Հայաստանի յուրաքանչյուր շրջան իր խորհրդանիշն ունի, որն ընդգծում է դրա յուրօրինակությունը: Գորիսում դրանք մի քանիսն են՝ թթի օղին Քարահունջ հնագույն բնակավայրից, Տաթևի նշանավոր վանքը և, իհարկե, Խնձորեսկը՝ Հայաստանում նմանը չունեցող քարանձավային քաղաքը:
Առաջին բանը, որ զարնում է Խնձորեսկով շրջող ճանապարհորդի աչքին, խորը կիրճն է՝ ամեն տեղից դուրս ցցված սուր ժայռերով: Այն կարծես կտրատում է անսահման զմրուխտե սարահարթը: Զառիթափ սայթաքուն արահետը, ոլորվելով և տանելով իր հետևից, գնում է դեպի ներքև: Արևն արդեն լուսավորել է ամեն ինչ, բայց կիրճի հատակին դեռևս մթնշաղ է: Չնայած, որ արդեն հոկտեմբերի կեսն է, եղանակը տաք ու արևային է, կարծես կրկին ամառն է վերադարձել:
Թվում է, թե դժվար է գտնել ապրելու ավելի անհարմար վայր, բայց Խնձորեսկի տարածքը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից: Եվ եթե լավ մտածենք, ապա թշնամական մշտական հարձակումների պայմաններում նման վայրի առավելություններն ակնհայտ են: Յուրաքանչյուր տուն վերածվում էր անառիկ ամրոցի, որն ընդունակ էր փոքր ուժերով դիմակայել մեծ թվով հարձակվողների, իսկ աղբյուրների առատությունը թույլ էր տալիս դիմանալ երկարատև պաշարումների:
Կամարաձև մուտքից մտնում ենք քարանձավներից մեկը: Այստեղ ամեն ինչ սպարտայական ոճով է՝ պարզ ու առանց ավելորդությունների: Դուռն ու երդիկը ժայռի մեջ են փորված: Պատուհաններ, որպես կանոն, չկան. ջերմության պահպանությունը առաջնային կարևորություն ուներ, և կացարանները լուսավորվում էին ժայռերում գոյացած բնական անցքերից կամ յուղով լապտերներով: Դրանք հիմնականում քառակուսի կամ ուղղանկյուն են՝ քարե միջնորմով բաժանված երկու մասի: Բնակելի հատվածում լայն նստարաններ են տաշված: Տնտեսական նպատակների ծառայող բազմաթիվ խորություններ ու խորշեր կան, ինչպես նաև անասունների համար սրահ՝ գոմ:
Արտասովոր ժայռային կացարաններն ու մարդակերտ պատերի մնացորդները աստիաճաններով ներքև են իջնում: Թվում է' այստեղ անտեսանելի կերպով ներկա են լքված բնակավայրի բնակիչները, և ահա ուր որ է քարանձավից դուրս կգա տանտերը:
Վերջապես հայտնվում ենք կիրճում: Սարահարթի չոր թեթև օդից հետո, որը ստիպում էր խորը շնչել, կիրճի խոնավ, սառը, կենդանացնող օդը հոսքերով լցվում է թոքերը՝ արբեցնելով ու թմրեցնելով: Շուրջբոլորը ջունգլիներ են՝ մոշի անանցանելի թփուտներ, մամխի, ալոճի ու մասուրի փշոտ թփեր, վայրի տանձենի, սզնի և թուզ: Եվ, իհարկե, հսկայական ընկուզենիներ: Ես հիշում եմ պապիս, որը միշտ ասում էր, թե այստեղի անտառներում սովից չես մեռնի:
Արագ ազատվելով պայուսակներից՝ խումբը ցրվեց տարածքում: Մեկը խոտի մեջ խոշոր ընկույզ էր ման գալիս, մյուսը՝ թուզ ուտում, իսկ ինչ-որ մեկին դուր եկան քաղցրաթթու ալոճն ու մոշը: Լանչն այդպես էլ մնաց պայուսակների մեջ: Հագեցնելով հավաքչության ծարավն ու հետաքրքրությունը, որը թաքուն ապրում է յուրաքանչյուր քաղաքաբնակի ներսում, մենք որոշեցինք շարունակել ճանապարհը դեպի կիրճի խորքում գտնվող սուր ժայռերը:
Անցնելով ոչ մեծ առվի վրայով՝ մոտեցանք XIII դարում կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն: Դրա մատույցները գրեթե անանցանելի էին դարձել մոշի ու փշոտ թփուտների պատճառով: Բայց մեզնից մեկը փշերի մարդաբոյ ստվար պատի մեջ մի նեղ անցում գտավ, և մենք բարեհաջող հասանք մինչև մուտքը:
Եկեղեցին առաջին հայացքից լքված էր թվում: Մասրենիով պատված պատուհաններն էլ ավելի էին ուժեղացնում այդ տպավորությունը: Սակայն հալված մոմերը, ինքնաշեն սրբապատկերները, մի քանի տանձերն ու գլխավոր խորանի ավերակների վրայի մի բուռ ընկույզը հակառակն էին վկայում: Բացի այդ, թփերի վրա լաթերի գունագեղ կտորներ էին փաթաթված: Ասում են՝ եթե լքված եկեղեցու մոտ հիվանդի ապաքինման մասին խնդրես կամ ցանկություն պահես և այդպիսի մի «հուշ» թողնես, ապա այն կկատարվի:
Առվով անցնելուց հետո վերջապես դուրս եկանք թփուտներից դեպի ճանապարհանման մի տեղ, ապա ցատկելով անմիջապես հայտնվեցինք դեղնավուն և վիշապի ատամների պես սուր լեռների տակ: Հաղթահարելով սկզբում բոլորիս պատած թմրությունը՝ մենք սկսեցինք բարձրանալ փշրվող լանջերով, անցնել նեղ միջանցքներով ու հետազոտել քարանձավները: Բոլորիս առանձնահատուկ ուրախացրեցին «ծակ» ժայռերը, որոնք ցանցի պես ամբողջովին պատված էին անցքերով, որոնցից կարելի էր նայել, ինչպես պատուհանից: Լեռնային ապարը փափուկ էր ու հեշտությամբ փշրվում էր, պետք էր անընդհատ հիշել անվտանգության մասին: Արտասովոր, հսկաների քարե գլուխների նմանվող ժայռերն անմասն հետևում էին մեր եռուզեռին: Վերջապես բարձրանալով դրանցից մեկի գագաթին՝ մենք սկսեցինք զմայլվել սյուրռեալիստիկան լանդշաֆտով: Լույսի ու ստվերի խաղը ժայռերը վերածում էր ֆանտաստիկ կերպարների, իսկ դրանց մի մասի սայրերին, ի հեճուկս ֆիզիկայի օրենքների, հրաշքով կանգուն էին մնում հսկայական բեկորներ:
Զարմանալի ձևերով, բազմաթիվ անցքերով, քարանձավներով ու փորվածքներով ժայռերը ներդաշնակ էին մարդկային ձեռքի աշխատանքի նույնքան տարօրինակ մնացորդների հետ: Այստեղ լավագույն դեպքում կարող էին արծիվ-մարդիկ ապրել: Հսկայական ժայռերն իրենց մեջ բազմասենյականոց և անգամ բազմահարկ «բնակարաններ» էին թաքցնում: Ներքևում՝ ժայռերի ամենաստորոտում, վերևից երևում էին երբեմնի մեծ, ըստ ամենայնի, բավական հարուստ տան ավերակները: Միայն կիսով չափ կանգուն մնացած պատերը պատվել էին մոշի թփերով, իսկ ներսում տիրություն էին անում կայտառ մողեսները:
Խորհրդակցելով՝ որոշեցինք զննել նաև կիրճի մյուս հատվածը: Ճանապարհին հանդիպեցինք միայնակ, մոտ յոթանասուն տարեկան մի ձիավոր հովվի: Հարցուփորձ արեցի նրան Խնձորեսկի մասին: Պարզվեց, որ նա ծնվել է այստեղ՝ այդ ժայռերում, այստեղ ամուսնացել ու մեծացրել երեխաներին, իսկ վաթսունական թվականներին ողջ բնակավայրով վերաբնակվել են Նոր Խնձորեսկում, որը գոյացել է սարահարթում: Ծերունին պատմեց, որ բնակչությունը մոտ 1800 տնտեսություն էր հաշվվում, ուներ երեք եկեղեցի և դպրոց: Նրա՝ հետաքրքրությունից մի պահ վառված հայացքում հպարտություն և միաժամանակ կարոտախտ էր զգացվում: Այն հարցին, թե ինչու բնակչությունը լքեց այդ բարեբեր վայրը, նա թախիծով պատասխանեց, որ պատճառները երկուսն էին. նախ, ապրելն ավելի անվտանգ էր դարձել և զավթիչներից թաքնվելու կարիք չկար, և երկրորդը' մարդիկ ընտրեցին հարմարավետությունը: Մատնացույց անելով քարանձավներից մեկը՝ նա հպարտությամբ ասաց. «Այնտեղ ապրում էր իմ տատիկը, իսկ ահա այն ժայռի տակ իմ տունն էր, որտեղ ես ծնվել և մեծացել եմ»: Նա այդ ամենի մասին խոսում էր անցյալ ժամանակով, կարծես ինչ-որ ուրիշ, անցյալ կյանքի մասին խոսեր:
Բայց Խնձորեսկը պարզապես ուրվական չդարձավ. տեղ-տեղ մշակած բանջարանոցներ էին նկատվում. ըստ երևույթին, վերևում ապրող որոշ բնակիչները մինչ օրս սերտորեն կապված են իրենց անցյալի հետ:
Ծերունին պատմեց նաև, որ եղել են դեպքեր, երբ այստեղ են վերադարձել նաև երիտասարդները: Որոշ նորապսակներ քարանձավներ էին տեղափոխվում և այնտեղ ապրում՝ նմանվելով հեռավոր նախնիներին, մինչև որ սեփական տուն ու տնտեսություն էին ձեռք բերում:
Հովիվը խորհուրդ տվեց կիրճից դուրս գալ մինչև մթնելը և հրաժեշտ տվեց:
Մենք որոշեցինք շտապել, որպեսզի հասցնենք տեսնել ևս մեկ տեսարժան վայր՝ կիսավեր եկեղեցին և միջնադարյան գերեզմանատունը: Զգուշորեն բարձրանալով շատ սայթաքուն ու կավապատ արահետով՝ մենք մոտեցանք հզոր դարպասներով ամրոցի պատի ավերակներին, որոնցից այն կողմ՝ ուղղաբերձ ժայռի վրա, կանգնած էր եկեղեցին, ավելի ճիշտ՝ նրանից պահպանված ընդամենը երկու պատերը: Եկեղեցու դիմաց ոչ մեծ միջնադարյան գերեզմանատուն էր: Գերեզմանաքարերի վրա փորագրված բազմազան տեսարաններից ամենից շատ կրկնվում էր հրացանով մարդու կերպարը: Ըստ երևույթին, պաշտպանվելու կարիք հաճախ էր լինում: Համարվում է, որ գերեզմաններից մեկում հանգրվանել է ժողովրդին օտարի լծից ազատագրած մեծ զորահրամանատար Մխիթար Սպարապետի աճյունը, ում սպանեցին ու գլխատեցին դավաճանները: Ասում են, որ պարսից շահը մահապատժի է ենթարկել Սպարապետին սպանողներին, ովքեր պարգևի ակնկալիքով նրան էին բերել հերոսի գլուխը:
Վերադառնալու ժամանակն է: Մենք արդեն գրեթե վերևում էինք, երբ կիրճից լսվեց շնագայլերի բազմաձայն ոռնոցը: Խնձորեսկի վերևում մթնշաղն արագորեն թանձրանում էր ՝ կրկին թաքցնելով լքված քարանձավային քաղաքը…
«Ереван» ամսագիր, N6, 2006