The Beautified Project ռոք խմբի համերգին էի: Նախքան սկսվելը ճեմում էի նախասրահում, երբ հանդիպեցի խմբի ձայնասկավառակներով և այլ աքսեսուարներով լի մի տաղավարի, որի մոտ կանգնած էր մի երիտասարդ: Բեղ-մորուսով, ռոքոտ մի կերպար, ով վաճառում էր այդ ամենը: Ասաց, որ Սիրիայից է, անունը՝ Կոմիտաս, 24 տարեկան է, փորձում է իր տեղը գտնել հայկական արևի տակ, և դրա համար «կպած» ռուսերեն է սովորում: Խոսում է արագ, սիրում խմել հայկական գարեջուր ու լսել ութսունականների ռոք և Արթուր Մեսչյան: Ես արդեն շատ հետաքրքրված էի նրանով…
Կոմիտաս Մերճանեանը ծնվել է Սիրիայում, հաճախել հայկական մանկապարտեզ, ապա' դպրոց: Իր հետաքրքիր ու չկրկնվող անվան համար երախտապարտ է հորը, ով շատ է սիրում վարդապետի ստեղծագործությունները: «Որոշել էին, որ ես չպետք է կրեմ պապիս կամ ազգականներից որևէ մեկի անունը: Ու քանի որ հայրս շատ է սիրում Կոմիտասի երգերը մտիկ ընել, նրա անունը դրեց: Եղբորս անունն էլ Շանթ է, ի պատիվ' Լևոն Շանթի»,-պատմում է Կոմիտասը:
Դեռ մանկուց Կոմիտասը հիանում էր Հայաստանով, բայց միայն լուսանկարների ու ինտերնետի միջոցով: Առաջին անգամ ոտք դրեց Հայաստան 2007-ին: «Մենք արաբներու մեջ գործ չունինք: Երբ եկա, տեսա, որ ամեն ինչ իմ պատկերացրածի նման էր, ինչ տեսած էի նկարներով, հիմա աչքիս առջև էր, կարող էի շոշափել: Միակ հիասթափությունս գործ չգտնելն էր»,- ասում է Կոմիտասը:
Առաջից այցից հետո Կոմիտասը մի քիչ հիասթափված վերադարձավ Սիրիա ու տեղավորվեց աշխատանքի հինգաստղանի հյուրանոցներից մեկում: Բայց 2011-ին նորից վերադարձավ: Նա խոստովանում է, որ միշտ էլ գիտեր՝ վաղ թե ուշ ինքը վերադառնալու էր ու ամեն ինչ նորից սկսելու արդեն Հայաստանում: Այժմ նա միայնակ է բնակվում, ծնողները դեռ Սիրիայում են, ոչ մի կերպ չեն կարողանում վերադառնալ: Ինքն արդեն վարժվել է հայաստանյան կյանքին ու ոչ մի գնով հետ չի գնա Սիրիա:
«Սկզբում մտածում էի' ինչպես եմ ապրելու միայնակ, բայց հիմա արդեն սովորել եմ: Կարողանում եմ մի քանի տեսակ ճաշ եփել՝ փլավ, մակարոն»: Կենցաղային հարցերն արդեն լուծված են, իսկ ահա աշխատանքի հարցը դեռ անորոշ է: Կոմիտասը ձեռքերը ծալած չի նստում, նա անընդհատ փնտրում է: Դիմել էր նույնիսկ Սփյուռքի նախարարությանը, բայց դեռևս ապարդյուն:
«Մի քանի հոթել դիմեցի, բայց ռուսերեն չիմանալու պատճառով մերժեցին: Մի տեղ էլ համակարգչի ուսուցիչ էր պետք, բայց չհաջողեցի: Պիտի Դիլիջանում ապրեի, ասացին' Դու Սիրիայից ես, չես հարմարվի: Այդպես էլ չհասկացա, թե ինչ տարբերություն ինձ համար՝ Երևան, թե՞ Դիլիջան»:
Ու հիմա որպեսզի կարողանա աշխատանք գտնել, Կոմիտասը ռուսերեն է սերտում: Մի քիչ տրտնջում է, լեզուն բարդ է, բայց չի պատրաստվում հիասթափվել, մանավանդ, որ արդեն հաղթահարել է ամենաբարդը և դարձել այս հասարակության լիարժեք անդամ:
«Սկզբում ամեն մարդ ինձ էր նայում, անցնում էի փողոցով կարծես հեռուստացույց լինեի, բոլորն ուշադիր ինձ էին դիտում-զննում: Չգիտեմ, մազերիցս էր, թե մաշկիս գույնից, բայց մարդիկ այլ աչքով էին ինձ նայում: Սակայն արդեն վաղուց նման բան չեմ նկատել, հիմա արդեն դարձել եմ նրանցից մեկը»,- կարծում է Կոմիտասը:
Հայ աղջիկների մասին նույնպես զրույց ընկավ, պարզվեց՝ նա այս առիթով նույնպես ասելիք ուներ: «Սիրիայում, օրինակ, երբ հայ աղջիկը արաբի հետ է խոսում, նրան մի տեսակ ուրիշ աչքով են սկսում նայել: Այստեղ այդպես չէ, բազմաթիվ հայ աղջիկներ արաբների հետ են ընկերություն անում, հետո երևի ամուսնանում: Բայց, իհարկե, շատ լավ, պարկեշտ աղջիկներ էլ գիտեմ: Անձամբ ես այն մտքին եմ, որ սերդ մայրենի լեզվով պիտի հայտնես», - համոզված է Կոմիտասը:
Մինչև համապատասխան աշխատանք գտնելն ու լավ ռուսերեն սովորելը Կոմիտասն աշխատում է փաբերից մեկում որպես բարմեն: «Չես կարող միանգամից հարստանալ, պետք է քիչ-քիչ առաջ գնաս, գոհանաս քչով, որպեսզի շատին հասնես»,- եզրահանգում է Կոմիտասը: