14 Մայիս 2013, 17:15
1107 |

Փակ շուկայի հոգեմաշ թնջուկը

Երևանի Փակ շուկայի սեփականացման, դրան հաջորդած շինարարական աշխատանքների անօրինականությունը 2012-ի հունվարից մտավորականների շրջանում բողոքի ալիք է բարձրացնում։ Տրցակով նամակներ են ուղարկվել Երևանի քաղաքապետարանին, ՀՀ դատախազությանը, մշակույթի նախարարությանը` անօգուտ։ Հենց սա է վրդովեցնում մեր մտավորականներին։ Փաստորեն, հիմնավորված բողոքը, ապացուցված փաստերը որևէ դրական տեղաշարժի, պետության կողմից հետևողական, անօրինությունը կասեցնող քայլերի չեն դրդում։

Խնդիրն այս անգամ քննարկվել է Մշակույթի նախարարության պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքի բաժնի պետ Կարո Այվազյանի մասնակցությամբ։ Թեման շարունակում է մտահոգել Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին, «Պետական կարիքների զոհեր» հկ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանին։ Մյուսներից տարբեր դիրքորոշում ունի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Մկրտիչ Մինասյան - Արդեն թևաթափ ենք եղել, ոչ հույս ունենք, ոչ էլ հավատում ենք, թե պետության միջամտությամբ որևէ բան կփոխվի։ Ի՞նչը փոխվի, եթե Փակ շուկայի տարածքում շինարարությունը պարբերաբար վերսկսվում է։ Նամակ ենք գրում պատկան մարմիններին, պատասխանում են, թե սեփականատերը խոստացել է ապամոնտաժել նոր կառույցները, հուշարձանը նախկին տեսքի բերել, վերականգնել կամարները։ Ո՞ր տրամաբանությամբ է հնարավոր ապամոնտաժել արդեն հիմնավոր կառուցված շենքը։ Դատախազությունը մեր նամակներին պատասխանում է, թե հանցակազմ չի պարունակում այս գործը, էլ ի՞նչ սպասենք և ումի՞ց։ Եթե քաղաքապետարանի ավագանու անդամներից միայն մեկին` վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանին է հուզում Փակ շուկայի ճակատագիրը, մյուսներն այնպես են իրենց պահում, կարծես ոչնչին տեղյակ չեն, ի՞նչ արդյունք ակնկալենք։ Պարզ է, որ` ոչ մի։ Խանութ են սարքում Փակ շուկայի տեղում, պատկերացնո՞ւմ եք` ինչը` ինչով են փոխարինում. պատմամշակութային հուշարձանը` առևտրի կենտրոնով։ Պատճառաբանում են` Փակ շուկան վթարային է։ Եթե այդպես է` Երևանի բնակֆոնդի 90 տոկոսը վթարային է, ինչո՞ւ չեք քանդում, տեղը նորը կառուցում։ Գրում են, նամակներ են պատրաստում. ես առավել քան վստահ եմ` գործի ընթացքը նախապես պլանավորված է եղել. սեփականատիրոջ ոչ մի քայլը չվերահսկել, ամենաթողության մատնել, թույլ տալ առանց նախագծի աշխատել, հետո բողոք-նամակներին պատասխանել, թե իբր պետությունը զգուշացնում է նրան, վերահսկում և այլն, և այլն։

Սեդրակ Բաղդասարյան - Ազգային Ժողովում հրաշալի օրենքներ կան, որոնք դատապարտում են անօրինական շինարարությունը, նաև պատմամշակութային հուշարձանների նկատմամբ ոտնձգությունը։ 2002-ից ի վեր Երևանում 29 հուշարձան է ոչնչացվել, ո՞վ է մինչև հիմա պատասխանատվության ենթարկվել. ոչ ոք։ Աֆրիկյանների շենքը քանդեցին։ Դիլանյանի լիոմոնադի գործարանը, որի բակում Խաչատուր Աբովյանի ձեռքով տնկված հսկայական կաղնին էր, քանդվեց, ծառն էլ կտրվեց։ Փակ շուկայի անօրինական շինարարության համար սեփականատիրոջը տուգանեցին 200 000 դրամ ու վերջ։ Եթե այսպես շարունակվի, շուտով կտոնենք ոչ թե Էրեբունի-Երևանի, այլ Երևան-Սիթիների հոբելյանը։

Ահարոն Ադիբեկյան - Քաղաքը կենդանի օրգանիզմ է և փոփոխություններին պետք է նորմալ վերաբերվել։ Անգլիայում, եթե պատմամշակութային որևէ շինություն խանգարում է պետության որևէ էական գործունեությանը, քար առ քար քանդում են ու այլ տեղում նույնությամբ կառուցում։ Նույն սկզբունքն է գործում Ամերիկայում։ Եթե որևէ շինություն իր ֆունկցիոնալ դերը չի կատարում, հարկավոր է այն փոփոխության ենթարկել։ Օրինակ` «Այրարատ» կինոթատրոնն ինչի՞ է վերածվել` շուկայի, բայց մի՞թե դա է այդ շինության դերը։ Նույնն էլ Փակ շուկան. այն այլևս շահութաբեր չէր։ Պետք է տարբերակ գտնել, ճիշտ նախագիծ մշակել. պահպանելով հանդերձ` այն շահութաբեր դարձնել։

Կարո Այվազյան - Դիմել ենք Երևանի քաղաքապետարանին, տարածքի սեփականատիրոջը, դատախազությանը: Վերահսկողություն իրականացնելն է մշակույթի նախարարության պարտականությունը, ոչ ավելին։ Ես ինքս պարբերաբար այցելել եմ Փակ շուկայի տարածք, լուսանկարել։ Հենց նամակներ ենք ուղարկում, շինարարությունը դադարեցվում է, բայց ժամանակավորապես, քիչ անց նորից վերսկսվում է։ Վերջին անգամ մայիսի 7-ին եմ եղել այդ տարածքում, անձամբ վկայում եմ, որ շինաշխատանքները շարունակվում էին։

Այս թեմայով