Ականատեսների պնդմամբ՝ ոչ ոք այլևս հույս չուներ, որ կենդանի կմնա, մինչդեռ նա քերծվածք անգամ չէր ստանում:
Կյանք առաջին
1992-ին ծանր մարտեր էին մղվում Կրկժանի համար: Ադրբեջանցիներն այստեղ պինդ էին դիրքավորվել ու գիտակցում էին, որ այս հենակետի կորուստը կթուլացներ Շուշիում իրենց դիրքերը: Այդ պատճառով էլ հուսահատ դիմադրություն էին ցույց տալիս:
Ջոկատը, որտեղ 20-ամյա Լոլոն էր (Լևոն Մովսիսյան), գրեթե գրավել էր ադրբեջանական դիրքերը: Մնացել էր մի փոքր բլուր, որի մի կողմում մերոնք էինք, մյուսում՝ ադրբեջանցիները: Միմյանց կրակի տակ չընկնելու համար երկու կողմերից նռնակներ էին նետում: Մերոնց երբեմն հաջողվում էր դրանք բռնել ու հետ շպրտել: Նռնակներից մեկը հանկարծ ընկավ Լոլոյի և հրամանատար Արթուր Ալեքսանյանի միջև: Լոլոն ուզեց բռնել այն, բայց ձախլիկ էր, աջ ձեռքով չկարողացավ: Երկար մտածելու ժամանակ չկար՝ վայրկյանների հարց էր. Լոլոն պառկեց նռնակի վրա: Պայթյունը նրան մի կողմ նետեց: Բոլորը համոզված էին, որ մահացավ, բայց Արթուրը շոշափեց զարկերակն ու զգաց, որ խփում է: «Շու՛տ հիվանդանո՛ց », - գոռաց նա:
Կյանք երկրորդ
Ստեփանակերտում Լոլոյին վիրահատեցին: Նույնիսկ լուսանկար կա, որտեղ նա վիրահատական սեղանին պառկել ու կիծքին պինդ սեղմել է ինքնաձիգը: Ծանր վիրահատությունից հետո ուշքի եկավ պալատում, անկողնու կողքին տեսավ հարազատ եղբայրներին՝ Առաքել (Շմայս) և Մուշեղ Մովսեսյաններին: Սիրտը տեղն ընկավ, երբ կողքին նկատեց ինքանձիգը:
Մի քանի ժամ հետո Լոլոն, մի ձեռքում ինքնաձիգը, մյուսում ֆիզլուծույթի տոպրակը, փորձեց հիվանդանոցից ռազմաճակատ փախչել: Մոտ երեսուն մետր անցավ ու ուշաթափվեց: Բարեբախտանար, նրան արագ գտան ու վերադարձրեցին հիվանդանոց: Եվս մեկ ծանր վիրահատություն, որից հետո եղբայրները սկսեցին հերթով հսկել, որպեսզի նա հանկարծ ու նորից չփորձի փախչել դիրքեր:
Կյանք երրորդ
Օդանավականն արդեն հսկում էին Արցախի ինքնապաշտպանության ուժերը, այստեղ իջնում էին Երևանից ժամանած ЯК-40 ինքնաթիռները: Բերում էին վառելանյութ, զինամթերք ու դեղորայք և տանում երեխաներին ու վիրավորներին: Որոշել էին նրանց հետ Լոլոյին էլ հետ ուղարկել: Մուշեղն ու Առաքելը նրան բերեցին ինքնաթիռի մոտ, և պատգարակով տեղավորեցին ներսում: Մյուս վիրավորներին տեղավորելու ժամանակ օդանավակայանն ընկավ ուժեղ ռմբակոծության տակ: Արկերից մեկը դիպավ ինքնաթիռի թևին: Կրակ բռնկվեց, որ ամեն վայրկյան կարող էր հանգեցնել պայթյունի՝ սպանելով բոլոր վիրավորներին: Մարտիկները նետվեցին նրանց փրկելու: Լոլոյի հերթն ամենավերջում հասավ: Հազիվ էին հասցրել եղբայրները նրան պատգարակով հանել այրվող ինքնաթիռից ու մոտ երեսուն մետր հեռանալ, երբ վերջինս պայթեց ու այրվեց մինչև վերջ:
Լոլոյին հետո ուղղաթիռով հասցրին Երևան ու տարան հիվանդանոց: Մի քանի վիրահատություն էլ այնտեղ արեցին: Էլ չէին թողնում առաջին գիծ գնալ, բայց նա միևնույնն է, նորից ձեռքն առավ սիրելի ինքնաձիգը:
Կյանք՝ պատերազմից զերծ
Լոլոն հետո էլ մի քանի անգամ այնպիսի քաշքշուկների ու վթարների մեջ հայտնվեց, որ ականատեսների պնդմամբ՝ ոչ ոք այլևս հույս չուներ, որ կենդանի կմնա, մինչդեռ նա քերծվածք անգամ չէր ստանում: Հիմա Լոլոն ապրում է հարազատ Այգեկ գյուղում, ու աղոտ կասկածներ կան, որ նրա հարազատ ինքնաձիգը ինչ-որ մի տեղ մոտակայքում է: