15 Մայիս 2013, 14:52
1008 |

Մեր երկիրն ուրիշ է

Մայիսի 9-ին երկրով մեկ նշում էին Հաղթանակի օրը, իսկ ես աննպատակ զբոսնում էի քաղաքում ու տառապում, որ շքերթը չեմ նկարահանում: Այդպես երևի շատ երկար ինքս ինձ կխարանեի, բայց ճակատագիրն ինձ խղճաց ու նոր թեմա պարգևեց:

Երևանում բազում փողոցային երաժիշտներ կան, սակայն այս զույգը տարբերվում էր բոլորից, և այս տարբերությունը միայն արտաքին չէր՝ ծանր պայուսակներ ու ուսապարկեր: Աղջիկը գույնզգույն շարֆ ու ուլունքներ էր կրում, և իր ակնոց-գլխարկով Բազիլիո կատվին հիշեցնում: Տղայի գլխարկն էլ զարդարված էր կապույտ տերեփուկի նման մի ծաղկով: Միանգամից մտքովս անցավ՝ սե՛րբեր են: Հետո մտածեցի, որ չեմ կարող ինձ զսպել, կմոտենամ ու սկսեմ ասել, թե ինչքան եմ սիրում Գորան Բրեգովիչին:

Քանի դեռ ես այս մտքերով էի տարված, նրանք տնավարի տեղավորվեցին նստարանին, լարեցին կիթառն ու պիանիկան (փողային գործիքի ու դաշնամուրի միաձուլում, որ խորհդային տարիներին ուներ գրեթե յուրաքանչյուր երեխա), աղջկա գլխարկն էլ առանց ավելորդ ակնարկի հայտնվեց ասֆալտի վրա: Սկսեցին կամաց-կամաց նվագել՝ ուշադիր հետևելով անցորդների արձագանքին: Աղջիկը երգեց: Ես հանձնվեցի միանգամից, հենց առաջին երգից հետո մոտեցա ու սկսեցի հարց ու փորձ անել՝ ո՞րտեղացի են ու ինչպես են հայտնվել Հայաստանում: Օտարերկրացիներին տրվող սովորական հարցեր: Ուլան լիտվուհի է, Մարկոն՝ սերբ (կռահածս գոնե կիսով չափ ճիշտ դուրս եկավ): Պարզվեց, որ ավտոստոպով են ճանապարհորդում, սկզբում՝ առանձին, հետո, երբ 3 ամիս առաջ հանդիպեցին Հունաստանում, որոշել էին միասին շրջագայել:

Մարկոն պատմեց, որ սկզբում Թուրքիայում էին, հետո՝ Վրաստանում: Մտածում էին, որ Հայաստան կգան, հետո Թուրքիայի միջով կանցնեն Եվրոպա: Այստեղ իմացան, որ դա ահնհնար է, ու որ ստիպված կլինեն վերադառնալ նույն ճանապարհով: «Վատ է, երբ սահմանները փակ են», - եզրակացրեց նա:

Զույգն արդեն հասցրել էր լինել Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում: Հայաստանում մնալու էին 4 oր, հետո շարունակելու էին ճանապարհը, որովհետև Ուլան ուզում էր հունիսին վերջին մոր կողքին լինել նրա ծննդյան օրը: Երբ հարցրի, թե որտեղ է իրենց տունը, զարմացած նայեցին ու զուգահեռ ցույց տվեցին նստարանն իրենց իրերով՝ այստեղ, ուրիշ էլ ո՞րտեղ: Տեսնելով, որ տան վերաբերյալ տարբեր ընկալումներ ունենք, ծիծաղեցինք, ու ես մի կողմ քաշվեցի՝ չխանգարելով նրանց ելույթին:

Երաժիշտներին կամաց-կամաց հաջողվեց գրավել անցորդներին: Հայաստանյան խաղացանկ էլ շատ լավ էին ընտրել՝ Լուի Արմսթրոնգ, Ռեյ Չարլզ, Փեգի Լի, Էլա Ֆիցջերալդ: Ոմանք սկսեցին փողոցի համերգը տեսախցիկով նկարահանել, մյուսները խնդրեցին միասին լուսանկարվել, գլխարկն էլ արագ սկսեց լցվել զրնգուն մետաղադրամներով: Ուլան լայն ժպտում էր ու you give me fever-ը երգելով՝ հանդիսատեսին առատաձեռնության համար շնորհակալություն հայտնում:

Ուլան պատմեց Հայաստան մուտք գործելիս հանդիպած առաջին մարդու մասին. «Հայաստան եկել էինք դատարկ գրպաններով: Սահմանին ուզեցի լվացվել, վճարովի լվացարան կար: Մուտքի մոտ նստած կնոջը մոտեցա, ասացի, որ փող չունեմ ու խնդրեցի ինձ ներս թողնել: Շատ զարմացավ, որ տեսավ՝ առանց փողի սահման եմ անցնում, բայց թողեց: Բարի մարդ է, այդպիսիք շատ կան աշխարհում»: Մարկոն նրան հավելեց. «Երբ հարց ծագեց՝ ինչպե՞ս հասնել մայրաքաղաք, այդ պահին մի մարդ տեսանք. Ճապոնիայից մեքենա էր պատվիրել ու հիմա որդու հետ եկել էր վերցնելու: Միացանք նրանց: Եղանակն անհաջող էր, անտանելի մառախուղ էր: Երևի մի տասը ժամ գնացինք: Երևան հասանք գիշերվա երկուսի կողմերը՝ ո՛չ փող կար, ո՛չ գիշերելու տեղ: Հայր ու որդի տեսնելով, որ դուրսն ենք մնալու, հրավիրեցին իրենց տուն: Ծանոթացանք ընտանիքի հետ: Շատ բարի ու զվարթ մարդիկ են»:

Այս ընթացքում հանդիսատեսը շատացավ: Ես նորից մի կողմ քաշվեցի, որ չզրկեմ նրանց արտասահմանցի երաժիշտներին լսելու հաճույքից: Ելույթը մոտ մեկ ժամ տևեց: Ավարտեցին, խոնարհվեցին ծափահարող մարդկանց ու սկսեցին հավաքվել: Պայմանավորվեցինք հանդիպել երեկոյան ու շարունակել զրույցը:

Մի քանի ժամ հետո Մարկոյից հաղորդագրություն ստացա. հրավիրում էր քաղաքի փաբերից մեկը, որտեղ Հաղթանակի օրն էին նշում: Լիտվուհի Ուլան, սերբ Մարկոն ու ես պարեցինք «Սմուգլյանկայի» ու «Կատյուշայի» երաժշտության ներքո: Բոլորը ցնցվեցին, երբ Ուլան սկսեց պարզ ու հստակ ռուսերենով ձայնակցել Пятница խմբի Я - солдат երգին: Գնալուց Մարկոն փաբի տիրոջը նվիրեց սերբական թղթադրամ: Հաջորդ օրը նորից հանդիպեցինք: Ես նրանց նվիրեցի լուսանկարներով սկավառակ ու Հայաստանի բնապատկերներով օրացույց: Վերջում չասացինք սովորական դարձած «եթե մեր կողմերում լինեքը», քանի որ ոչ մեկս չգիտեր՝ հետո աշխարհի որ մասում կլիներ: Նրանցից ինձ մնացին հաճելի ծանոթությունն ու ավտոստոպով աշխարհով մեկ շրջագայող երկու հետաքրքիր ու երևի երջանիկ մարդկանց մասին հիշողությունները:

Այս թեմայով