Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ Վլադիմիր Վարտանովը զրուցելու էր եկել պաշտպանական կանաչ գույնի հագուստով: Տպավորություն էր, որ եթե, Աստված չանի, պատերազմ վերսկսվի, ինքը հաջորդ վայրկյանին արդեն մարտի դաշտում կլինի:
1987-ին ծանոթացա Արցախյան շարժման մասնակիցների հետ, իմացա, թե ինչն է խնդիրը, որն է նպատակը, այդ օրից միացա և այլևս չեմ անջատվել շարժումից: 1988-ի երկրորդ կեսին արդեն պարզ դարձավ, որ ադրբեջանցիների հետ տարաձայնությունները գնալով սրվում են: Մեզ թվում էր, թե թուրքն այլևս առաջվա վայրենի ու ջարդարարը չէ, բայց Սումգայիթի դեպքերը հակառակում համոզեցին: Այդ ժամանակ ես խորհրդային բանակի գլխավոր կենտրոնական շտաբի գլխավոր հետախուզական վարչության 12-րդ բրիգադում էի ծառայել, և քանի որ ադրբեջանցիների իրականացրած վերջին ջարդերը հայերի կողմից ատելության ալիք էին բարձրացրել, ապա մեզ ներքին կարգով հանձնարարվել էր անվտանգ կերպով դուրս բերել Հայաստանի տարածքում ապրող ադրբեջանցիներին: Իսկ ջարդերից հետո նաև զբաղված էինք հայերի դուրսբերմամբ Ադրբեջանի տարածքից:
Առաջին հետախուզական-դիվերսիոն ջոկատը
1989-ի աշնանից մասնակցեցի նաև փոխհրաձգությանը: Այդ ժամանակ գործողությունները կարգավորող «Ղարաբաղ» կոմիտեն ձերբակալվել էր, և ստեղծվել էր «Ղարաբաղ 2» գաղտնի կոմիտեն, որը շարունակում էր առաջինի գործունեությունը՝ կազմակերպելով, ուղղորդելով մեր ուժերը: Մեր խնդիրը կոմիտեի գործունեությունը, ինչպես նաև հանրահավաքների ժամանակ մարդկանց անվտանգությունը ապահովելն էր: «Ղարաբաղ 2» կոմիտեի կարգադրությամբ ես մեկնեցի Հայաստանի հյուսիս: Ես ժամանակակից պատերազմի և պարտիզանական մեթոդների մասնագետ եմ, և ինձ կարգադրվեց այդ պարտիզանական մեթոդները կիրառել հյուսիսային տարածքում տարածքում, վերահսկել և կազմակերպել նորաստեղծ ջոկատների պաշտպանական գործողությունները: «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ Շահինյան Սամվելի ու Վանո Սիրադեղյանի կարգադրությամբ հավաքվեցինք «ծառայած տղերքով» ու ստեղծեցինք նման մի կառույց, որը հետագայում լայն գործունեություն ծավալեց ադրբեջանցիներին մեր կողմը գրավելու, գաղտնի տեղեկություններ հայթայթելու ուղղությամբ: Նախքան Վազգեն Սարգսյանի՝ գլխավոր հրամանատար դառնալը մեզ ով ասես, ինչ հրաման ասես տալիս էր, և միշտ չէ, որ ենթարկվում էինք: Կազմակերպչական գործողությունները համակարգված չէին և հաճախ ինքներս պետք է կողմնորոշվեինք՝ ինչպես ավելի ճիշտ կլինի գործել: Իսկ Վազգեն Սարգսյանը շատ լավ հասկացավ մեր հատուկ նշանակության ջոկատի հնարավորությունները և լինելով հնարամիտ ու հեռատես հրամանատար՝ կարողացավ ճիշտ ուղղորդել մեր գործողությունները:
Մոնթեն իմ կյանքում
1990-ի վերջն էր, Վազգեն Սարգսյանն ինձ մի օր ասաց. «Ես քեզ մի լավ տղա կտամ, հետն էլ ևս մի քանի հոգի, բայց սփյուռքահայ է»: Ես էլ ընդհատեցի, թե սփյուռքահայն ինչի՞ս է պետք, ոչ տեղանքին է ծանոթ, ոչ էլ ռուսերեն գիտի, փաստաթղթերի հետ էլ անընդհատ խնդիրներ կունենա սահմանին, անելու բան չունի ստեղ: Բայց Վազգենը վստահ էր, որ Մոնթեն պիտանի կլինի մեր գործին: Մի օր կանչեց իր մոտ, մտա, ցույց տվեց սեղանի մոտ նստած տղային, ասաց, որ իր ասած սփյուռքահայն է: Ես թևերս մերժողական խաչեցի ու դժգոհ նստեցի. իմ պես մի քիչ ճաղատ տղա էր Մոնթեն, սկսեցինք զրուցել ու, չգիտեմ, գուցե իր գրավչությունից էր, գուցե մարդկանց հետ լավ լեզու գտնել գիտեր, բայց առաջին իսկ խոսակցությունից հետո արդեն շատ լավ էի տրամադրված իր հանդեպ, վստահեցի: Եվ հետո, ինչո՞ւ հենց ես պետք է որոշեի՝ այս մարդը ծառայի իր հայրենիքին, թե ոչ, մանավանդ, որ այդ ներուժը ուներ և հետագայում շատ ավելի մեծ հաջողությունների հասավ: Մոնթեի հետ բերած տղաներն լավ մարզված էին, պատրաստված, մեզ հետ շատ գործողությունների ենք տարել, կարգին տղերք էին՝ Արտուշը, Հովսեփը…
Մինչ կազատագրվեր Շուշին
1992-ի գարնանը, երբ սկսեց ծրագրվել Շուշիի ազատագրումը, հետախուզական-դիվերսիոն ջոկատը խնդիր ուներ ձեռնարկելու օպերացիա, որը կշեղեր թշնամու ուշադրությունը և ուժերը: Այդ նպատակով մշակվեց «Օդունդաղ» օպերացիան՝ Օդունդաղ լեռան գրավման գործողությունները: Սովորաբար ռազմական օպերացիաները բովանդակության հետ բոլորովին կապ չունեցող անուն են ունենում, որպեսզի թշնամին չկռահի դրանց իրական նպատակը, իսկ «Օդունդաղի» պարագայում դիտավորյալ նույն անունը դրեցինք, և ադրբեջանական զորքերի մի մասն իսկապես շեղեց իր ուշադրությունը Շուշիից: Բացի այդ պարբերաբար ապատեղեկատվություն էինք տարածում նաև Շուշիի գրավման վերաբերյալ: Տարածում էինք այնքան ժամանակ, մինչև որ վերցրեցինք Խոջալուն, դրանից հետո ադրբեջանական ուժերը սկսեցին հասկանալ, որ դա կեղծ տեղեկատվություն է և ապրիլի կեսերին թուլացրեցին դիրքերը, կորցրեցին զգոնությունը. դա ևս նախապայման հանդիսացավ Շուշիի ազատագրման համար: Շուշին ազատագրելուց հետո հաջորդ խնդիրը մնացած ազատագրված տարածքները պահելն էր և մինչև զինադադարի կնքումը մեր ջոկատը շարունակեց իր գործունեությունը, այդ թվում շեղող օպերացիաները, հետախույզ-դիվերսիոն և պաշտպանական գործողությունները:
Պարգևատրվել եմ Հետախուզության վետերանների պատվո շքանշանով: Այդ շքանշանն ունեմ ես, մեկ էլ Կարապետյան Սուրիկը՝ Ռազվեդչիկ Սուրոն, մի քանիսը հետմահու են պարգևատրվել: Ես հպարտ եմ այդ պարգևով ու չեմ ափսոսում, որ ուրիշ շքանշաններ կամ պարգևներ չեմ ստացել:
Ռազմի դաշտի օրենքները
Առանց վախի մարդը դիակ է: Եթե վախ չունես՝ կամ հիմար ես, կամ գիժ: Պետք է վախենաս, վախդ հաղթահարես, ինչի արդյունքում միայն կհաղթես: Եթե չես վախենում, քեզ կխփեն, խիզախաբար կզոհվես, հետո էլ քեզ կթաղեն որպես հերոսի, բայց ազգին նման ձևով ծառայել պետք չի: Մարդու մեջ գնահատում եմ մարդ լինելը: Պետք է մարդ լինել ու դրանով տարբերվել կենդանուց, որը միայն բնազդներով է առաջնորդվում:Բայց պատերազմն այնպիսի իրավիճակ է, երբ շատ հաճախ ստիպված ես լինում անել այնպիսի բաներ, որոնք մարդկայինի հետ ոչ մի առնչություն չունեն:
Ես բարի եմ, չնայած ունեմ լավ հիշողություն
Մինչև երկրորդ կոնտուզիան ստանալն ընտիր հիշողություն ունեի: Օրվա ընթացքում ինչքան ավտոմեքենա էի տեսնում, բոլորի համարանիշերը հիշում էի, իմ տեսած մարդկանց էի հիշում դեմքերով, այնպես որ ինձ համար շատ հեշտ էր անջատվել ինձ հետապնդող հետախույզներից ու լրտեսներից: Կարծում եմ՝ մինչև պատերազմի ավարտական փուլը ըստ արժանվույն ծառայեցրել եմ հիշողությունս: Չկա այնպիսի արարք, որը չեմ ների: Ես դավաճանությունն էլ եմ ներել ու ներում, որովհետև մարդը կարող է սխալվել, կարող է թուլություն դրսևորել: Շատ թուրքեր են եղել, ում ես մեր զորքերին եմ ծառայեցրել, և ես շատ լավ հասկանում եմ, որ հայերի մեջ էլ գտնվել են այդպիսիք, ում ադրբեջանցիներին են ծառայեցրել: Այն միջոցները, որոնք կիրառում ես մարդուն «որակազրկելու», «փչացնելու» համար, նույն հաջողությամբ կարող են կիրառել քո հարազատի, մտերիմի հանդեպ, ոչ մեկ ապահովագրված չէ դրանից:
Որպես օրինակ
Ես շատ եմ սիրում մեր հայ ֆիդայիներին, ովքեր շուրջ 100 տարի առաջ ղեկավարել ու իրականացրել են ինքնապաշտպանական մարտերը, ում պարտական ենք մեր մայիսյան հաղթանակներով: Իրենցից շատերի հետ կուզենայի հանդիպել, մեկ էլ մի մոլդովացի ավազակ կա, Քաղաքացիական պատերազմի մասնակից, իրեն շատ եմ հավանում ու կուզենայի հանդիպել, Գրիգորի Կոտովսկին է. քիչ մարդկանցից էր, ովքեր թալանում էին, բայց իրենց գրպանը չէին դնում:
Երբ հայտնվեմ Աստծո առջև, կխնդրեմ, որ ինձ ների իմ արածների համար: Իրականում ես դրանց համար չեմ զղջում, պարզապես գիտակցում եմ, որ դա մեղք է, բայց հանուն ազգի կարելի է նաև մեղք գործել: