Այսօր բոլորիս բնական է թվում այն, որ Երևանում կա Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան ու հուշարձան, որ այդ դեպքերի մասին հազարավոր գրքեր են գրվել, որ այդ թեմային անընդհատ անդրադառնում են թերթերը, ռադիոն ու հեռուստատեսությունը:
1965-ի ապրիլի 24-ը դարձավ հայոց նորագույն պատմության շրջադարձային էջը. ազգի մեծագույն ողբերգությունը վերջապես դադարեց լինել արգելված հարց: Բայց ի՞նչ տեղի ունեցավ: Ինչո՞ւ լռության տասնյակ տարիներից հետո առաջին անգամ պետական մակարդակով նշվեց Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն ու սկսվեց հուշահամալիրի կառուցումը:
Ոմանք պատճառը տեսնում են «կլոր» թվի մեջ. 1965-ին լրացավ ողբերգական դեպքերի 50 տարին: Բայց չէ՞ որ դրանից առաջ եղել էր քառասունամյակ, երեսունամյակ, իսկ հարցը մնացել էր արգելված: Հետ նայելով՝ հիմա կարելի է երկու հիմնական պատճառ նշել. առաջինը հայկական սփյուռքի միավորումն էր: Սփյուռքը, որի միջուկը հայ փախստականների երկրորդ սերունդն էր, որ կրթություն էր ստացել, քաջ գիտակցում էր իր իրավունքներն ու հանցագործության միջազգային ճանաչում ու դատապարտում պահանջում: Երկրորդը. Ստալինից հետո խորհրդային վարչակարգը քիչ թե շատ մեղմացավ, ու սկսվեց կարճատև շրջան, որին այն ժամանակ տվեցին «խրուշչովյան ձնհալ» պատկերավոր անվանումը, առաջացավ «հնարավորությունների պատուհանը»: Բայց բոլոր այս նախադրյալներն անօգուտ կլինեին, եթե «ճիշտ տեղում ու ճիշտ պահին» չհայտնվեր նախաձեռնության կարևորագույն խնդիրը ստանձնող մարդը:
Խոսքն այդ տարիներին Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար ու գործնականում Հայաստանի ղեկավար Յակով Նիկիտայի Զարոբյանի մասին է: Եթե նա վճռական քայլեր չձեռնարկեր ողբերգական դեպքերի հիշատակին նվիրված միջացառումները կազմակերպելու համար ու ձևական մոտեցում որդեգրեր, ամենայն հավանականությամբ «հնարավորությունների պատուհանը» առնվազն 25 տարի էլ փակված կմնար:
Զարոբյանի նպատակներն այն տարիների աներևակայելի էին, քանի որ առնչվում էին ԽՍՀՄ արտաքին քաղաքականությանն ու գաղափարախոսությանը: Պետք էր դուրս գալ միութենական հանրապետության կենտկոմի առաջին քարտուղարի իրավասությունների սահմաններից: Ավելին՝ Մոսկվային նման հարց ներկայացնելը Յակով Զարոբյանի համար կարող էր ունենալ շատ տհաճ հետևանքներ, վտանգել կարիերան ու անթերի ծառայողական ցուցակը: Հայաստանի կոմկուսի կենտկոմի նախագահության շատ անդամներ թերահավատությամբ ու զգուշավորությամբ էին մոտենում ցեղասպանության օրվա առթիվ անցկացնելիք պաշտոնական միջոցառումներին, վախենում էին պատահարներից ու Մոսկվայի պատժամիջոցներից, քանի որ լավ էին գիտակցում, որ զարգացումները կարող են հեշտությամբ անկառավարելի դառնալ:
Հարկ է նշել, որ ցեղասպանության 50-ամյակը նշելու որոշումը ոչ թե հայրենասիրության եզակի պոռթկում էր, այլ Զարոբյանի ընդհանուր քաղաքականության մի մասը՝ 60-ականների սկզբի Հայկական ՍՍՀ –ի քաղաքականության, որը միտված էր ամրապնդել մշակութային ինքնությունն ու վերականգնել հայ ազգի միասնությունը: Երեսուն տարի էր, ինչ Հայկական ՍՍՀ ու սփյուռքի միջև խզվել էին քաղաքական ու մշակութային կապերը. Զարոբյանի արածը մեկուսացման այս պատնեշը հաղթահարելու ճանապարհին թերևս ամենանշանակալի քայլն էր: Պետք է նաև հաշվի առնել, որ նրա համար 1915-ի դեպքերը վերացական հարց չէին. ցեղասպանության ժամանակ ընտանիքը գաղթել էր Արդվինից ու երկար տարիներ ապրել դեգերումների մեջ: Զարոբյանը մանկության ու պատանեկության տարիները անց էր կացրել զրկանքների մեջ: Հայրն ու ավագ եղբայրն էլ մահացել էին՝ չդիմանալով կյանքի ծանր պայմաններին…
1964-ի գարնանը նա, անսալով թերահավատներին, սկսեց Ցեղասպանության օրվա նախապատրաստությունները: Պաշտոնական միջոցառումների համար անհրաժեշտ էր ԽՄԿԿ նախագահության (քաղբյուրոյի) համաձայնությունը: Հայաստանի կոմկուսի կենտկոմում մի քանի խորդակցություն կազմակերպվեց, որոնց մասնակցեցին առաջատար պատմաբաններ և այլ մտավորականներ, ու Մոսկվայի ղեկավարության համար պատրաստվեցին համոզիչ զեկույցներ:
Յակով Նիկիտովիչը մի քանի անգամ հանդիպեց Նիկիտա Խրուշչովի (Խրուշչովը գլխավորեց ԽՄԿԿ կենտկոմը մինչև 1964-ի հոկտեմբերի 14-ը), Լեոնիդ Բրեժնևի, արտաքին գործերի նախարար Անդրեյ Գրոմիկոյի ու կուսակցության գլխավոր գաղափարախոս, ԽՄԿԿ կենտկոմի քարտուղար Միխայիլ Սուսլովի հետ:
Գրոմիկոն չէր ուզում խռովեցնել թուրքերին, որոնց հետ այդ ժամանակ պետական մակարդակով լավ հարաբերություններ էին հաստատվել, մանավանդ երբ Խորհրդային Միությունը 1953-ին Հայաստանի ու Վրաստանի անունից պաշտոնապես հրաժարվել էր Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից: Առանձին դժվարություններ առաջացան Սուսլովին համոզելիս: Վերջինս Զարոբյանի առաջարկում տեսնում էր ազգայնամոլության հրահրում ու ոտնձգություն գաղափարախոսական դոգմաների դեմ: Անաստաս Միկոյանն էլ, ընդհանուր առմամբ, նույն կարծիքն ուներ: Գրոմիկոն վերջիվերջո համաձայնեց Զարոբյանի առաջարկներին, բայց այն պայմանով, որ միջոցառումների ժամանակ չբարձրացվի տարածքային հարցը: Հայաստանի առաջնորդն իր վրա վերցրեց միջոցառումների խաղաղ անցկացման ամբողջ պատասխանատվությունը: Ազդեցիկ հայկական սփյուռքի գործոնը հիմնական փաստարկն էր, որ Զարոբյանը ներկայացնում էր Կրեմլի կուսակցական ու պետական գլխավոր գործիչների հետ բանակցելիս: Զարոբյանին հաջողվեց համոզել նրանց, որ ընդառաջ գնալով հայերի անկնկալիքներին՝ ԽՍՀՄ կստանա հայկական սփյուռքի քաղաքական օժանդակությունը, իսկ հակառակ դեպքում այնտեղ կուժեղանա հակախորհրդային տրամադրությունը:
Համաձայն Զարոբյանի զեկույցի՝ 1964-ի նոյեմբերի 13-ին Հայաստանի կոմկուսի կենտկոմի նախագահությունը հավանություն տվեց «1915 թվականին հայերի մասայական ջարդերի 50-ամյակին նվիրված միջոցառումների մասին» նամակի տեքստին, որը հետո ուղարկեցին Մոսկվա: 1915-ի ցեղասպանության զոհերի հիշատակին Երևանում հուշահամալիր կառուցելուց բացի առաջարկվեց նաև հրատարակել գրքեր ու հոդվածներ, պատրաստեսլ ռադիո- և հեռուստահաղորդումներ, Երևանում պետական մակարդակով հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումներ կազմակերպել: Հետագայում գրեթե բոլոր առաջարկները իրագործվեցին: 1965-ի փետրվարին Հայկական ՍՍՀ կառավարությունը պատրաստեց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման որոշման նախագիծը, Հայաստանի կոմկուսի կենտկոմը հաստատեց այն:
Հուշարձանի լավագույն նախագծի համար մրցույթ հայտարարվեց: Մոդելները հանրությանը ներկայացվեցին Ճարտարապետների տանը: Երկու անգամ հայտարարվեց մրցույթ: Վերջում հատուկ հանձնաժողովն ընտրեց լավագույնն, ու շինարարությունը սկսվեց:
Զարոբյանը ջանք չխնայեց, որ այս իրադարձությունների մասին գրվի կենտրոնական մամուլում՝ ԽՄԿԿ կենտկոմի «Պրավդա» թերթում: Սա շատ կարևոր էր, քանի որ այս դեպքում Հայաստանում անցկացվող միջոցառումը կարժանանար համամիութենական ճանաչման: Պետք է տպվեր ակադեմիկոս Մ. Ներսիսյանի հոդվածը հայոց ցեղասպանության մասին: Բայց «Ցեղասպանություն՝ մարդկության դեմ ծանրագույն հանցագործություն» վերնագրով հոդվածը լույս տեսավ ամբողջովին աղճատված տեսքով: Ակադեմիկոս Ներսիսյանից բացի հայտնվեց հոդվածի մեկ այլ հեղինակ՝ ոմն իրավաբանական գիտությունների դոկտոր Կ. Ուշակով: Ներսիսյանի հոդվածից մնաց միայն մի քանի պարբերություն: «Պրավդայում» ցեղասպանության մասին արտահայտվեցին հիմնականում ընդհանուր մտքեր. նշվեցին Վիետնամում ամերիկացիների հանցագործությունները, ՀԱՀ-ում ռասայական դիսկրիմինացիան, Անգոլայում, Մոզամբիկում, Գվինեայում պորտուգալական գաղութատերերի քաղաքականությունն ու… ԽՍՀՄ եղբայրական ազգերի ընտանիքում Հայաստանի հաջողությունները: Կենտրոնական մամուլի շնորհիվ միջոցառումը սատարելու փորձը վեր ածվեց հերթական խորհդային խեղաթյուրման:
Բնականաբար, ժողովրդի լայն զանգվածները չէին կարող անտարբեր լինել Հայաստանի իշխանությունների նախաձեռնության նկատմամբ: Հասարակությանը հայտնի դարձավ, որ Մոսկվան պարտադրել է փակել Թուրքիայից տարածքային պահանջների հարցը: Քաղաքում՝ համալսարաններում ու գործարաններում, տարածվեցին թռուցիկներ, որտեղ կոչ էր արվում մասնակցել ապրիլի 24-ին Լենինի հրապարակում կայանալիք ցույցին:
Երիտասարդներից շատերն ընդհանրապես առաջին անգամ էին իմանում կես դար առաջ տեղի ունեցածի մասին: Սակայն 1915 թվականի դեպքերից բացի նրանք անհանգստած էին նաև Լեռնային Ղարաբաղի, Նախիջևանի ու հայերի հայրենադարձության հարցերով: Խմորումների մեջ գտնվող ժողովուրդն է՛լ ավելի բարկացավ, երբ իմացավ, որ հնարավորություն չի ունենալու մասնակցել Օպերայի և Բալետի Թատրոնում կայանալիք ժողովին. պարզ էր, որ շենքում այդքան տեղ չկար: Տասնյակ հազարավոր մարդիկ զգացին, որ իրենց մեկուսացրել են ու թույլ չեն տվել որոշել դեպքերի զարգացումը:
Ապրիլի 24-ի առավոտյան Լենինի հրապարակում (ներկայիս Հանրապետության հրապարակը) մի քանի տասնյակ հազար երիտասարդ հավաքվեց, ու սկսվեց իշխանությունների կողմից չթույլատրված ցույցը: Մտավորականության ներկայացուցիչները դիմեցին հավաքվածներին՝ փորձելով համոզել, որ ցրվեն: Բայց կոչերն արհամարհվեցին, ելույթ ունեցողներից մի քանիսի վրա էլ տեղաց լուտանքի տարափ:
Լարվածությունը գնալով աճում էր, իրավիճակը կարող էր դառնալ անկառավարելի: Ոստիկանությունը փորձեց ցրել ցուցյը, պահանջեց, որ հավաքվածները հեռանան, բայց ապարդյուն. բազմահազարանոց ամբոխը նստեց ասֆալտին՝ ի նշան օրինապահ մարմինների հանդեպ անտարբերության: Հետո ցուցարարները, հայրենասիրական կոչեր անելով, երթ սկսեցին քաղաքի փողոցներում: Իշխանությունները, տեսնելով, որ նրանք բռնության կամ անկարգության չեն դիմել, որոշեցին սպասել:
Ուշագրավ է մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Ալեքսան Կիրակոսյանի այդ օրվա երկխոսությունը Աշոտ Հովհաննիսյանի հետ.
- Աշոտ Գարեգինովիչ, երիտասարդությունը ոչ մի կերպ չի ուզում կարգի գալ…
- Իսկ զենքեր ունե՞ն:
- Ի՞նչ զենք, ի՞նչ բան:
- Դե, եթե զենք չկա, անհանգստանալու կարիք էլ չկա: Անզեն մարդիկ ոնց որ եկեղեցի լինեն առանց զանգերի… Պետք է ուղղակի նրանց բացատրել, հանգստացնել… Այս նյարդային վիճակի պատճառն այն է, որ դեռ կենդանի է սպանդի սարսափն ապրած սերունդը, ու մենք հիմա բաց վերքի ենք կպել:
Նման բարդ իրավիճակում օպերային թատրոնի շենքում հասարակայնության ներկայացուցիչները պետք է երեկոյան պաշտոնական ժողով ունենային ՝ նվիրված ծրագրված միջոցառումների հարցին: Ժողովը նոր էր սկսվում, երբ ցուցարարները հասան շենք ու պահանջեցին իրենց ներս թողնել: Ամբոխի մեջից մեկը քար նետեց զբոսասրահի ուղղությամբ ու ջարդեց ապակիները ՝ մի քանի հոգու վիրավորելով: Ամբոխի ճնշումն ուժեղանում էր: Ոստիկանությունը պոմպերով սառը ջուրը բաց թողեց ցուցարարների վրա, բայց էլի ապարդյուն: Ոգևորված երիտասարդները վերջիվերջո կարողացան ներս խուժել՝ բղավելով «Հողերը մե՛րն են, մե՛րը»: Սրահում ներկա գտնվող Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի խաղաղության կոչերը անօգուտ էին. նոր սկսված պաշտոնական ժողովը ձախողվեց:
Հանրապետության ղեկավարությունն անցավ ֆիլհարմոնիայի շենքն, ու այնտեղ՝ տնօրենի կաբինետում, սկսեց քննարկել, թե ի՞նչ անել ստեղծված իրավիճակում: Տարբեր կարծիքներ հնչեցին: Կոմկուսի նախագահության երկու անդամներ առաջարկեցին զորքեր մտցնել քաղաք: Հայաստանում տեղակայված 7-րդ բանակի հրամանատար գեներալ-գնդապետ Դավիթ Դրագունսկին դեմ արտահայտվեց՝ ասելով, որ զորքեր քաղաք կարելի է մտցնել միայն ԽՍՀՄ պաշտպանության նախարարի հրամանով: Զարոբյանը, եզրափակելով ժողովն, ասաց, որ սեփական ժողովրդի դեմ զորք չի հանի: Բոլորը մտածում էին հիմա մեկ հարցի մասին՝ Մոսկվան ինչպե՞ս կարձագանքի այս ամենին: Ամենաբարդը, իհարկե, Յակով Զարոբյանի վիճակն էր, քանի որ նա էր ամբողջովին ստանձնել միջոցառումներն անցկացնելու պատասխանատվությունը: Բայց շնորհիվ նրա տոկունության ու հավասարակշռված քայլերի, դեպքերը մնացին հանրապետական իշխանության ղեկավարման տակ, ու Մոսկվան չմիջամտեց, ինչպես սովորաբար անում էր նման դեպքերում:
Հարկ է նշել, որ այդ տարիներին խորհրդային համակարգը շատ ավելի դաժան էր վարվում Կրեմլի տեսանկյունից նույնիսկ ավելի մեղմ դեպքերում: Վառ օրինակ է Նովոչերկասկում ցույցի դուրս եկած աշխատավորների գնդակահարությունը 1962-ի հունիսին: Նովոչերկասկում տեղական իշխանությունները հեռացվեցին ղեկավարությունից, և որոշումներ սկսեցին կայացնել Մոսկվայից ուղարկված քաղբյուրոյի անդամներ Կոզլովն ու Միկոյանը: Այդ դեպքերից մի քանի ամիս անց սկսվեցին դատական պրոցեսներ: Ցույցի մասնակիցներին դատեցին որպես հակախորհրդային տարրեր, իսկ իրադարձությունները պաշտոնապես ներկայացրին որպես «հանցագործների ապստամբություն», «ավազակային խմբերի» սանձարձակություն:
Երևանում օպերային թատրոնի դեպքերի կապակցությամբ էլ մի քանի տասնյակ մարդ ձերբակալվեց, բայց բոլորն էլ հեշտ պրծան, քանի որ նրանց գործողությունները որակվել էին որպես անկարգություն: Մոսկվան պահաջում էր դատել հազարավոր մարդկանց, կազմակերպել ցուցադրական դատավարություններ, բայց այդ պահանջները, ի պատիվ Հայաստանի իշխանությունների, արհամարհվեցին: Ապրիլի 25-ի կեսօրին օպերային թատրոնն արդեն մաքրվել էր, նոր ապակիները տեղադրվել, այնպես որ հաջորդ օրը Մոսկվայից ժամանած հատուկ հանձնաժողովը պատահածից որևէ հետք չտեսավ:
Հայաստանի ղեկավարությունն, իհարկե, չէր կարող ապրիլի 24-ին տեղի ունեցածին քաղաքական գնահատական չտալ: Չորս օր հետո Հայաստանի կոմկուսի կենտկոմի նախագահությունը փաստաթուղթ ընդունեց «Երևան քաղաքում 1965-ի ապրիլի 24-ին տեղի ունեցած անկարգությունների մասին»: 6 էջանոց այս փաստաթուղթն ակնհայտորեն «արտաքին օգտագործման» համար էր: Սկզբում բավականին մեղմ կերպով նկարագրվում էին այդ օրվա իրադարձությունները: Հետո «դասական ձևով» քննադատության էին արժանանում որոշ կուսակցական կազմակերպություններ: Օրինակ, «Երևանի քաղկոմն ու շրջկոմը բավարար խստությամբ չեն վերաբերվում առաջնային կուսակցական կազմակերպություններին, ուսումնական հաստատությունների ռեկտորատներին ու կոմունիստներին, գործարանների ու հաստատությունների ղեկավարներին կոլեկտիվի անդամների՝ մանավանդ երիտասարդության բարոյաքաղաքական վիճակի ու դաստիարակության հարցերում»:
Փաստաթղթում ինքնաքննադատություն էլ կար: Նշվում էր, որ «Հայաստանի կոմկուսի կենտկոմի նախագահությունը ապրիլի 24-ի միջոցառումների կազմակերպման ու անցկացման հարցում մի շարք լուրջ բացթողումներ ուներ, որոնք արտահայտվել էին այդ կարևոր քաղաքական աշխատանքների բարդությունների ու յուրահատկությունների թերի հաշվարկի տեսքով»:
Որոշման վերջը նման էր սկզբին. ոչ ոք անձնական պատիժ չկրեց: «Ամենախիստ» պատժին արժանացավ միայն մեկը: «Նշել հասարակական կարգի պահպանության նախարար ընկեր Արզումանյանին, որ նա հավուր պատշաճի չի կազմակերպել Օպերայի ու Բալետի Թատրոնի անվտանգությունը, որտեղ տեղի էր ունենում Երևան քաղաքի հասարակայնության ներկայացուցիչների ժողովը»: «Անկարգությունների մասնակիցներն» ու հանրապետության իշխանության մարմիններն ուրիշ խնդիրներ չունեցան, չհաշված, որ մի քանի ամիս հետո Յակով Զարոբյանն այնուամենայնիվ հեռացվեց իր պաշտոնից ու Մոսկվայում նոր աշխատանքի նշանակվեց:
Երկու տարի անց՝ 1967-ի նոյեմբերի 29-ին, Երևանում Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա տեղի ունեցավ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հանդիսավոր բացումը: Հուշարձանը բացեց Հայաստանի կոմկուսի կենտկոմի հաջորդ առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը: Գաղափարախոսներն ինչպես միշտ, այս անգամ էլ փորձել էին համատեղել անհամատեղելին. հուշարձանը բացեցին Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման 47-րդ տարեդարձի օրը: Հետագա տարիներին էլի մի քանի կարևոր քայլ կատարվեց. Կարեն Դեմիճյանը կարողացավ հաստատել ապրիլի 24-ին հավերժ կրակի մոտ պաշտոնական ծաղկեպսակ դնելու ու մեկ րոպե լռության արարողությունը: Բայց այդ ժամանակ՝ 65-ին, տեղի ունեցավ կարևորագույնը. պաշտոնական լռության պատնեշը քանդվեց, ու հասարակության լայն շրջաններին հասանելի դարձավ 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկի պատմությունը, սկսվեցին գիտական հետազոտություններ, 1915-ի դեպքերի մասին հրատարակվեցին գրքեր ու փաստաթղթեր, իսկ ցեղասպանության փաստը վերջապես իր տեղը գրավեց հայոց պատմության դասարգրքերում: Բացի դրանից, սա այն եզակի դեպքն էր, երբ իշխանությունն ու ժողովուրդը, չնայած տարբեր դիրքերից, պայքարում էին մեկ ընդհանուր գործի համար: Պայքարեցին ու հասան նպատակին:
"Ереван" ամսագիր, N4, 2006