Պատերազմը ո՛չ տարիք է ճանաչում, ո՛չ սեռ, ո՛չ թույլ ու տկար: Պատերազմում չկա կին ու տղամարդ, ծեր ու երեխա, կան միայն հաղթողներ ու պարտվողներ: Մեր հերոսուհիներին պատերազմն անակնկալի բերեց, վրա հասավ, երբ նրանք դեռ երիտասարդն էին, հույսեր էին տածում ու ծրագրեր կազմում: Հայրենիքի հանդեպ անսահման սերն էր, որ օգնեց նրանց, ի հեճուկս ամեն ինչի, դիմադրել պատերազմի հուժկու հարվածներին ու աղետներին:
Ռուզաննա Լևոնի Լալայանը ոչ միայն մեր երկրի, այլև ամբողջ նախկին Խորհդային Միության համար է մեծ արժեք: ՀՀ վաստակավոր բժիշկը, բժշկական գիտությունների թեկնածուն, առողջապահության գերազանցիկն անցել է ամբողջ պատերազմի միջով, սկզբից մինչև վերջ գտնվել պաշարված Լենինգրադում: Արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ Հայրենական Պատերազմի 1-ին կարգի շքանշանի, Ժուկովի մեդալի և այլն: Պատերազմի ժամանակ Ռուզաննա Լալայանի և քրոջ՝ Սոֆյայի սխրանքների մասին հոդվածներ են գրվել ու ֆիլմեր նկարահանվել: Բժիշկ քույրերը հիշատակվում են պատերազմի մասին բազմաթիվ հրատարակություններում, ինքնակենսագրություններում, զինակիցների հուշերում: Առողջական վիճակի պատճառով Ռուզաննա Լալայանը շատ հազվադեպ է լրագրողների հետ հանդիպում: Սակայն այս անգամ բացառության անելով՝ համաձայնեց և պատմեց ծանր, բայց թանկ հուշերը:
Մենք, ցավոք, չենք կարող կանխատեսել ճակատագիրը, այլապես հավանաբար կխուսափեինք շատ փորձանքներից: Բայց չկա ընտրելու հնարավորություն ՝ ամեն մեկը սեփական ճակատագիրն ունի: Ես ու ավագ քույրս՝ Սոֆյան, նոր էինք ավարտել Լենինգրադի 2-րդ բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետն ու պատրաստվում էինք վերադառնալ տուն, երբ հասավ պատերազմի լուրը:
Տենդային վիճակի մեջ էինք. ամենուր լսվում էր պայթող արկերի դղրդոցը, փողոցները լցված էին պատերազմի մասին գուժող թռուցիկներով: Լենինգրադցիները՝ մենք էլ այդ թվում, մի մարդու պես անցան քաղաքի պաշտպանությանը: Երկար մտածելու ժամանակ չկար. ես ու քույրս միանգամից կամավոր գրանցվեցինք 1941-ին Կիրովի գործարանին կից ժողովրդական աշխարհազորի «Հատակ» առաջին դիվիզիայում:
Վիրավորների ու հաշմվածների հոսքը նույնիսկ գիշերը չէր դադարում: Ուժասպառ էինք լինում՝ փորձելով նրանց փրկել: Պաշարման առաջին օրերին արդեն ամեն ինչի՝ խմելու ջրի, սննդամթերքի, դեղերի, վառելանյութի պակաս զգացվեց: Սովից մարդիկ կորցնում էին բանականությունը, անում էին քայլեր, որոնք նրանք սովորական պայմաններում իրենց թույլ չէին տա: Է՛լ ավելի ծանր էր ձմռան 40 աստիճան սոսկալի սառնամանիքին: Կենդանի մնալու համար ատաղձագործական յուղով պատրաստած շիլա էինք ուտում, որ «բոլտուշկա» էին անվանում: Հացը փոխարինում էինք քուսպից պատրաստած «դուրանդայով». իսկական հացի մասին նույնիսկ երազելն ավելորդ էր: Մինչև հիմա պահում եմ հացի չօգտագործած կտրոնները: Ահավոր ժամանակներ էին:
Մի անգամ ինձ մոտեցավ 12 տարեկան մի աղջիկ: Ասաց, որ մայրը վատացել է, ու խնդրեց, որ գնամ, նայեմ: Մի կերպ գործերիցս ազատվելով՝ հետն իրենց տուն գնացի:
Տեսածս երբեք չեմ մոռանա: Սենյակում պառկած էր գունատ երիտասարդ մի կին՝ մահվան դրոշմը դեմքին: Գրկում մոր կուրծքը հանգիստ ծծող նորածինն էր: Մոտեցա ու վրաս սառը քրտինք տվեց. կինը մահացել էր հյուծումից: Աղջիկն առաջվա պես ինձ էր նայում ու չէր գիտակցում տեղի ունեցածը: Երեխաներին ծննդատուն հանձնեցինք, կնոջն էլ թաղեցինք: Պատերազմն իր մասնակիցներին նման սոսկալի տեսարաններ շռայլորեն է տրամադրում, սակայն այս կերպարն ինձ խորապես ցնցեց ու ընդմիշտ մնաց հիշողությանս մեջ, ինչպես այն օրը, երբ առա քրոջս մահվան լուրը:
Քրոջս չէի էլ տեսնում. տարբեր վայրերում էինք ծառայում: Կապվում էինք հեռախոսով: Սոֆյան բուժաշխատողների իր ամբողջ բրիգադայի հետ մահացավ 1944-ի փետրվարի ռմբակոծման ժամանակ: Հետո այդ վայրում՝ Տոլմաչև գյուղում, հուշարձան կառուցեցին ի հիշատակ 1943-ի շրջափակման ճեղքման ժամանակ ընկածների: Նույն տարին էլ ես, Կալինինգրադի մոտ (նախկին Քյոնիգսբերգ) վիրավորվեցի ու կոնտուզիա ստանալով, հայտնվեցի հիվանդանոցում: Երկար ապաքինումից հետո ինձ զորացրեցին, և 1946-ին վերջապես տուն եկա՝ Երևան, որտեղ սկսեցի աշխատել Օրթոպեդիայի և Վերականգնողական Վիրաբուժության Ինստիտուտում: Հետո 30 տարուց ավելի Բժիշկների կատարելագործման ինստիտուտում ռազմադաշտային վիրաբուժություն դասավանդեցի: