Ճարտարապետության մեջ պատշգամբ անվանում են շենքի պատից դուրս եկող հարթակն իր բազրիքով ու ճաղերով: Բայց հայ իրականության մեջ այն վաղուց դադարել է լինել միայն ճարտարապետական անսամբլի մաս: Հայերի սերը պատշգամբների հանդեպ հայտնի է վաղուց, սակայն դժվար է գտնել այդ սիրո մեկ ընդհանուր պատճառ: Այստեղ կա և՛ անտանելի շոգ օրից հետո մեղմ քամով զովանալու ցանկություն, և՛ մաքուր օդին ավելի շատ ժամանակ անցկացնելու քաղաքաբնակի ձգտում… Պատշգամբի գլխավոր գործառույթը հավանաբար մարդկանց մերձեցնելն է: Մեծ ու փոքր, թավշեպատ, վաղուց մեծացած երեխաների խաղալիքներով ու հեծանիվներով լեփ-լեցուն այս վայրերը իրենց տերերի համար արդեն վեր են ածվել սրճարանների: Մարդիկ հանգիստ զրուցում են այս փոքրիկ հրապարակներում՝ աշխատելով միմյանց ավելի մոտ նստել: Եվ հաճելի է դառնում ոչ միայն տունը, այլև կյանքը:
Բախտի պատշգամբ
Մի ժամանակ հայկական բակերում հարևանները հենց պատշգամբների միջոցով էին շփվում: Հին Երևանում շատ էին այսպես կոչված «իտալական բակերը», որոնք յուրահատուկ էին նրանով, որ ունեին մեկ ընդհանուր պատշգամբ: Մելիքի ծնողները երեխա ժամանակ խաղում էին հենց այդպիսի ընդհանուր պատշգամբում, որն էլ դարձավ ապագա ընտանիքի հիմքը: Այդ տունն արդեն չկա. նրա տեղում կառուցել են Երևանի քաղաքապետարանի նոր շենքը, բայց գենետիկ կապը մնացել է՝ Մելիքի խելքը գնում է պատշգամբների համար: Նրա տունը գտնվում է ուղիղ Կարապի լճի դիմաց: Գեղեցիկ քարե կամարը բոլոր ընկերների հավաքույթի սիրելի վայրն է: Ամենալավն այն է, որ համերգների համար կարիք չկա Օպերա գնալ. ամեն ինչ այնքան մոտ է, որ կարծես՝ տանդ են երգում: Կարելի է նույնիսկ բազկաթոռից վեր չկենալ:
- Սա մուտքն է, փոքր է: Հարևաններիս հետ էլ չեմ շփվում, - պատմում է Մելիքը, - բայց Զաքիյան փողոցի հին փայտե պատշգամբների մասին մանկության ջերմ հիշողություններ ունեմ: Ժամանակի ընթացքում փոխվեցին: Այն տարիներին միմյանց միացված էին դռներով: Լավ հիշում եմ. կարող է մեզ մոտ նստած լինեինք, ու հանկարծ այդ պահին հարևաններից մեկը ներս մտներ ինչ-որ գործով: Որոշ ժամանակ Միացյալ Նահանգներում ապրեցի: Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչու էին տներն ինձ այնտեղ այդքան տհաճ: Հետո հանկարծ միտքս պարզվեց՝ պատշգմաբնե՜ր չկային: Իսկ առանց դրանց կորչում է տան, ջերմության ու հանգստավետության հիմնային մի զգացողություն:
Անդունդի եզրին՝ պատշգամբում
Կարամանուկյան ընտանիքի պատշգամբից հիանալի տեսարան է բացվում դեպի Հրազդան գետի ձորը: Տան դիրքը զգուշությամբ է ընտրվել, շենքն էլ այնպես են նախագծել, որ ամեն հարկի մի պատշգամբ բաժին հասնի: Դրանցից ամենամեծը միանգամից վերածվեց ընտանիքի ու ընկերների սիրելի վայրի: Մի քանի տարի առաջ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողուհի Անին պատրաստվում էր դիպլոմայինի պաշտպանությանը: Նա պետք է iPad-ի ծրագրի համար նկարներ աներ: Շատ էսքիզներ արդեն պատրաստ էին, բայց միևնույնն է՝ այն չէր. ոգեշնչում ընդհանրապես չկար:
- Ղեկավարը երկար բացատրում էր, որ աշխատանքի մեջ խորություն պետք է լինի: Մինչև պաշտպանությունը հաշված օրեր էին մնացել: Ես շատ էի անհանգստանում, չէի կարողանում գիշերները հանգիստ քնել՝ ամբողջ ժամանակ ճիշտ մոտեցումն էի փնտրում: Մի անգամ մթնշաղին դուրս եկա պատշգամբ, մոտեցա ճաղաշարին ու հայացքս հառեցի ձորին՝ ահա՛ խորությունը: Ասես վախենալով կորցնել այս զգացողությունը՝ արագ նստեցի ու սկսեցի հենց այնտեղ՝ պատշգամբում, նկարել: Այդ օրից ի վեր արդեն քանի տարի է, ինչ այն աշխատելու համար սիրելի վայր է: Հավատում եմ, որ իմ մուսային գրավում է այս գեղատեսիլ ու հարազատ վայրը:
Երբ սկսում է Վարդավառը
Հայտնի սովետական «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմում Արմեն Ջիգարխանյանի հերոսը՝ Լևոն պապը, մոսկովյան բարձրահարկի պատշգամբում թոռան համար խորոված է անում: Խուճապահար բնակիչները կանչում են հրշեջներին: Եթե նման բան Երևանում պատահեր, հարևաններն ամենայն հավանականությամբ կմիանան քեֆին: Չէ՞ որ երևանցիների ընկալմամբ հենց դրա համար էլ նախատեսված է պատշգամբը, որ քեզ այնտեղ զգաս ինչպես զբոսախնջույքի ժամանակ: Արամենց պատշգամբում ընտանիքի տարբեր սերնունդների պատկանող անդամները սիրում էին ժամանակն անցկանցել իսկական երևանցիների պես՝ նարդի խաղալ ու խորոված անել: Այստեղ դեռ պահպանվել են նյութական հիշողություններ մանկությունից՝ հեծանիվ, հին խաղալիքներ, նույնիսկ մանկական սկավառակներով նվագարկիչ:
- Երբ երեխա էինք, պատշգամբն ահռելի էր թվում: Երեկոյան ժամը հինգին-վեցին սկսում էի հետևել հարևան շենքի ստվերին: Երբ ստվերը հասնում էր կոնկրետ կետի, գիտեի՝ ֆուտբոլ խաղալու ժամն է: Դիտակետից բացի՝ բալկոնը ծառայում էր նաև որպես լավ մարտական դիրք, մանավանդ Վարդավառի տոնի ժամանակ: Լցնում ես կաթսան կամ վեդրոն ու լո՜ւռ նստում, հետո՝շը՛փ, սառը ջուրը շփում անուշադիր անցորդի վրա: Դիրքը հնարավորություն էր տալիս թաքնվել հանցանքի առարկաների հետ միասին: Ես ու եղբայրներս այստեղից նաև սալորներ էինք նետում: Բայց դիպուկահարության մեր մրցույթը զոհի անհաջող ընտրության պատճառով ձախողվեց. թիրախ դարձած ջղային մի մարդ նկատեց մեզ, եկավ մեր տուն ու մորս բողոքեց…
Գաղափարների պատշգամբ
Պատշգամբը համապատասխան աշխարհագրական դիրքի դեպքում կարող է նույնիսկ վերածվել քաղաքացիական դիրքորոշման արտահայտման հրապարակի: Հարությունն ու Իրինան արդեն մի քանի տասնամյակ ապրում եմ Մաշտոցի պողոտայում: Մատենադարանն այստեղից ասես ձեռքիդ տակ լինի: Արդյունքում՝ Հայաստանի նորագույն պատմությունն էլ գրվում է նրանց խաղաղ սուրճի սեղանի տակ: Լսելիությունը սենյակում նույնն է, ինչ փողոցում: Երբ ուզում ես իմանալ, թե երկրում ինչ է տեղի ունենում, կամ ինչ է պահանջում ընդիմությունը, պետք է պարզապես պատուհանդ բացես: Իսկ երբ հոգնես ու սիրտդ լռություն ուզի, հանրահավաքները կարող ես նույն կերպ «անջատել»՝ փակելով պատուհանը:
Հարությունը ճարտարապետ է և ծաղրանկարիչ: 90-ականներին ընտանիքի հետ որոշ ժամանակով տեղափոխվեց Մոսկվա: Մի անգամ նա և Իրինան երեխաների հետ միասին այցելեցին քաղաքի ծայրամասում բնակվող իրենց ընկերներին: Նրանց փոքր որդին՝ Գոռը, պատշգամբ դուրս գալով՝ ապշեց. «Իսկ ու՞ր են այն մարդիկ, ովքեր ձեռքերը միաժամանակ վերև են պարզում ու բոլորը միասին բղավում»: Առանց սովորական դարձած կոչերի պատշգամբն էլ պատշգամբ չէ:
Նույն ժամանակ Երևանում նրանց հարևանը, որին խնդրել էին հետևել տանն ու ծաղիկները ջրել, արկածախնդրություն արեց. թույլ տվեց, որ առավել ակտիվ ցուցարարները մտնեն բնակարան ու պատշգամբից միանան կոչեր անող բազմությանը: Այս ամենից տան տերերն անտեղյակ էին: Բայց քաղաքացիական ակտիվություն ցուցաբերողները զարմանալիորեն պատշաճ դուրս եկան. թույլ չտվեցին որևէ ոտնձգություն ուրիշի ունեցվածքի հանդեպ:
- Ամեն ինչ իր տեղում էր, - պատմում է Իրինան: - Եկան, իրենց ցույցն արեցին ու գնացին:
- Սա ախր ոչ թե պատշգամբ, այլ ամֆիթատրո՛ն է, - հպարտությամբ հավելում է Հարությունը:
Վրձիններ, գույներ, խոսակցություններ
Երկու պատշգամբ կա Պուշկինի փողոցի խիթ սաղարթներում: Այստեղ առավոտյան սուրճ են խմում Գայանեն ու դուստրը՝ Անուշը: Երկուսն էլ նկարչուհիներ են: Պատշգամբները լեփ-լեցուն են նկարներով, ամեն չափի վրձինների բանկաներով, ներկերով ու շրջանակներով:
- Այս տունն ունի շատ հարուստ պատմություն, - պատմում է Գայանեն՝ մի կողմ հրելով պատշգամբի ճաղերին հենած մեծ նկարը: - Անցյալ դարի 50-ականների երկրորդ կեսին, երբ Երևանում դեռ նոր էին սկսում շենքեր կառուցել, ռեպրեսիաների ենթարկվածները մասսայաբար արժանացան համաներման: Հանգուցյալ ամուսնուս՝ Սամվելի ընտանիքը ժամանակ չուներ սպասելու, թե երբ կառուցվող շենքերում իրենց բնակարան կտան: Այդ ժամանակ նրանց, ինչպես ռեպրեսիաների այլ զոհերի, առաջարկեցին հաստատվել այստեղ՝ դատարանի նախկին շենքում: Նրանք շատ ազատասեր մարդիկ էին: Անուշն էլ՝ մեր աղջիկը, ծնվեց մայիսի 28-ին՝ առաջին Հանրապետության օրը: Սովետական տարիներին նման տոն պաշտոնապես գոյություն չուներ՝ երազել անգամ չէր կարելի: Բայց մեր տանն այնուամենայնիվ հավաքվում էին հյուրեր: Սկեսուրս էլ ասում էր. «Եթե հանկարծ մի բան լինի, կասենք՝ Անուշիկի ծնունդն ենք նշում, սուտ ասած չենք լինի»: Եվ այդ ամենը տեղի էր ունենում պատշգամբներում՝ անպայման սրճով ու ծխախոտով: Հիմա պատշգամբում սուրճ խմելը դարձել է շատ ավելի անմեղ զբաղմունք, խոսակցություններն էլ արդեն ոչ թե քաղաքականության, այլ արվեստի մասին են: Երևի լավ է:
Մի լեռը լավ է, երկուսը՝ ավելի
Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա գտնվող ձկան խանութի շենքը հայտնի է ոչ միայն իր հոյակապ ճարտարապետությամբ: Այստեղից բացվում է նաև հրաշալի մի տեսարան: Շնորհիվ Վարդանի ու Ալիսայի փոքր պատշգամբի հաջող դիրքի՝ ամեն առավոտ կարելի է տեսնել երկու հայկական լեռները՝ Արագածն ու Արարատը: Կարծես Աստված ինքն է նախատեսել այնպես, որ այստեղ սուրճ խմես ու նայես, թե ինչպես է նոր օրը սկսում:
- Առաջ լեռներից բացի մեր բալկոնից երևում էր երևանցիների ամենասիրելի եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Սարգիսը, - պատմում է Վարդանը, - բայց վերջերս մի ահռելի գովազդային տախտակ են փակցրել ու եկեղեցու տեսարանը նյութական արժեքով փոխարինել:
Պատշգամբն, իրոք, մեծ դեր է խաղացել բնակարանի ընտրության մեջ: Ալիսան մինչ այդ ապրում էր Զաքիյան փողոցում. այդ խաղաղ տեղում պատշգամբները բացվում են դեպի այգի: Իսկ այստեղ՝ շենքի ուղիղ առջևում, Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող աղմկալի մայրուղին է:
- Մեր պատշգամբում անտանելի աղմուկ է տիրում: Սկզբում իրար չէինք լսում: Բայց հիմա ընտելացել ենք, արդեն ուշադրություն չենք դարձնում: Հաճելի է մյուս երևանցիների պես այստեղ նստել: Կարծում եմ, որ սա պայմանավորված է բնական հետաքրքրասիրությամբ. հետաքրքիր է իմանալ, թե ինչ է տեղի ունենում փողոցում: