Յուրաքանչյուր քաղաք՝ մեծ կամ ոչ այնքան, մայրաքաղաք կամ գավառական քաղաք, հայտնի է յուրահատուկ անկրկնելի կառույցներով, խորհրդանիշներով, որոնք ձևավորում են քաղաքի պատկերն ու ստեղծում եզակի մթնոլորտ: Իսկ ի՞նչ կկատարվի, եթե սովորական ուրվագծերի փոխարեն հայտվեն այլ, աշխարհին քաջ հայտնիները: Ինչպե՞ս կփոխվի քաղաքի ընկալումը, ի՞նչ կբերեն իրենց հետ նման փոփոխությունները: Մանրամասները՝ «Ереван» ամսագրի վիրտուալ փորձում:
Բրանդենբուրգյան դարպասները Բեռլինի միակ պահպանված քաղաքային դարպասներն են: Դրանք կառուցել է Կառլ Լանգգանսը 1789-1791 թվականներին Աթենքի Ակրոպոլիսի Պրոպիլեոսի օրինակով: Դա բեռլինյան կլասիցիզմի առաջին խոշոր աշխատանքն էր: Ճակատի հարդարմամբ զբաղվել է Յոհան Շադովը, որն էլ նախագծել է վեցմետրանոց քառաձի մարտակառքը և այն վարող Վիկտորիային՝ հաղթանակի աստվածուհուն: Լագգանսի ստեղծագործությունն անսպասելիորեն ներգծվեց Հայաստանի գլխավոր հրապարակում: Ճիշտ է, որպեսզի դարպասները համապատասխանեն իրենց նշանակությանը, պետք է ամենազոր վիրտուալ ձեռքով մաքրել դրա հետևում ընկած բոլոր շինությունները, որոնք, ի դեպ, քիչ չեն: Հակառակ դեպքում այնտեղով չեն կարողանա անցնել հաղթանակած զինվորները կամ սոցիալիստ-ազգայնականների սյունաշարերը: Չնայած վերջինների դեպքում, գուցե, ավելի լավ, եթե չկարողանան…
Սիդնեյի օպերային թատրոնը աշխարհի ամենահայտնի և ճանաչելի կառույցներից մեկն է, Ավստրալիայի խոշորագույն քաղաքի խորհրդանիշը և, թերևս, Կանաչ մայրցամաքի գլխավոր ճարտարապետական տեսարժան վայրը: Հին Երևանի սրտում Սիդնեյի օպերան նայվում է՝ շարունակելով Մարզահամերգային համալիրի սկսած «տիեզերական» թեման: Բլրի գագաթից, որտեղից կատարված է լուսանկարը, ոտքերն իրենք կտանեն ձեզ Կասկադի անվերջանալի աստիճաններով դեպի ավստրալական հրաշքը: Թեև մեր հարազատ Օպերայի թատրոնը, ինչ խոսք, պակաս չի գերում:
Գուստավ Էյֆելի երեքհարյուրմետրանոց գլուխգործոցը՝ 1889-ից ֆրանսիական մայրաքաղաքի խորհրդանիշը, միանգամից չարժանացավ փարիզեցիների գնահատանքին: Իսկ հիմա աշտարակի շուրջ մարդկանց ամբոխներ են հավաքվում տարին տասներկու ամիս և օրվա ցանկացած ժամին: Գեղեցկուհի ֆրանսուհուն Երևանի վերևում՝ ամայի բլրին, հեռուստակայմի փոխարեն տեղադրելու գաղափարը, հավանաբար, աշտարակին տուրիստական իրարանցումից մի փոքր հանգստանալու հնարավորություն կտա: «Մի փոքր», որովհետև շատ շուտով բլուրը կդադարի ամայի լինել, չէ՞ որ մարդկության մի հսկայական մաս դեռ չի լուսանկարվել Էյֆելյան աշտարակի կողքին:
Նեղուցով անցնող Ոսկե Դարպասներ կախովի կամուրջը միացնում է Սան Ֆրանցիսկոն իր արվարձանների հետ: Այդ կամուրջը երկար ժամանակ ամենամեծ կախովի կամուրջն էր աշխարհում. երկարությունը կազմում է 1970 մ, հիմնական թռիչքի երկարությունը՝ 1280 մ, իսկ հենասյուների բարձրությունը ջրի մակարդակից՝ 230 մ: Հրազդանի ձորում Ոսկե Դարպասները տեղավորելու համար կամուրջը փոքր-ինչ կարճացնելու կարիք կլիներ: Փոխարենը Երևանում կհայտնվեր ավտոճանապարհի ևս մեկ հատված 6 գծով՝ ի ուրախություն վարորդներին:
Լայն տարածած ձեռքերով Հիսուս Փրկչի արձանը Ռիո դե Ժանեյրոյի մոտ՝ Կորկովադու լեռան վրա, իրավամբ կարելի է անվանել ոչ միայն քաղաքի, այլև ամբողջ Բրազիլիայի խորհրդանիշը: Երկաթբետոնից և ճարպաքարից պատրաստված արձանը 38 մ բարձրություն (ձեռքերի բացվածքը՝ 30 մ) ունի և 1 145 տ է կշռում: Հնարավոր է՝ այսպիսի հուշարձանով մեկ ուրիշի փոխարինումը սևեռի Փրկչի ուշադրությունը Երևանի վրա, բայց ավելի լավ կլինի, որ նրանք կողք կողքի կանգնեն՝ Հիսուսն ու Մայր Հայաստանը: Այդպես ավելի ճիշտ է:
«Ереван» ամսագիր, N10(69), 2011