:
Գիշերվա քունը հաղթահարելու համար սուրճ եմ խմում կամ ինտերնետով օնլայն ֆիլմ եմ նայում: Գիշերն արթուն մնալուն օգնում են նաև զավեշտալի զանգերը, որովհետև հերիք է, որ մեկը զանգի ու մի տարօրինակ հարց տա… ծիծաղում, թարմանում ես, ու քունդ փախչում է: Մի աշխատակցուհի ունենք, չգիտես ոնց, բայց հիմնականում նրան են բաժին հասնում նման զավեշտալի զանգերը: Դրա համար էլ, եթե երբեմն նաև ինձ է բաժին հասնում նման զանգ, ասում եմ՝ գիտե՞ս «քո հաճախորդն» էր ինձ զանգել: Մի ժամանակ նույնիսկ թղթի վրա գրած պահում էինք նման թարմացնող հեռախոսազանգերը: Օրինակ՝ զանգում, հարցնում են՝ զատիկի փլավը ե՞րբ էփենք, նապոլեոնի ռեցեպտը կասե՞ք, լավ քիսա անողի համար կտա՞ք… Երբեմն զանգողին ձայնով ճանաչում ենք, և կան հեռախոսահամարներ, որոնք արդեն անգիր գիտենք: Գիշերվա զանգերը յուրահատուկ են. զանգում են հիմնականում օդանավակայանի, ատամնաբուժարանի, ռեստորանի, հյուրանոցի, մոթելի հեռախոսահամարներ իմանալու համար: Սա դեռ ոչինչ, նորմալ է, բայց քանի որ մենք ուտող խմող ազգ ենք, հետևաբար՝ գիշերվա 4 5 ին զանգում են ու խորովածի, քյաբաբի, պիցայի առաքման հեռախոսահամար են հարցնում: Չնայած մի անգամ կեսգիշերին զանգեցին և «սուպի առաքման համար» հարցրեցին:
Հետաքրքիր է նաև գիշերը զանգողների վերաբերմունքը մեզ: Հիմնականում ասում են՝ քուր ջան, կներես, որ քեզ գիշերվա կեսին քնից հանեցի, քուր ջան, կներես քեզ անհանգստացնելու համար, կներեք, դուք կիրակի աշխատո՞ւմ եք… Կան հարցեր, որ գրեթե բոլոր զանգահարողները տալիս են: Օրինակ՝ քաղաքային հեռախոսահամար ես տալիս, հարցնում են՝ էդ ինչո՞վ, 010 ո՞վ: Կամ 091 ով հեռախոսահամար ես տալիս, հարցնում են՝ էդ սոտըվի՞ ա: Կամ թեժ գծի համար են հարցնում, բայց չգիտեն՝ ի՞նչ թեժ գիծ: Մի անգամ մեկն ինձանից թեժ գիծ է հարցնում: Ասում եմ՝ ի՞նչ թեժ գիծ է ձեզ պետք: Ասում է՝ ուրեմն դու չգիտե՞ս՝ թեժ գիծը որն ա: Ես էլ ասեցի՝ տարբեր թեժ գծեր կան, կուզե՞ք ձեզ ոստիկանության թեժ գծի համարը տամ: Ասեց՝ վա՜յ, չէ, ազիզ ջան, մի հատ թեժ գծի համար տուր, զանգենք գան նկարեն մկարեն: Չնայած լինում են նաև շատ բարեկիրթ զանգահարողներ, ովքեր բարևում են, շնորհակալություն են հայտնում ու վերջում էլ հաճելի աշխատանքային օր են մաղթում մեզ:
Վահագն Կարապետյան, հացթուխ, «Էմ Բի Յու պրոգրամ» ՍՊԸ
Օր ու մեջ գիշերային կյանք եմ վարում: Գիշերով հացի փռում լինելու մեջ ոչ մի հեշտ կամ լավ բան չկա, իսկ ամենաահավորն էն ա, որ 4 ի կողմերը քունդ սկսում ա ահավոր տանել: Սառը ջրով լվացվում եմ, որ մի քիչ թարմանամ: Դե, սուրճն էլ չի օգնում քունը հաղթահարելու համար, որովհետև էնքան ենք խմել, արդեն սովորական ա դառել: Ինչ արած, մտածում եմ, որ բոլոր փռերի աշխատողներն էլ հիմա իմ նման զարթուն են: Գիշերը երկու հոգով ենք լինում. արդեն ընտանիքի պես ենք դառել: Ասում խոսում ենք, կատակներ ենք անում, որ գիշերն անցնի:
Մասնագիտությամբ զինվորական եմ, բայց էսօր հացթուխ եմ աշխատում: Հոգեհարազատ ա զինվորականի, իսկ համեմատաբար հեշտ ա՝ հացթուխի աշխատանքը: Ամռանը դրսի շոգի ու պլյուս փռի շոգի դեմ չենք պայքարում, որովհետև անօգուտ ա:
Ես հացի խմոր հունցողն ու թխողն եմ: Համով հաց թխելու գաղտնիքը հայ լինելն ա: Էն, որ մենք քարից հաց քամող ժողովուրդ ենք, բացարձակ ճշմարտություն ա:
Շուտով Վանի հաց ենք թխելու: Հայաստանում ուրիշ ոչ մի փռում Վանի հաց չեն թխում: Ավելին, նույնիսկ Վանում հիմա Վանի հաց չեն թխում, որովհետև Վանում վանեցիներ չկան, մենակ քրդեր են մնացել: Դրանք էլ ի՞նչ հաց թխող: Հիմա Վանի հաց մենակ թխում են Ստամբուլում, թխողն էլ հայ ա: Իմ պապերը վանեցիներ են էղել, սա նրանց հացն ա, ինձանից առաջ նրանք են թխել ու կերել էս հացը: Այսինքն, ես ընդամենը նրանց գործի շարունակողն եմ, իսկ հացի, այսպես ասած, հեղինակային իրավունքը նրանցն ա: Վանի հացը ո՛չ մատնաքաշի նման ա, ո՛չ էլ լավաշի: Դա բոքոն հաց ա՝ մեջտեղը անցքով: Հնում հացը թխելուց հետո կախում էին, որ հովանա: Անցքը դրա համար էր նախատեսված: Մենք նույնությամբ պահպանելու ենք հացի արտաքին տեսքն ու համը: Հիմա սպասում ենք, որ Վանից մի քանի հատուկ համեմունքներ գան, հասնեն Երևան, ու արդեն մեր փռում Վանի հացը պատրաստ կլինի: Համեցեք համտեսի:
Անդրանիկ Բալյան, վարորդ, «Էրո+» տաքսի ծառայություն
Գիշերով ու ցերեկով քշելու տարբերությունը մեծ ա: Ցերեկը քշելը հեշտ ա էնքանով, որ լույս ա, ապահով ա: Գիշերը հեշտ ա, որովհետև պատվերները քիչ են, փողոցները դատարկ են, խախանդ ա: Բայց դե, գիշերը քշելը վտանգավոր ա՝ հոգնած ես լինում, չես իմանում՝ ո՞վ ա կանգնացնում, ի՞նչ ձևի մարդ ա մեքենադ նստողը, գլխիդ ի՞նչ կբերի. հազար տեսակ փորձանք կա, բան կա… Բայց դե, գիշերը քաղաքի տեմպը կորում ա: Հիմա դվիժենին լավացել ա ահագին: Բայց, օրինակ, Զեյթունում մի տեղ կա, որ սխալ ա դրած նշանը: Երեխեքի զնակ ա դրած, արագությունն էլ գրած ա 40: Համաձայն եմ: Այ մարդ, բայց գիշերվա 1 ին, 2 ին էդտեղ ի՞նչ երեխա: Նշանը պետք ա էլեկտրոնային լինի, որ գիշերը արագության չափը փոխվի: Թե չէ հավայի նկարվում, փող ենք վճարում: Գիշերը հիմնականում նայում ես, եթե ջահել տղերք են կանգնացնում, ավելի լավ ա հետները գործ չունենաս, որովհետև նստում են, ասում ես՝ մի ծխի, ասում ա՝ պիտի ծխեմ: Ամրագոտի չեն քցում, էստեղ քշի, էնտեղ քշի…
Ես չեմ ծխում, սուրճ էլ չեմ սիրում. փոխարենը մեքենայիս մեջ շուն եմ պահում: Սովորացրել եմ, որ ով ծխի՝ վրեն հաչա: Ասել եմ՝ եթե չհաչաս, ականջներդ կկտրեմ, չոբանի շուն կդառնաս: Գիշերվա հաճախորդները հիմնականում օդակայան գնացողներն են, տնից ուշացող տղամարդիկ, ովքեր ռեստորաններում կերել խմել են, հիմա էլ տուն են շտապում, կամ էլ զույգեր են:
Ես ինքս ծիծաղում եմ տաքսիստների մասին պատմվող կատակների ու պատմությունների վրա: Մեկ մեկ էլ մենք ենք մեր վրա հորինում: Էդպես ժամանակը շուտ ա անցնում, համ էլ թարմանում ես: Օրինակ, որ նստում են, ասում եմ՝ դուրսը հո էրեխա մերեխա չթողի՞ք: Իջնելուց էլ հիշացնում եմ՝ ներսում երեխա չթողնե՛լ: Ու էդպես տոնուսներս բարձրանում ա, ասելով խոսելով պասաժիրիս տանում, տեղ եմ հասցնում: Հայ տղամարդիկ առանց էն էլ շատ են նվիրվում մեքենային, դե պատկերացրեք, որ ես դեռ մի բան էլ գիշերն եմ նվիրում մեքենայիս…
«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N9, 2012