09 Մայիս 2013, 00:46
3799 |

Ծովակալը

Հայաստանը Տիգրան Մեծից հետո ծով չէր տեսել, սակայն հայ ժողովուրդը շարունակում էր թախիծով հիշել ծովից ծով հայրենիքի մասին: Երևի հենց այս գենետիկ հիշողությամբ էլ Իվան Ստեփանի Իսակովն ընտրեց կյանքի ճանապարհը:

Ազդրի մեջ կարված նամակը
1877-1878-ի ռուս-թուրքական պատերազմն էր: Գեներալ Արզաս Տեր-Ղուկասովը, գրավելով Բայազետի բերդն ու թողնելով այնտեղ գնդապետ Կովալևսկու կայազորը, շարժվեց դեպի Իգդիր: Նրա բացակայության ժամանակ թուրքական զորքերը պաշարեցին քաղաքը: Բայազետում չկար ջուր ու սննդամթերք, զենքի պաշարներն էլ սուղ էին: Միակ հույսն այն էր, որ Տեր-Ղուկասովը կիմանա պաշարման մասին ու օգնության կհասնի: Մեկ էլ հանկարծ մի գիշեր բերդի պարիսպների մոտ քրդական շորերով մի մարդ հայտնվեց: Օղապարանը գցելով պարսպի ատամին՝ ներս սողոսկեց ու հայտնեց, որ ազդրի մեջ նամակ է կարված: Ռազմական բժիշկը հիվանդանոցում բացեց թարմ կարն ու վերքից հանեց փամփուշտ, որի մեջ ծխախոտի թղթի կտոր գտան: Վրան գրված էր՝ «Իգդիրից գալիս եմ ձեզ մոտ: Մեկ ոտքս այստեղ է, մյուսն այդտեղ: Շտապում եմ գալ, օգնել ջարդելու խուժանը: Հարգանքներով՝ Արզաս Տեր-Ղուկասով»: Հանուն Բայազետի փրկության կյանքը վտանգած ծեր հետախույզը Եգոր Իսահակյանն էր՝ Հովհաննես Իսահակյանի՝ հետագայում ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովի պապը: Ապագա ծովակալի հայրն էլ էր ռուս-թուրքական պատերազմի հերոս. սակրավոր Ստեփան Եգորովիչը մեդալ ստացավ «Կարսի գրավման» համար: Հովհաննես Իսահակյանը հորը կորցրեց վաղ տարիքում: Բաքվի խռովությունների ժամանակ այրեցին շենքը, որտեղ բնակվում էին Ստեփան Եգորովիչի ենթակա երկաթուղայինները: Գիշերը միայն սպիտակեղեն հագած Ստեփանն օգնում էր դուրս բերել այրվող տնից երեխաներին և ծերերին: Արդյունքում սրվեց ասթման, և նա մահացավ թոքերի ծանր այտուցից:

Անկոտրում կամքի դրսևորումը
Իվանը մանուկ հասակում ընտանիքի հետ միասին հարազատ Կարսից տեղափոխվեց Թբիլիսի, որտեղ վերջնական որոշում կայացրեց նվիրվել ծովային գործին ու գնաց Պետերբուրգ՝ ընդունվելու Ծովային կորպուս: Սակայն այնտեղ մերժեցին, թե՝ «այդպիսիներին չենք ընդունում»: Ճանապարհային տեխնիկի որդուն չէին կարող ընդունել ազնվականների արտոնյալ վարժարանը: Բայց նա մնաց մայրաքաղաքում և ընդունվեց Տեխնոլոգիական ինստիտուտ: Ապրում էր Վասիլևսկի կղզում՝ շենքի կտուրի տակի խղճուկ ութ քառակուսի մետրանոց կացարանում: Ուներ մեկ հետաքրքրություն՝ գրականություն, ու մեկ երազանք՝ ծով: Բայց չէ՞ որ այս տարիքում բոլորն են տարվում երազանքներով: Մի անգամ դասի ժամանակ դասախոսը նկատեց, որ Իսակովը գլուխը թեքել, նայում է նստարանի տակ: «Էլի կարդում է», - մտածեց ու կանչեց գրատախտակի մոտ խնդիր լուծելու: Իսակովը լուծեց այն ու զանգից հետո հետ ստացավ գիրքը. ծովակալ Մակարովի «Ծովային մարտավարության վերաբերյալ մտորումներ» աշխատությունն էր:

Իսակովն արհարմարհեց մերժումն ու նորից փորձեց ընդունվել Ծովային կորպուս ու նորից մերժվեց: Հետո պատահմամբ շենքերից մեկի վրա երկաթե վահանակ տեսավ՝ «Բալթիկ նավատորմի գարդմարինների առանձին դասընթացներ»: Նորաբաց այս հաստատության միջոցով փորձում էին նավատորմն ուժեղացնել. ընդունում էին ոչ միայն ազնվականների, այլև հասարակության բոլոր շերտերին պատկանող այլ երիտասարդների: 1914-ի օգոստոսին Իսակովը դարձավ նավատորմի յունկեր, երեք ամիս հետո էլ՝ դասընթացների ունկնդիր: Սկսվեց նոր կյանք՝ պետք էր կարգապահությանը ընտելանալ: Սակայն ծով տանող ճանապարհի ամենամեծ խոչընդոտն արդեն հաղթահարված էր: Հոգնեցուցիչ անգիրներին, սեղանի մոտ կամ գրադարանում անց կացրած ժամերին հաջորդում էին բարձերով կռիվները, ճաշի ժամի կատակները ու «Խնայողություն» ծաղրական անունով խանութում գնումները: Իսակովը երջանիկ էր:

«Պետրոպավլովսկի» պայթյունից տուժածը
Մի անգամ քեռու հետ զբոսնելիս Իվանը հանդիպեց ծովային բաճկոն հագած մի բարձրահասակ տղամարդու: Քեռին շշնջաց, «Շլիփփեն է. ծովային է, բայց տառապում է ջրավախությամբ… Կարդացե՞լ ես՝ ինչպես մահացավ ծովակալ Մակարովը: Անպայմա՛ն կարդա»: Երեկոյան Իսակովն եկավ սպայական գրադարան: Հերթապահը թույլ տվեց, որ մտնի՝ չնայած կանոնակարգով արգելված էր գիշերը կարդալ: «… ապրիլի 13-ի առավոտ: Ժամը 9 անց 39-ին հանկարծ պայթեց «Պետրոպավլովսկը»: Փրկվեցին մեծ իշխան Կիրիլ Վլադիմիրովիչը, Շմիթ, Յակովլեվ, Շլիփփե միչմանները… Ջրից դուրս բերված իրերի մեջ գտան ծովակալ Մակարովի վերարկուն, քարտեզների կապոց ու այլ իրեր…»: Այդ պահին մոտեցավ հերթապահը, «Շատ պե՛տքդ են անցյալի ցավերը: Մոռացել ե՞ս, որ ոսկին սուզվում է, իսկ ***ը ջրի երես գալիս»: Հետո նա զեկուցեց լեյտենանտ Դանշիվսկիին, «Իմ հերթապահության օրոք արտակարգ պատահարներ չեն գրանցվել: Ուղղակի «Պետրոպավլովսկ» զրահակիրը նորից պայթեց… տուժեց միայն մեկ գարդմարին: Հատուկ օգնության կարիք չունի՝ ինքն իրեն կանցնի, բայց կոնտուզիան, կարծում եմ, ամբողջ կյանքը կմնա»: Երևի հենց այդ օրից հայ ծովային Իսակովը որոշեց դառնալ ոսկի, որը չի սուզվում:

Նավատորմի կադետ, 1917
Նավատորմի կադետ, 1917

«Այսօրվա նավատորմը նման է հասարակաց տան»
1917-ին՝ ավարտական քննություններից հետո, Իսակովը ստացավ միչմանի կոչում և ուղղորդվեց «Իզյասլավ» նոր մինակիր, որտեղ արժանացավ սառը ընդունելության: Կապիտան Շևելյովի «այսօրվա նավատորմը նման է հասարակաց տան» խոսքերը հենց Իսակովին էին ուղղված: Սակայն այլ էր նավաստիների վերաբերմունքը, ովքեր նրան ընդգրկեցին իրենց ընկերական միջավայրն ու օգնեցին գործնականում կատարելապես տիրապետել ծովային գործին: Անցան օրեր: Իսակովին նշանակեցին վերահսկիչ: Պարենի հաշիվները մեկը մյուսի հետևից հայտնվում էին նրա սեղանին: Մի անգամ Իսակովին փորձեցին կաշառել, բայց վերջինս այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ էլ ոչ ոք երբևէ նման փորձ չարեց: Յուրացումների թիվը դրանից չպակասեց, բայց անձնակազմը, միևնույնն է, հպարտությամբ էր հիշում Իսակովի կռիվը:

Սառցային արշավը
Իսակովը ծառայում էր «Իզյասլավ» էսկադրոնային մինակրի վրա, երբ 1918-ին գերմանական նավատորմը դեսանտ իջեցրեց ու գրավեց Գանգե նավահանգիստը: Միակ ճանապարհն անցնում էր ֆիննական ծոցով: Գերմանացիները գիտեին, որ տարվա այս պահին սառույցի շերտն այնտեղ մեկ մետրից հաստ էր, ու որ խորհրդային Ռուսաստանի սառցահատները սակավաթիվ էին: Բայց բոլշևիկները հրամայեցին ամեն գնով դուրս բերել այն նավերը, որոնք կարող էին անցնել ծոցի սառույցների միջով, իսկ մնացածը՝ խորտակել: Օպերացիան անվանեցին «Սառցային արշավ»: «Իզյասլավի» վրա այդ պահին հաստիքով նախատեսված 170 հոգուց 70-ն էր ներկա: Նավից փախել էր նույնիսկ դիվիզիոնի պետ առաջին կարգի կապիտան Շևելյովը: Չկար նաև հրամանատարը՝ երկրորդ կարգի կապիտան Լեոնտևը: Սակայն սպաների մի մասն այնուամենայնիվ մնաց անձնակազմի հետ: Նավաստիները դիմեցին ավագ լեյտենանտ Յումմեին՝ առաջարկելով ստանձնել նավի հրամանատարությունը: Յումմեն համաձայնեց: Ավագ սպայի պաշտոնն էլ շնորհեցին երիտասարդ միչման Իսակովին: Արշավն ընթանում էր արտասավոր բարդ պայմաններում: Յուրաքանչյուրն ստիպված էր աշխատել երեք մարդու փոխարեն, նիհար-բարակ Իսակովն էլ չէր իջնում նավապետի կամրջակից՝ հեռադիտակով զննելով սառույցների մեջ ձգված նավերի քարավանը: Երիտասարդն իր անվրդովվությամբ ոգևորում էր ամբողջ անձնակազմին: Քանի՜ անգամ թվաց, որ նավի դուրգամները չեն դիմանա սառցաբեկորների ճնշմանն, ու էսկադրոնային ականակիրը ծովի հատակը կիջնի: Զարմանալի էր, բայց նավակողերը դիմանում էին, կարծես անձնակազմի ոգևորությունը փոխանցվել էր նավի պողպատին: Ծովակալության տարիներին Իսակովն «Իզյասլավն» իր առաջին սերն անվանեց: Անցած դժվարությունները միավորեցին անձնակազմը. նախկին ծառայակիցները երկար տարիներ պահում էին նամակագրական կապը: Միչման Իսակովը ծովակալ Իսակովից միայն աստիճանով էր տարբերվում:

Կուստոմսը
Իվան Իսակովը 1924-ին դեռ անկուսակցական էր: Հրամանատարի հարցերին պատասխանում էր, «Այն ժամանակ չմտա բոլշևիկների կուսակցություն, քանի որ քիչ բան գիտեի դրա մասին, իսկ հիմա, երբ մեր կուսակցությունն իշխանության է եկել, երբ անդամագրվում են ոչ միայն լավագույններն, այլև տարբեր ստահակներ, չեմ ուզում, որ ինչ-որ մեկի մտքով հանկարծ անցնի, թե շահադիտական նպատակներով եմ ուզում անդամ դառնալ»: Նման բնույթի հարցերին Իսակովը հետո պատասխանում էր, որ կուսակցություն կմտնի «միայն այն դեպքում, երբ երկիրը կանգնած լինի պատերազմի վտանգի առջև: Այդ ժամանակ էլ ոչ ոք չի կարողանա ասել, որ իրենց սպիտակ սպան է մարտի առաջնորդում»: Իվան Իսակովը կատարեց խոսքը. կուսակցության անդամ դարձավ 1929-ին, երբ Արևմուտքում ֆաշիստները սկսեցին իշխանության ձգտել, իսկ Հեռավոր Արևելքում ճապոնացիների ռազմական սադրանքներն դարձան ավելի հաճախակի:

Իվան Իսակովը կնոջ հետ
Իվան Իսակովը կնոջ հետ

Մեծ Հայրենականը
Երբ 1941-ին սկսվեց Մեծ Հայրենական Պատերազմը (հուլիսից հոկտեմբեր), Իսակովը որպես գլխավոր հրամանատարի տեղակալ ու Հյուսիսարևմտյան ուղղության Զինվորական խորհրդի անդամ ղեկավարում էր բանակն ու նավատորմը Մերձբալթիկայի, հետո Լենինգրադի պաշտպանության ժամանակ: Զբաղվեց Օսինովեցի բազայի ստեղծմամբ, պատրաստեց դեսանտ Լադոգա լճում, մեծ դեր կատարեց Լադոգայի, Օնեգայի, Չուդական և Իլմենյան ռազմական նավակազմերի, Կյանքի ճանապարհի ստեղծման գործում, Շլիսելբուրգի պաշտպանությունում: Խորհդրային Միության մարշալ Գեորգի Ժուկովը հետևյալն էր գրում, «Ռազմածովային ուժերի տեղակալս Իվան Ստեփանովիչ Իսակովն էր: Խորապես համոզված եմ, որ նա Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի ակնառու և տաղանդավոր հրամանատարներից էր: Բալթիկայի նավատորմի հրամանատարի հետ նա լենինգրադյան ռազմաճակատի ամրապնդման համար կազմավորեց ծովային հետևակի բրիգադաներ: Ծովակալ Իսակովն ու հրետանու հրամանատար գեներալ Սվիրիդովը ռեկորդային կարճ ժամանակում կազմակերպեցին բանակի և նավատորմի հրետանու համագործակցությունը՝ հնարելով լավ մեթոդներ մանավանդ հակամարտկոցային կրակի համար»: Շլիսելբուրգի մոտ Իսակովը կոնտուզիա ստացավ ու ընդմիշտ կորցրեց ձախ ականջի լսողությունը: Հոկտեմբերի 24-ին դադարեց հակառակորդի առաջխաղացումը Լենինգրադի ուղղությամբ: Միայն այդ ժամանակ ծովակալին կանչեցին Մոսկվա՝ կատարելու Գլխավոր ծովային շտաբի պետի պարտականությունները: Բայց Իսակովը Մոսկվայում երկար չմնաց. շատ չանցած՝ նրան ուղարկեցին հարավ՝ օգնելու կազմակերպել Կերչ-Թեոդոսիա օպերացիան: 1942-ի ապրիլին նա նշանակվեց հրամանատարի տեղակալի, իսկ նույն թվականի օգոստոսին՝ Անդրկովկասյան ճակատի ռազմական խորհդի անդամի պաշտոնին: Իսակովի առաջադրանքն էր կոորդինացնել սևծովյան նավատորմի, ազովյան ու կասպյան նավակազմերի գործողությունները ռազմաճակատի օպերացիաների հետ: Նա դարձավ Կովկասի համար մղվող պայքարի գլխավոր դերակատերներից մեկը՝ բազմիցս ընկնելով կրակի տակ: 1942-ի հոկտեմբերի 4-ին Իսակովը գնաց Տուապսե, երբ գերմանացիները առաջանում էին քաղաքի ուղղությամբ: Գոյթխի լեռնանցքի մոտ երկնքում հայտնվեցին ֆաշիստական ռմբակոծիչները: Սովորաբար ռմբակոծում էին նավահանգիստն ու քաղաքը, բայց այս անգամ էսկադրիլիան թեքվեց մայրուղու ուղղությամբ ու ռումբերի տարափ տեղաց: Բոլորից շատ տուժեց Իվան Իսակովը. ռումբի բեկորը մխրճվել էր աջ ոտքի մեջ: Վիճակը շատ ծանր էր: Հիվանդանոց կարողացան հասցնել միայն երկու օր հետո: Փտախտի պատճառով ստիպված եղան անդամահատել ոտքը: Վիրահատում էին շտապելով, առանց ցավազրկման, ինչի պատճառով էլ հետո ստիպված եղան կրկնել վիրահատությունը:

Իշխանության անատոմիան
Խաղաղության առաջին տարվա ձմեռն էր. հաշմանդամի սայլակին հայտնված Իսակովը կենտրոնացած աշխատում էր, ի մի բերում անցած պատերազմի փորձը: Մտորումներից նրան կտրեց հեռախոսի անսպասելի զանգը, որը գիշերվա լռության մեջ է՛լ ավելի զիլ հնչեց. երեքն անց քսան էր: Իսակովին Ստալինն էր կանչում: Երկրի զինված ուժերի զարգացման մասին ընդհանուր քննարկումից հետո հարցը հասավ ռազմածովային խնդիրներին: Գլխավոր քարտուղարի հարցն անսպասելի էր.
- Ընկե՛ր Իսակով, ի՞նչ կասեք, եթե Ձեզ նորից նշանակենք Գլխավոր ծովային շտաբի պետ:
- Ընկե՛ր Ստալին, - պատասխանեց Իսակովը, - ոտքիցս զրկվել եմ, դժվարանում եմ նավեր բարձրանալ:
Ստալինը խոժոռվեց.
- Ավելի լավ է այդ պաշտոնին մեկ ոտքով, բայց գլխով մարդ ունենալ, քան երկու ոտքով ու անգլուխ: Պե՛տք չէ շնորհակալություն հայտնել վստահության համար՝ մենք Ձեզ վստահում ենք:

Ոչ թե անառակ, այլ իսկական որդին
1953-ի աշնան մի օր Հայաստանի մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ Աշոտ Հովակիմյանը Մոսկվայից նամակ ստացավ. նավատորմի ծովակալ Իսակովը հոկտեմբերի սկզբին պատրաստվում էր կնոջ հետ գալ Երևան: Սա նրա առաջին այցն էր Հայաստան: Ամուսինները ժամանեցին գնացքով: Վագոնից իջավ հենակներով և քաղաքացիական հագուստով բարձրահասակ տղամարդ: Հաջորդ օրը ծովակալն եղավ Մատենադարանում, որտեղ ծանոթացավ Ավետիք Իսահակյանի ու Մարտիրոս Սարյանի հետ: Այցելեց Էջմիածին՝ հանդիպելով Գևորգ Զ կաթողիկոսին: Առաջինը Իսակովը խոսեց.
- Որպես հայ ազգի անառակ որդի չէի կարող չգալ Էջմիածնի մայր տաճար: Շնորհակալ եմ Ձեզ և բոլոր նրանց, ում շնորհիվ իրականացավ այս հանդիպումը:
- Սիրելի՛ ծովակալ, հաշվի առնելով, որ ինձ հյուր եք եկել, ինձ թույլ կտամ խոսել մեր երկուսիս հարազատ հայերենով և կխնդրեմ, որ անհրաժեշտության դեպքում թարգմանեն: Առաջին հերթին ուզում եմ նշել, որ Դուք հայ ազգի ոչ թե անառակ, այլ իսկական որդին եք, - պատասխանեց կաթողիկոսը:

«Իմ միակ դեղը»
Ծանր վիրահատությունը ուժեղ հարված հասցրեց ծովակալի առողջությանը: Իսակովի բժիշկ Տատյանա Լեբեդևան պատմում էր, որ սովորաբար, երբ ոտքի գրեթե չդադարող ցավը տեղի էր տալիս, Իսակովը միանգամից անցնում էր գործի: Երբ փորձում էին արգելել, պատասխանում էր, «Եթե դեղերն անզոր են, ինձ, խնդրում եմ, աշխատանքի մեծ չափաբաժին տվեք. դա է իմ միակ դեղը»:

Երկար էի փնտրում ծովակալի կյանքի վերջին ժամերի մասին տեղեկություններ: Չոր ու ուռճացված արտահայտություններից բացի ոչինչ չգտա: Դե, վերջը չպատմելու համար ամենալավը սկիզբ վերադառնալն է: Իսակովը, երբ դեռ ծովակալ չէր, այլ 19 տարեկան պատանի էր, հայտնեց Պետերբուրգ գնալու իր որոշման մասին: Հրաժեշտից առաջ ընտանիքը պատրաստեց նրա ճամպրուկը: Իսակովի սիրտը սկսեց ուժգին բաբախել, երբ ճանապարհին բացեց այն. մեջը պատյանով ծովային հեռադիտակ ու արջնած պողպատից ձեռքի ժամացույց էր դրված…

Հովհաննես Իսահակյան (Իվան Իսակով)

Ծնվել է 1894-ի օգոստոսի 22-ին Կարսի մոտակայքում գտնվող հայկական Աջիքենթ գյուղում:
1913-1917 - հաճախել է Գարդմարինների առանձին դասընթացին
1917 – Նշանակվել է ծառայության «Իզյասլավ» էսկադրոնային մինակրի վրա:
1922-1923 - Սև ծովի հսկողության և կապի ծառայության հարավային բաժնի պետ:
1924-1925 - «Կորֆու», ավելի ուշ «Պետրովսկի», հետո «Ժելեզնյակով» էսկադրոնային մինակրերի հրամանատար:
1926-1928 – Սև ծովի ծովային ուժերի օպերատիվ բաժնի շտաբի պետ:
1928-1929 – Սևծովյան նավատորմի շտաբի հրամանատարի օպերատիվ հարցերով տեղակալ:
1935-1937 – Ավագ դասախոս, ռազմածովային ավիացիայի ռազմավարության և օպերատիվ արվեստի ամբիոնի ավագ ղեկավար:
1936 - «1914-ին Ցինդաոյի դեմ ճապոնացիների օպերացիան» գրքի հրատարակումը:
1937 – Ռազմածովային գիտությունների թեկնածու:
1938 - Կարմրադրոշ Բալթիկ նավատորմի շտաբի պետ, հրամանատար և ռազմական խորհրդի անդամ:
1939 – ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի ժողովրդական կոմիսարի առաջին տեղակալ: Ֆինլանդիայի հետ կոնֆլիկտի սկսվելուց հետո կոորդինացնում էր նավատորմի գործողությունները ռազմաճակատի հետ և մասնակցում ռազմական գործողություններին:
1940 – Շնորհվում է նավատորմի ծովակալի կոչում:
1941 – Ենթարկվում է կոնտուզիայի Շլիսելբուրգի մոտ:
1941 - Գլխավոր ծովային շտաբի պետ:
1942 – Վիրավորվում է ոտքից, ենթարկվում անդամահատման վիրահատության:
1944 - Շնորհվում է Խորհրդային Միության ծովակալի կոչում:
1944-1945 – Գերմանիայի կապիտուլյացիայի պայմանների պատրաստման Կառավարական հանձնաժողովի անդամ:
1946-1947 - Գլխավոր ծովային շտաբի պետ, ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարի տեղակալ:
1947-1950 – Ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարի տեղակալ պատերազմի փորձի ուսումնասիրման և կիրառման գծով: Շնորհվում է ռազմավարության և օպերատիվ արվեստի պրոֆեսորի կոչում: Դառնում է նաև Գիտության և գյուտարարության բնագավառում պետական պարգևների հանձնաժողովի և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Աշխարհագրական ընկերության անդամ:
1958 – ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ:
1958-1967 – ԽՍՀՄ պաշտպանության նախարարության Գլխավոր տեսուչների խմբի գլխավոր տեսուչ:
1967 – Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ:
Իսակովը մահացավ 1967-ի հոկտեմբերի 11-ին Մոսկվայում: Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը:

Պարգևներ

1. Կարմիր աստղի շքանշան Բալթիկայից հյուսիս նավերի տեղափոխման կառավարական առաջադրանքի կատարման համար:
2. Կարմիր Դրոշի շքանշան սպիտակ ֆինների դեմ ռազմաճակատում հրամանատարության ռազմական առաջադրանքների օրինակելի կատարման և ցուցաբերած արիության ու քաջության համար:
3. ԽՍՀՄ առաջին կարգի պետական մրցանակ «Ծովային ատլաս: Նավիգացիոն-աշխարհագրական քարտեզներ» գիտական աշխատության համար
4. Լենինյան շքանշան ԽՍՀՄ զինված ուժերին մատուցած ծառայությունների համար և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ.
5. ԽՍՀՄ հերոսի կոչում՝ Լենինյան շքանշանի և զորքերի հմուտ ղեկավարության ու գերմանաֆաշիստական զավթիչների դեմ պայքարում ցուցաբերած քաջության, խիզախության և հերոսության համար «Ոսկե աստղ» մեդալի հանձմամբ և այլ պարգևներ:

«Ереван» ամսագիր, N9, 2009

Այս թեմայով