09 Մայիս 2013, 15:49
1859 |

Հաղթանակի օրագրեր. Բաղրամյանը կամիկաձեների դեմ

Պայթուցիկներն իրենց կապած ճապոնացիները նետվում էին տանկերի տակ կամ թաքնվում փոսերում ու, տանկը մոտենալուն պես, գործի գցում պայթուցիկը:

Խառատյան Հենրիկ. ՀԽՍՀ ՆԳՄ փոխգնդապետ, Հայրենական մեծ պատերազմի վետերան

Մանջուրիայում էինք: Հրամանատարիս հետ անցնում էինք փողոցներից մեկով՝ մեկ-երկու հարկանի տների արանքով, որոնց դիմաց նստած էին քաղաքի խաղաղ բնակիչները: Ես կլանված շուրջբոլորս էի նայում: Հրամանատարս բարձրաձայն ասաց. «Բաղրամյա՛ն, ի՞նչ ես աչքերդ չորս արել»: Այդ ժամանակ հավաքվածներից մեկը՝ քաղաքացիական հագուստով, հորս տարիքի մի մարդ, մոտեցավ ինձ ու հայերեն հարցրեց. «Տղա՛ս, դու հա՞յ ես»: Շատ էի զարմացել, անհավանական էր թվում, որ Հայաստանից այսքան հեռու՝ Չինաստանի հյուսիսում, կարող եմ հայի հանդիպել: Պարզվեց' Արևմտյան Հայաստանից է , 1915 թ. կոտորածից եղբոր հետ հրաշքով փրկվել է ու ճակատագրի բերումով հասել այստեղ: Խնդրում էր, որ օգնեմ' Երևան գնա, կարոտել էր հայրենիքը, լաց էր լինում երեխայի նման:

Սովորում էի Դիլիջանի միջնակարգ դպրոցում, երբ պատերազմը սկսվեց: 1942 թ. հայրս՝ Սիմոն Խառատյանը, մեկնեց ռազմաճակատ: Ես տեղափոխվեցի Երևան' ուսումս շարունակելու նախ թիվ 1 արհեստագործական, հետո թիվ 5 բանվորագործարանային ուսումնարաններում, այնուհետև գործուղվեցի Երևանի տրամվայի պարկ՝ որպես էլեկտրիկ: Հենց այստեղ էլ երկու արկածախնդիր ընկերներիս հետ որոշեցի կամավոր գրվել: Բայց ինձ չէին վերցնում. «Դեռ մի հոգի էլ պիտի նշանակենք, որ քեզ հետևի»: Այուամենայնիվ համառ էի, հասա իմ նպատակին. մի քանի անգամ դիմելուց հետո, դեռ 18 տարին չլրացած, 1944 թ. մեկնեցի բանակ:

Հորս նման որոշեցի պատերազմին որպես տանկիստ մասնակցել: Ընդգրկվեցի Բաքվի 27-րդ տանկային դպրոցի կազմում: Հենց այստեղ էլ ստացա «Բաղրամյան» մականունը: Ուսումնական մարզումների ընթացքում օրվա մեջ մեկ ժամ հանգիստ էին տալիս: Սերժանտներով դոմինո էինք խաղում: Այդ ժամանակ Հ. Բաղրամյանի ղեկավարած Մերձբալթյան ռազմաճակատը, և Գ. Ժուկովի 1-ին և 2-րդ Բելառուսական ճակատները վճռորոշ հարվածներ էին հասցնում թշնամուն, նրանց անունները բոլորի շուրթերին էր: Մեկը կատակով ասաց, թե Խառատյանը հայ է՝ թող Բաղրամյանը լինի, մյուս խաղացողն էլ ռուս է՝ թող Ժուկովը լինի, տեսնենք՝ ով կհաղթի: Հաղթեցի ես, ու այդ օրից մինչև ծառայությանս ավարտը՝ մոտ 7 տարի, ինձ բոլորը Բաղրամյան էին կանչում:

Բաքվից ուղարկեցին Գորկի քաղաքի թիվ 16 զորամաս, այնտեղ էլ մարտական տեխնիկա ստանալուց հետո պետք է մեկնեինք ռազմաճակատ: Արդեն 1945 թիվն էր, կայարաններից մեկում սպասում էինք հրամանի, մեկ էլ կրակոցներ ենք լսում, մտածում ենք՝ թշնամին է հարձակվել: Դուրս ենք թափվում տեսնում՝ մարդիկ հաղթանակն են տոնում. Գերմանային հաղթել ենք: Բայց մեզ համար պատերազմը նոր էր սկսվում: Հրաման ենք ստանում՝ շարժվել: Երբեք տեղյակ չէինք լինում՝ ուր են տեղափոխում, մտածում էինք՝ թուրքերի դեմ ենք գնում: Այնինչ հասանք Հեռավոր Արևելք: Շարժվում էինք Մանջուրիայի ուղղությամբ՝ Ճապոնիայի դեմ մարտերին մասնակցելու: Մանջուրիան երկու կողմից հարվածի տակ վերցրինք. խորհրդային զորքի մի մասը, Մեծ Խինկա լեռնաշղթան հաղթահարելով, հարվածեց թիկունքից, մենք՝ առջևից: Ճապոնացի մարտիկները մահապարտներ էին, պայթուցիկներն իրենց կապած նետվում էին տանկերի տակ կամ թաքնվում փոսերում ու տանկը մոտենալուն պես գործի գցում պայթուցիկը: Գիշերային հարձակումներ էին գործում զորամասերի, հիվանդանոցների վրա, անխնա սպանում, թունավորում ջրհորները:

Մանջուրիայից ինձ տեղափոխեցին Ռազդոլնի գյուղի զորամաս, որտեղ կազմավորվում էր նոր տանկային ուսումնական գունդ, և մենք ուսումնական մարզումներ էինք անցկացնում նորակոչիկների հետ: Պատերազմի ավարտից հետո ծառայությունս շարունակեցի Ճապոնիային սահմանակից Կրասկինայում: Ձմռանը մեքենաների շարժիչները սառելուց պաշտպանելու համար մեզ հրամայեցին ջրի և յուղի տաքացուցիչներ պատրաստել: Ես առաջադրանքը լավ կատարելու համար 45 օր արձակուրդ ստացա: Բայց այն տարիներին Կրասկինայից Երևան հասնլը 20 օր էր տևում: Այդ 20 օրվա ընթացքում ինչեր ասես, որ չանցան իմ գլխով. փողը փոխվեց, կալանավորներ տեղափոխող գնացքում հայտնվեցի, այնտեղ էլ հայ կին կալանավորի հանդիպեցի, գնացքն առանց ինձ մեկնեց' ճամպրուկներս մեջը: Մի խոսքով' մեծ դժվարությամբ հասա Երևան: Հիմա ուրիշ է, մի քանի ժամում աշխարհի մի ծայրից մյուսն ես հասնում: Վերադարձի ճանապարհն ավելի հեշտ էր, ընկերներս կարոտով դիմավորեցին ինձ: Ծառայության դժվարությունները մեզ ընտանիք էին դարձրել: Շատ լավ ռուս ընկերներ եմ ունեցել (հայեր չկային մեր դիվիզիայում): Ծառայությունս ավարտեցի 1950 թ. նոյեմբերին:

Հ.Գ. Հենրիկ Խառատյանը Երևանում ծառայել է ՀԽՍՀ ՆԳՄ համակարգի տարբեր միավորումներում: Հայրենական պատերազմին մասնակցելու ընթացքում և հետո ստացած շքանշաններին ու պատվոգրերին 2009 թ. ավելացավ ևս մեկը' «Ազնվաբարո մտահղացումների և գործերի համար» շքանշանը՝ Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ վետերանների խորհրդի կենտրոնական ապարատի կողմից: Խառատյանն ակտիվ հասարակական գործիչ է, թղթակցում է մի շարք թեթերի, Դիլիջանի անվանի մարդկանց ու Հաղարծին վանքի պատմությանը նվիրված յոթ գրքերի հեղինակ է, որոնք համարում է իր յոթ որդիները: Հենրիկ Խառատյանը նաև ստեղծագործում է. աշխատանքից ազատ ժամանակ զբաղվում է փայտից տարբեր իրեր' լուսամփոփներ, ջահեր, ամաններ պատրաստելով:

Այս թեմայով