Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ զրույցին երկար էի պատրաստվում: Շարունակ մտածում էի, թե ինչ նոր բան նա կարող է ասել Արցախյան ազատամարտի և Շուշիի ազատագրման մասին, այդ ո՞ր Կոմանդոսին մենք դեռ չենք ճանաչում: Խնդրեցի պատմել՝ ինչ էր նրա համար արցախյան շարժումը, և ինչպես դարձավ ռազմական գործողությունների մասնակից:
Ես դեմ էի
«Շատերը գլուխ են գովում, թե ղարաբաղյան շարժման հենց սկզբից այնտեղ են եղել, գնացել են հանրահավաքներին և այլն: Ես չեմ մասնակցել, որովհետև դեռ չէի ընկալում՝ ինչումն է բանը,- պատմում է գնդապետը:- Ես ծնվել եմ Թբիլիսիում, սովորել Բաքվում, հետո՝ Լենինգրադում: Իսկ ծառայությունս անցել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում ու Բելոռուսիայում: Հայաստան եկել եմ միայն 1987-ին: Ես սովետական մարդ եմ, իմ հայրենիքը Խորհրդային Միությունն էր, որտեղ ոչ մի վատ բան չէի տեսել և որին ռազմական երդում էի տվել ու հավատարիմ էի դրան: Երբ 1988-ին սկսվեց ղարաբաղյան շարժումը, հանրահավաքներին պարտաճանաչ գնում էր կինս՝ Հասմիկը, թեև ես դեմ էի:
Ո՞վ, եթե ոչ մենք
1990թ. փետրվարին Ստեփանակերտին դեղորայք մատակարարելու անհրաժեշտություն եղավ և այն հասցնելու համար սլավոնական արտաքինով, ռուսերենի իմացությամբ զինվորական էին փնտրում: Ես համապատասխանում էի այդ չափանիշներին, հագա գնդապետի հագուստս և մեկնեցի Ստեփանակերտ: Այնտեղ էլ ականատես եղա, թե ինչպես էին վերաբերվում հայերին, տեսա գազանություններ, մի քանի վայրերում սահմանին արդեն փոխհրաձգություն էր ընթանում, իսկ անձնագիրս ստուգող ռուսները խորհուրդ էին տալիս չբարձրաձայնել ազգությանս մասին: Այդ ժամանակ էլ հասկացա, որ այլևս չեմ կարող անմասն մնալ այդ իրադարձություններից, հավատացի, որ այն, ինչ գրում էին թերթերում ադրբեջանցիների նենգության ու վայրենությունների մասին, չափազանցված չէր:
Երբ վերադարձա Երևան, ինձ էլ, կնոջս էլ կանչեցին «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատ: Այլ հարց, թե ինչու հրահրվեց այդ պատերազմը, բայց փաստն այն էր, որ պետք էր պաշտպանել մեր հողն ու մեր ժողովրդին, և ո՞վ պետք է դա աներ, եթե ոչ մենք:
Շուշիից առաջ և հետո
Սկզբում ես կարծում էի, որ երբ կարողանանք ազատագրել Շուշին, հաջորդ քայլը լինելու է նոր տարածքների ազատագրումը, գրոհը կշարունակվի: Բայց Շուշիի ազատագրումից հետո պարզ դարձավ, որ մեր խնդիրն այլևս գրաված տարածքները պաշտպանել ու պահպանելն է: Մեզ պարզապես հեռացրեցին մարտի դաշտից և թույլ չտվեցին շարունակել առաջխաղացումը. պատճառները տարբեր են, և հիմա այդ մասին խոսելու կարիք չկա: Ես միշտ ասում եմ՝ ես զինվորական եմ, քաղաքական գործիչ չեմ և կարող եմ սխալվել քաղաքականության այս կամ այն հարցերում: Ես սխալվեցի այն հարցում, որ ԽՍՀՄ-ը չի փլուզվելու, բայց ես ճիշտ էի, երբ զենք վերցրեցի ձեռքս ու գնացի պաշտպանելու մեր հողերը:
Գործն է անմահ
Կան մարդիկ, որոնց անունները քիչ է հիշատակվում, բայց նրանց դերը պատերազմի ընթացքում պակաս չի եղել: Առաջիններից մեկը պետք է նշեմ Վալերի Չիտչյանին: Շուշիի ազատագրման ժամանակ 5 խոշոր խմբավորումներից մեկը Վալերին էր ղեկավարում և հենց նրա հրամանատարությամբ խմբավորումը կարողացավ մտնել քաղաք: Նա հետմահու պարգևատրվեց «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Նա իսկապես հերոս էր: Վալերի Բալայանը զբաղեցնում էր նույնպիսի պաշտոն Արցախում, ինչպիսին Հայաստանում Վազգեն Սարգսյանը: Մալիբեյլուն նրա շնորհիվ ազատագրվեց, իսկ պատերազմի ավարտից հետո նրան պարգևատրելու փոխարեն բանտարկեցին: Յուրա Հովհաննիսյանը թե' Շուշիի գործողության ժամանակ, թե' մյուս գործողությունների ժամանակ գերազանց դրսևորեց իրեն:
Երեք խաչի զորություն
Քրիստոնյա եմ, և մեկի տեղը երկու խաչ եմ կրում: Մեկը խաչված հրացաններով է, որովհետև ուժն է ամեն ինչ ծնում, ցավոք սրտի, իսկ մյուսը հավասարաթև խաչ էր, կինս է նվեր բերել Երուսաղեմից:
- Իսկ քո վզին ի՞նչ խաչ է, - հետաքրքրվեց Կոմանդոսը:
- Եղբորս խաչն է, զինվորական ծառայության մեկնելուց առաջ ինձ վստահեց, որ աչքի լույսի պես պահեմ: Ի դեպ, Արցախում է ծառայում, շուտով կվերադառնա:
- Շատ լավ է: Մեր զինվորներին՝ ամուր ոգի, իրենց ուսերին մեծ բեռ է ծանրացած, թող բարով ծառայեն խաղաղ երկնքի տակ: