Գործիքի հավատարիմ ուղեկցությամբ ու երևանցիների վարձատրությամբ՝ փողոցային երաժիշտներն այսօր այստեղ են, վաղն՝ այնտեղ: Իրենց աչքի տեսածով ու ականջի լսածով՝ երևանյան խրոնիկայի մի իսկական հանրագիտարան են նրանք: Գրեթե նույն ռեպերտուարով ու նույն բախտով, քչախոս ու հավեսով մարդիկ էին Երևանի փողոցներին երաժշտություն մատակարարող իմ բոլոր զրուցակիցները:
Գևորգ, էլեկտրակիթառ
Խելքս երբ բրդում ա, դուրս եմ գալիս փողոց՝ նվագելու: Ձմռանն ամիսներով տանն եմ լինում, պարապում եմ, երաժշտություն եմ լսում, իսկ տաք եղանակին դուրս եմ գալիս նվագելու: Ես շատ նուրբ բնավորություն ունեմ, իմ տրամադրությունը շատ բանից ա կախված՝ եղանակից, խոսքից, հայացքից: Թե ինչքան գումար կաշխատեմ, իմ համար կարևոր չի, որովհետև երաժշտությունն իմ համար ապրելու ձև ա: Բայց քիչ եմ աշխատում, տաքսու վարորդներից էլ քիչ: Հիմա փորձում եմ խումբ հավաքեմ՝ բաս, բարաբան և երգիչ, բայց ես շատ բծախնդրորեն եմ մոտենում էդ հարցին, դրա համար էլ ձգձգվում ա: Ուրիշ կերպ չի կարող լինել, իմ համար ապրելու ձևը երաժշտությունն ա, ոնց որ ասում են, ավելի լավ ա մի աստծուն ծառայել, քան… Վա՜յ, չեմ ուզի գնամ Երևանից, գիտես: Ես ու Երևանը մի տեսակ հարմոնիկ ենք: Եվ ես եմ Երևանին տալիս, և Երևանն ա ինձ տալի: Ես ձայնակցում եմ քաղաքին… Մեկ-մեկ լինում են 50-ը 50-ի վրա մարդիկ, որ չեն թողնում նվագեմ, բայց դե… հիմա շատ են իմ երաժշտությունը սիրողները: Կամ էլ ասում են՝ էս շատ լավ ա նվագում, էս հաստատ ինքը չի նվագում… եթե էդքան լավ ա նվագում, խի՞ ա փողոցում… Եթե մի օր էլ դրսում չնվագեմ, շա՜տ կկարոտեմ էս ամեն ինչը, փողոցը կկարոտեմ: Եթե չեմ նվագում, ուրեմն երաժշտություն եմ լսում՝ Լեդ Զեփելին, Ջիմի Հենրիքս, Մայլս Դևիս և էն հայկական երաժշտությունները, որոնք չեն աղավաղվել, այսինքն՝ էթնիկ, ազգագրական: Ես ստանդարտից դուրս տեսակ եմ, իմ երաժշտությունն էլ ըտենց ա: «Դլե յամանը» կամ մի որևէ տխուր անձնական երգ, որը կարելի ա լսել գինետանը՝ տխուր ժամանակ, ինձ էդպիսի երգեր են «բացում»:
Գուրգեն, կլառնետ/զուռնա
Երաժշտական կրթություն չունեմ, բայց արդեն 10 տարի զուռնա ու կլառնետ եմ նվագում: Ինքնուրույն եմ սովորել: Նվագում եմ փողոցում ու առիթներին՝ կնունք, ծնունդ, հարսանիք, թաղում: Դրսում մենակ կլառնետ, իսկ առիթներին՝ նաև զուռնա: Հիմնականում երևանյան հավեսով երգեր եմ նվագում՝ «Նայում եմ, նայում սևուկս…», «Ամպեց, կորավ լուսնկան», «Ծառերը ծաղկում են», «Բոյիդ-բուսիդ մատաղ», «Ամեն առավոտ, ամեն իրիկուն»: Տարիներ առաջ մի հատ շատ հայտնի ռեստորանում հարսանիք էի նվագում: Պարզվում ա՝ կոնսերվատորիայի դեկանն էլ էր հրավիրված: «Քարավան» պատվիրեցին: Ընենց «Քարավան» եմ նվագել, որ դեկանը մոտեցավ ինձ ու առաջարկեց անվաճար սովորեմ իրա մոտ: Ասեցի՝ չեմ ուզում: «Քարավան» նվագելը շատ դժվար ա, ով նվագող ա՝ կիմանա: Բայց ես չեմ նվագում, ես երաժշտությունը մատուցում եմ, դրա համար էլ իմ մոտ ըտենց լավ ա ստացվում: Նվագելը հեշտ գործ չի, էն էլ դրսում… Հիմնականում Հյուսիսայինում եմ նվագում, ընդեղ մարդաշատ ա, փողն էլ՝ վախտը գիտի, նորմալոտ: Եթե մի տեղ մեկը նվագում ա, կյանքում չեմ գնա կողքը կանգնեմ, նվագեմ: Սիրուն բան չի, ուրիշի հացին վայիս չեմ ըլնի: Երևանցիներից շատերը ինձ ճանաչում են, մոտենում, խոսում են հետս: Շատ մեծ ընկերություն ունեմ, հայտնի մարդիկ են իմ ընկերները: Ում ասես կլառնետիստ Գուգո, իրանք կասեն, թե ես ով եմ ու ոնց եմ նվագում: Մենակ էս Երևանում կտեսնես ընենց բան, որ ուրիշ տեղ կյանքում չես տեսնի… Եթե ես բախտ ունենայի, հիմա ըստեղից գնացած կլինեի, բախտ չունեմ, չի ստացվում գնալս… Կամ էլ գոնե մի հատ պռիստիժ ռեստորանում կարանայի մտնեի նվագեի… էդ էլ չի ստացվում: Էղել ա, որ փողոցում ջահել տղերք լսել են նվագածս, մոտեցել ասել են՝ հալալ ա քեզ, ախպեր ջան: Դու տղա ես՝ մեծատա-ռով տղա, որ կարում ես ըտենց նվագես:
Ալբերտ Կարապետյան, շվի
6 տարեկանից երաժշտության մեջ եմ: Երաժշտությունը ժառանգություն եմ ստացել պապիկիցս ու հորիցս, ես էլ փոխանցել եմ իմ էրեխեքին: Հա՛մ էրեխեքս, հա՛մ էլ թոռներս երաժիշտներ են: Ես ժամանակին անսամբլում եմ նվագել, ինքս էլ խումբ եմ ղեկավարել: Իմ ուսանողները հիմա խոշոր մարդիկ են դառել: Էլի մեկ-մեկ գալիս բաներ են հարցնում, ես էլ սիրով բացատրում եմ: Բոլոր փողային ու լարային գործիքներով նվագում եմ: Իմ ամենասիրած գործիքը կլառնետն ա: Հիմնականում լինում եմ եկեղեցու տարածքում, Ամիրյան փողոցում, Հրապարակում: Տուն-տեղ, էրեխեքիս ուսումը, ամեն ինչի հասել եմ երաժշտության միջոցով: Էս շվիները պատրաստում եմ եղեգից, իսկ պրոֆեսիոնալները՝ ծիրանի փայտից: Գնում եմ Աղրլիճ, ընդեղ ձկնորսներ կան, որ էս եղեգները կտրում-հանում են ջրի տակից, ես էլ բերում եմ Երևան ու շվիներ եմ սարքում: Էնքան եմ վարպետացել էս գործում, որ օրական մի 40 հատ սարքում եմ, 500 դրամով էլ վաճառում եմ: Օր ա լինում, որ մի 100 հատ ծախում եմ, օր ա լինում, որ՝ 10-15 հատ: Նայած էլի: Տուրիստները որ լսում են ոնց եմ նվագում, մի 10 հատ միանգամից առնում են ու որպես հուշանվեր տանում են իրանց հետ: Տաքսու վարորդները ասում են՝ «մի հատ էն սալավեյի ձենով նվագի էլի…» Նվագում եմ, առնում են ու կախում իրանց մեքենաների մեջ: «Կալի երգը», «Հովերն էլան», «Դուն էն գլխեն», այսինքն՝ շվիով հիմնականում Կոմիտաս ու Սայաթ-Նովա եմ նվագում, իսկ կլառնետով՝ ուրախ պարեղանակներ: Ազատ Հայաստանում ես ինձ շատ ազատ եմ զգում, իմ շնորհքով էլ լավ վաստակում եմ: Էլ ինչի՞ց դժգոհեմ:
Քաջիկ Հայրապետյան, ակորդեոն
Վլադիկ Ստեփանյան, քամանչա
Քաջիկ - Մենք ընկերներ ենք, Ղափանից, դուետ ենք կազմել ու մոտ տաս տարի ա ակորդեոն ա ձեռիս: Ինչ էդ սինթեզ-մինթեզը մեյդան էկավ, ակորդեոնի գինը ընկավ: Էսօր 5000 դրամով կարաս ակորդեոն առնես: Բայց դե էդ սինթեզատորն ի՞նչ ա որ՝ մի էրկու կնոպկա են սղմում, անունը դնում են, թե նվագում են: Մասնագիտությամբ լեռնային ինժեներ եմ, բայց դե էսօր ո՞վ ա ինձ գործի ընդունում: Ասում են՝ տարիքդ մեծ ա, հոպար ջան: Իսկ օրինակ՝ Չինաստանում, մարդուն ասում են՝ ինչքա՛ն կարում ես աշխատի, տարիքդ կապ չունի: Դրա համար էլ չինացիները հալի են հասնում, հայերը՝ չէ: Փողոցում նայում ես մարդկանց դեմքերին՝ նվագելդ չի գալիս: Մենակ ժողովրդական, գուսանական երգեր ենք երգում՝ Ջիվանի, Շերամ, Հավասի, երևանյան կոլորիտային երգեր. 162 երգ կա երգացանկումս: Էսօր ջահելները սաղ արաբական, պարսկական ու ռաբիզ երգեր են լսում: Դրա համար էլ, որ մեկ-մեկ լսում են, թե ես ինչ եմ երգում, մոտենում ասում են՝ վա՜յ, ձյաձ ջան, էս ինչ լավ երգ ա, էս ինչ լավ ես երգում: Այ, բայց տուրիստներն ըտենց չեն: Տուրիստների ցավը տանեմ ես…
Վլադիկ. Ոնց որ ասում են՝ որտեղ Մուրադն, ընդեղ էլ Արուսը: Քամանչես ու ակորդեոնը արդեն տաս տարի ա իրար հետ են: Մենք էսօր ըստեղ ենք, վաղն՝ ընդեղ, գլխներիս օլիգարխ չկա, արգելող չկա, որտեղ հարմար ենք գտնում, ընդեղ էլ գնում նվագում ենք: Քամանչես 68 թիվն ա, ես էլ 62 տարեկան եմ: Ջահել էրեխեք են մոտենում, ասում են՝ հոպար ջան, էս ի՞նչ գործիք ա: Ասում եմ՝ քամանչա ա ու Սայաթ-Նովայից «Աշխարհս մե փանջարա է», կամ «Քանի վուր ջան իմ» եմ նվագում: Մենք խումբ ունենք. «Սյունիք» ժողովրդական գործիքների համույթ ա կոչվում: 3-րդ մասում փորձեր ենք անում ու բարեգործական համերգներ ենք տալիս ծերանոցներում կամ մանկատներում: Էն հաստավզերը, որ իրանց ծնողներին թողել են ծերանոցում, մենք գնում իրանց ծնողների համար նվագում-ուրախացնում ենք: Երևանում մեզ նեղացնող չկա. օր ա լինում, որ մինչև 10-15 հազար էլ աշխատում ենք:
Լևոն Պետրոսյան, ակորդեոն
Արմատներով՝ մշեցի, ծնունդով՝ երևանցի, մասնագիտությամբ՝ շրջիկ երաժիշտ՝ Լևոն «անտեր» Պետրոսյան, այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ոչ մի կապ չունեմ: Մի չորս տարի առաջ ինձ վարորդությունից զրկեցին, ես էլ էս անտերը ձեռս առա, որովհետև խաբելու, քցելու, գողանալու շնորհք չունեմ: Իմ թաղամասում ինձ շոֆեռ Լյովա են ճանաչում: Ավտոբուս եմ քշել, հետո էլ՝ զիբիլի մեքենա: Մի օր թոռս չուզեց իրան գրկեմ, որովհետև վրայիցս զիբիլի հոտ էր գալիս: Էդ օրվանից թողեցի զիբիլի մեքենան: Իմ գործի տեղն ու ժամը ես եմ ընտրում՝ Հրապարակ, Թումանյան փողոց, Կոմիտաս, Մասիվ: Տարբեր տեղերում մասսան էլ ա տարբեր լինում, փողն էլ: Կենտրոնում համ մակարդակ կա, համ էլ՝ փող: Լավն էն ա, որ ես եմ իմ շեֆը, հաշվապահն ու հարկայինը: Ռաբիզ կամ ժամանակակից երգեր չեմ երգում, երգում եմ էն, ինչը լսել եմ իմ հորից ու իմ կասետներից՝ «Պառավ յար», «Ով սիրուն, սիրուն», «Երևանի սիրուն աղջիկ», «Վույ աման-աման», «Պեպոյի երգը», «Խոսեք, լեռներ, խոսեք, սարեր, առաջ Մասիս սարը մերն էր»: Ժողովրդի վարձատրությունից հեչ չեմ դժգոհում, նույնիսկ եթե չեն էլ վճարում, բայց կանգնում են կողքս ու իմ հետ հավասար երգում են, էդ իմ համար 1000 դրամ արժե: Հո գիժ չե՞մ, որ էլի գնամ-մտնեմ գծի տակ ու շոֆեռություն անեմ, գլխիս էլ տաս հատ շեֆ ու գծի տեր ունենամ: Ամենաքիչը օրը 5000 դրամ առնում եմ, գոհ եմ, լացելու ոչինչ չունեմ, որովհետև լացողներին վերևի պապիկը լացացնում ա…
Ընտանիքում վեց հոգի ենք, բայց էն փոքրս մի իրեք հոգու տեղ տալիս ա՝ թե իրա ուտելով ու թե հագնելով: Տղես աշխատում ա, ճիշտ ա, բայց դե իրա պապիրոսը էլի ես եմ առնում: Տուրիստների սեզոնը հենց սկսվում ա, կանգնում, լսում են երգերս, նկարում են, կամ վճարում են կամ էլ չեն վճարում, գնում են: Պարսիկներն են հետաքրքիր՝ ինձ հայերեն երգեր են պատվիրում, որ երգեմ: Մի անգամ, մի պարսիկ կին ինձ խնդրում էր, որ իրան քավոր դառնամ, հայ տղու հետ էր ուզում ամուսնանար: Ես էլ ասեցի՝ հարց չկա, եթե դու մտնես հայկական եկեղեցի, ես քո քավորը կդառնամ: Փողոցում ինչեր ասես չեմ լսում մարդկանցից. մեկը ընկերուհու հետ տտտտ… խոսում ա, մեկը էրեխուց ա պատմում, մեկը՝ ծնողից, մյուսը՝ սիրածից… է՜հ…
Փողոցային երաժիշտների մեջ կոնկուրենցիա չկա, բայց հարգանք կա: Եթե մի գծի վրա երաժիշտ կա, ես կգնամ ուրիշ տեղ կնվագեմ, որովհետև եթե կողքը կանգնեմ, ոչ ինքը փող կառնի, ոչ էլ ես:
«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N6(7), 2012