22 Ապրիլ 2013, 12:00
2788 |

Պլաստիլինե տիկնիկների հայրը

Տուն-տունիկ չեն խաղում, որովհետև տիկնիկները հեքիաթների հերոսներ են ու ապրում են միայն գրքերում:

Ե՞րբ և ինչի՞ց սկսվեց արվեստանոցի պատմությունը:
- Մի անգամ մի տիկնիկ պատրաստեցի՝ հասկանալու սովորական պլաստիլինի հնարավորությունները: Արդյունքում բավականին գունեղ բան ստացվեց ու մտածեցի, որ կարելի է այս ամենը շարունակել հենց մանկական գրքի շրջանակներում: Արդյունքում պլաստիլինով նկարազարդվեցին Թումանյանի, Աղայանի և Խնկո-Ապոր դասական մանկական հեքիաթները, նաև ժամանակակից մանկագիրների' Էդվարդ Միլիտոնյան, Մուրադյանի ստեղծագործությունները:

Ինչպե՞ս է պլաստիլինը դառնում Սուտլիկ Ոսկան, Անբան Հուռի…
- Հիմնական գործիքը իմ ձեռքերն են, հետո օգնության են գալիս մի քանի մետաղյա փոքր գործիքներ, որոնք ավելի շատ մակերեսը հարթեցնելու համար են: Սկզբում պատրաստում եմ գրքի բոլոր կերպարները, հետո այն միջավայրը, որը նկարագրված է գրքում: Ամենավերջում տեսարան առ տեսարան լուսանկարում եմ ստացվածն ու «ծնվում» է գիրքը: Իսկ ռադիոյից հնչող թեթև ջազը նպաստում է թեթև ծնունդին:

Գիտեմ, որ գեղանկարիչ ես. ներկապնակդ ու պլաստիլինը գործընկեր են, թե՞ մրցակից:
- Գեղանկարիչ եմ, բայց մասնագիտական բավարարվածություն ստանում եմ հենց պլաստիլինից: Չնայած եթե նկարչությանը չտիրապետեի, պլաստիլինով ոչինչ անել չէի կարող: Չգիտեմ, թե գույնի ու պլաստիլինի հնարավորությունների սահմանը որտեղ է, բայց այսքան ժամանակ դեռևս չի եղել, որ դժվարանամ գույն ստանալ:

Հանուն ինչի «ընկերացար» պլաստիլինի հետ:
- Իմ ոգեշնչումը երեխաներն են, գաղափարը' հանուն երեխաների ինչ-որ լավ բան անելը, նպատակը' երեխաներին բարություն, ազնվություն սովորեցնելը: Պլաստիլինի միջոցով փորձեցի այլընտրանքային մի բան առաջարկել, երեխաների ուշադրությունը գրավել դեպի հայկական հերոսները. ամեն ինչ այս մտքից է սկսվել ու սրա շուրջն էլ շարունակվում է:

Երեխաներն ի՞նչ գնահատականի են արժանացնում հերոսներին:
- Երեխաները հաճախ են հյուր լինում իմ արվեստանոցում, նայում են, խորհուրդներ տալիս: Վերջին հաշվով ես հենց նրանց համար եմ աշխատում: Երեխաների կողմից շատ դրական արձագանքներ եղան, սիրեցին, հավանեցին այն գրքերը, որտեղ հերոսները պլաստիլինից են: Նույնիսկ ոմանք ինքնուրույն են փորձում ստեղծել իրենց աշխարհը'թեկուզ հենց պլաստիլինով: Յուրաքանչյուր գրքի շնորհանդեսի ժամանակ հաճույքով վարպետության դաս եմ անցկացնում երեխաների հետ:

Ե՞րբ է պլաստիլինը կերպար դառնում:
- Կերպարներ կան, որոնց ստեղծելու համար ես նույնիսկ էսքիզ չեմ անում, որովհետև միանգամից եմ տեսնում: Օրինակ' «Մկների ժողովը» կադր առ կադր հենց այդ սկզբունքով էլ արել եմ: Շատ դժվար է հասկանալ, թե երբ է կերպարն ավարտուն տեսք ստանում: Դա անբացատրելի է: Ես կերպարը ստեղծելու պահին ընդամենը միջնորդ եմ նրա ու իմ ներսի զգացածի միջև: Ի դեպ, վերընթերցումը հաճախ խանգարում է:

Պլաստիլինե հերոսներն ավելի դասական են, թե մոդեռն:
- Բոլոր կերպարների մեջ էլ ժամանակակից տարրը կա, որովհետև պլաստիլինն ինքնին թարմություն է: Կարծում եմ, եթե այս ամենն արվեր ներկերով, նման գրավչություն չէր ունենա: Պլաստիլինի շնորհիվ հա'մ ժամանակակից են, հա'մ էլ պահպանել են հին ու բարի մթնոլորտը:

Պլանավորում եք էկրանավորել հեքիաթները, ե՞րբ, ինչպե՞ս:
- Հիմա տիկնիկների նախապատրաստման փուլում ենք' փորձում ենք «Պոչատ աղվեսը» մուլտֆիլմ դարձնել: Ճիշտն ասած, աղվեսի կերպարին մենք ուրիշ կերպ ենք մոտեցել' նա դեռ շա~տ փոքրիկ ձագուկ է:

Ձեր ամենասիրելի հերոսն ո՞վ է:
- Չեմ կարող որևէ ստեղծագործություն կամ կերպար առանձնացնլ: Մեր նկարազարդումներով ամեն ինչ անում ենք, որ երեխաները վերադառնան դեպի գիրքն ու ընթերցանությունը: Սկզբում նրանց գրավում է նկարազարդումը, հետո կամաց-կամաց գիրքն ու ընթերցանությունը:

Աշխատանքի ընթացքում քեզ փոխանցվե՞լ են պլաստիլինին հատուկ գծերը:
- Նկատի ունեք՝ հարմարվո՞ղ եմ: Ոչ, պլաստիլինի պես չեմ դարձել: Ունեմ իմ ճանապարհը, գիտեմ, որ պետք է մի բարի բան անեմ. սա իմ հաստատուն սկզբունքն է: Եթե անգամ այս աշխատանքը չվարձատրվի, միևնույն է՝ շարունակելու եմ: Դժվարություն կա, ուրեմն պետք է անցնել դրա միջով, ոչ թե նահանջել: Ես գիտեմ, որ ամեն հեքիաթի վերջում հաղթողը բարին է: Ես անուղղելի լավատես եմ:

Այս թեմայով