Ինչպե՞ս են աշխատում լրագրողները, ինչպե՞ս են ստանում տեղեկությունն ու հաղորդում, ի՞նչ խոչընդոտների են հանդիպում, արդյո՞ք մեր իրականությունը թույլ է տալիս լրագրողին հայտնել ամեն բան, ազատ խոսքը չունի՞ կապանքներ։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը և ԵԱՀԿ Երևանի գրասենյակը նկարիչների միությունում կազմակերպել են «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդես։ Այն կտևի մեկ շաբաթ ու այցելուներին պատկերացում կտա ԶԼՄ-ների աշխատանքի, ստեղծագործական դժվարությունների, տեղեկատվության իրավունքի իրացման մարտահրավերների մասին։ Ինֆորմացիա'առանց խոսքի, լուսանկարչության ու ծաղրանկարչության լեզվով։
Ցուցահանդեսում ընդգրկված է 70 աշխատանք։ Հեղինակները տեղեկատվական շրջանակում հայտնի մարդիկ են։ Նրանց հաճախ կարելի է տեսնել քաղաքական, տնտեսական, մշակութային, բնապահպանական իրադարձությունների կիզակետում' ստեղծագործական փնտրտուքների մեջ։
Լիլիան Գալստյանը, օրինակ, լուսանկարել է հանրահավաքների ժամանակ աշխատող լրագրողներին' հավերժացնելով նրանց սպասում, շտապողականություն արտահայտող կերպարանքը։ Լիլիանը նկատում է, որ նրա համար ամենակարևորն անկեղծությունն ու բնական վիճակն է' ոչ մի սարքովի, շինծու կադր։ Իսկ կորցրած կադրը կարող է ամբողջ օրը նրա տրամադրությունը գցել։ «Պահեր կան,որ երբեք չեն կրկնվի, երբ չես հասցնում դրանք հավերժացնել, չես հասցնում նաև դրանց պատմական լինելն ապացուցել. վերջ, անհետ կորավ պատմությունը. սա է, որ ինձ կարող է ծայրաստիճան հուսալքության դրդել»,- ասում է Լիլիանը։
«Ֆոտոլուրից» Վահրամ Բաղդասարյանը ծանր չի տանում կորցրած կադրի փաստը։ Հաջորդ կադրն ավելի լավն է լինելու' մտածում է ու գործի դնում լուսանկարչական սարքը։
Գայանե Առաքելյանի կարծիքով' թյուր են այն մտայնությունները, թե լուսանկարչությունը տղամարդու գործ է։ «Չեմ պատկերացնում ինձ' առանց լուսանկարչության։ Միայն թե շատ կարևոր բացթողում ունի ոլորտը։ Չկա դպրոց. լուսանկարիչը հմուտ ու ամենատես աչքից բացի, պետք է նաև մասնագիտական տեսական գիտելիքներ ունենա»։ Մեկ կադրը կարող է ավելի խոսուն լինել, քան ինքը' խոսքը։ «Խոսքը հնչում է ու, ցավոք, մոռացվում, իսկ լուսնկարչական մեկ կադրը կարող է պատմություն դառնալ՝ տվյալ իրադարձության չհնացող ու հավերժ վկան»,- լուսանկարիչ Սերժ Սարգսյանի մասնագիտական դիտարկումն է։
Ծաղրանկարիչները ժանրային առանձնահատկության շնորհիվ նաև այս թեմաներն են արծարծում։ Նրանք դժգոհում են, որ իրենց երկրում չունեն ինքնադրսևորման հնարավորություն, ավելի շատ ցուցադրվում են արտասահմանում։ Ոչ հեռավոր անցյալում յուրաքանչյուր թերթ ու պարբերական ուներ իր ծաղրանկարիչը, իսկ հիմա նրանց կարիքը պարզապես չկա։ Ծաղրանկարի ժանրը մեծ հետաքրքրություն չի վայելում։
Արսեն Գևորգյանը' Դիզոն, տարեկան 100-ից ավելի միջազգային ցուցահանդեսների է մասնակցում, իսկ իր երկրում ոչ տպագրվում է, ոչ ցուցադրվում։ Խոստովանում է' մեծ հպարտություն է զգում, երբ իր անունը թուրքական կամ գերմանական որևէ պարբերականում գրվում է' որպես հայ ծաղրանկարիչ։
Մամուլի ազատության սահմանափակումների ու կապանքների մասին պատկերացումները ծաղրանկարիչները յուրովի են արտացոլում։ Արզօն, օրինակ, էլեկտրական գայլիկոն է պատկերել' լրագրողի զենքերով' գրիչով ու մատիտով։ Նա դժգոհում է լրատվական գործակալությունների անազատ պահվածքից' սուր ու քաղաքական ենթատեքստով ծաղրանկարները մերժել։ «Եթե լրատվամիջոցը կախված է ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից, չի կարող անաչառ լինել։ Կապվա՞ծ է պարանն ինչ-որ տեղից, ուրեմն կախված է»,- նկատում է ծաղրանկարիչ Արզօն։
Մամուլը հասարակության տրամաբանական շարունակությունն է։ Մամուլում ազատություն ու արդարություն փնտրելուց առաջ այդ արժեքները պետք է փնտրել հասարակության մեջ։