Պատերազմը ո՛չ տարիք է ճանաչում, ո՛չ սեռ, ո՛չ թույլ ու տկար: Պատերազմում չկա կին ու տղամարդ, ծեր ու երեխա, կան միայն հաղթողներ ու պարտվողներ: Մեր հերոսուհիներին պատերազմն անակնկալի բերեց, վրա հասավ, երբ նրանք դեռ երիտասարդն էին, հույսեր էին տածում ու ծրագրեր կազմում: Հայրենիքի հանդեպ անսահման սերն էր, որ օգնեց նրանց, ի հեճուկս ամեն ինչի, դիմադրել պատերազմի հուժկու հարվածներին ու աղետներին:
Դաժան զրկանքները, ցավն ու տառապանքն անզոր են մարդկանց մեջ սպանելու սիրելու փրկարար կարողությունը: Սոֆյա Թովմասի Մկրտչյանի (Սարգսյան) կյանքն ապացուցում է այս ճշմարտությունը: Զինվորական սխրանքների համար Սոֆյա Մկրտչյանը պարգևատրվել է «Քաջության համար» մեդալով և Հայրենական Պատերազմի 2-րդ կարգի շքանշանով:
17 տարեկան էի, երբ ստացանք պատերազմի անսպասելի լուրը: Ես պատանեկան տարիներին բնորոշ խանդավառությամբ ու մաքսիմալիզմով մեծ ծրագրեր էի կազմում ու պատրաստվում էի Երևանի բժշկական ինստիտուտի ընդունելության քննություններին: Առանց դույզն-ինչ վարանելու կամ զղջալու՝ հրաժարվեցի սեփական ձգտումներիցս և կամավոր գնացի ռազմաճակատ: Ինձ նշանակեցին բուժքույր 45-րդ բանակի 92-րդ ճանապարհաշահագործական գնդում:
Առաջին գծում ծառայությանս սկսելուն պես տեսա, որ պատերազմում բոլորը հավասար են՝ չկան արտոնյալներ կամ իրավազուրկներ. բոլորն էլ նույն կերպ են բախվում նրա դաժանությանը: Քանի՜ անգամ եմ տեսել՝ ինչպես է մի քանի մետր հեռավորության վրա պայթում թշնամու ականը՝ խլելով տասնյակ երիտասարդներ կյանք: Եթե վիճակված է մահանալ, անիմաստ է փորձել խուսափել: Այդ պատճառով էլ մեզ չէինք խնայում: Ապրածդ ամեն օրը սկսում ես յուրովի գնահատել, երբ անդադար ապրում ես վտանգի մեջ, տեսնում ես այդքան մահ ու չգիտես՝ հաջորդ ակնթարթին ինչ տեղի կունենա, նորից կտեսնե՞ս արևածագը, կհիանա՞ս մայրամուտով, թե ոչ: Սա երևի պատերազմից քաղած իմ ամենակարևոր դասն է:
Չնայած վաղ տարիքիս՝ ինձ արդեն հասուն ու ինքնուրույն էի զգում, երբ մեր վաշտն իջեցրեցին Նովոռոսիյսկում: Շատ լարված շրջան էր: Երկար ու դաժան մարտերից հետո թշնամու ճնշմանը չդիմանալով՝ ստիպված էինք նահանջել: Թվում էր՝ այլևս ելք չկա: Հիշում եմ տիրող քաոսային վիճակն ու մեր գումարտակի հրամանատար՝ աշխարհահռչակ ալտիստ Հենրիխ Թալալյանի հոր շփոթվածությունը, երբ ճարահատյալ տվեց փախչելու հրամանը: Ցրվեցինք: Աստված գիտի՝ ինչքան ժամանակ թափառեցինք անտառներում. խուսափում էինք թշնամուց, շարժվում էինք հիմնականում գիշերը՝ հուսալով մի կերպ մերոնց հասնել: Քչերին հաջողվեց այդ օրերին կենդանի մնալ:
1942-ին ծառայությունս շարունակեցի Գելենջիկում: Քաղաքը նմանվել էր մեծ հիվանդանոցի, ուր ուղարկում էին ծանր պաշտպանական մարտերում վիրավորվածների անթիվ բազմությունը: Նույն ժամանակ էլ ռմբակոծման տակ ընկա և ծանր կոնտուզիայով զորացրվեցի: Սակայն պատերազմից մոտս հաճելի հուշեր էլ են մնացել: Ռազմաճակատում հանդիպեցի ապագա ամուսնուս: Պարզվեց, որ համերկրացի ենք, ու որ մեր ընտանիքները պատերազմից առաջ ծանոթ են եղել: 1941-ին ամուսնացանք ու մինչև զորացրումս էլ չբաժանվեցինք:
Պատերազմի տարիներին այնքան արյուն ու մարդկային տառապանք տեսա, որ քաղաքացիական կյանք վերադառնալուց հետ հրաժարվեցի բժիշկ դառնալ, և ընդունվեցի Երևանի մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական կրթության ֆակուլտետը: 34 տարի դասավանդեցի Երևանի 13-րդ երաժշտական դպրոցում:
Պատերազմը փոխում է բոլորին, աղճատում է ոչ միայն մարմինը, այլ հոգեկան աշխարհը: Կարծում եմ, մենք հաղթեցինք, քանի որ հաղթանակի նկատմամբ ամուր հավատ ունեինք: