11 Ապրիլ 2013, 00:32
91 |

Սերը Երևան հասավ

Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուից շատ քիչ աշխատանքներ կան, որոնց հայտնվելը Երևանում իսկապես իրադարձություն է եղել: Այս մեկի հայտնվելն իրականում այդ դեպքերից է:

Ապրիլի 10-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի աստիճանավանդակին հայտնվեց հերթական արվեստի գործը՝ Ռոբերտ Ինդիանայի LOVE քանդակի մի օրինակ: Հանրության արձագանքը, ինչպես կենտրոնի նախորդ մի քանի արվեստի գործերի պարագայում, միանշանակ չէր: Ծավալվեցին երկար-բարակ քննարկումներ առ այն, թե որքանով էր նպատակահարմար նման մասշտաբի եռաչափ քանդակի տեղադրումը աստիճանավանդակին, որքանով է այն պակասեցնում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և քանդակների պարտեզի օդը: Մի խոսքով, քանդակը չընդունվեց ծափողջույններով, և դա արդեն օրինաչափություն է. այստեղ չափից ավելի աշխատանքներ են տեղադրվել ոչ բոլորին հասկանալի սկզբունքով և տրամաբանությամբ:

Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուից շատ քիչ աշխատանքներ կան, որոնց հայտնվելը Երևանում իսկապես պատմական իրադարձություն է եղել: Այս մեկի հայտնվելն իրականում այդ դեպքերից է: Արդեն 84-ամյա Ռոբերտ Ինդիանան ամերիկյան փոփ արտի նշանավոր ներկայացուցիչներից է' Էնդի Ուրհոլի, Ռոբերտ Ռաուշենբերգի, Ռոյ Լիխտենշտեյնի և արվեստի այդ ուղղության այլ հսկաների կողքին: Բայց, ինչպես դա հաճախ է պատահում արվեստագետների հետ, նա համաշխարհային ճանաչում ստացավ ընդամենը մեկ արվեստի գործի շնորհիվ:

Ամեն ինչ սկսվեց 1958-ին, երբ Ինդիանան տառախաղեր էր անում՝ LO տառերը տեղադրելով VE-ի վրա: Հետո նա այդ գաղափարը կիրառեց նկարչության մեջ և գրավեց Նյու Յորքի Արդի արվեստի թանգարանի ուշադրությունը, որը շատ չանցած նրան պատվիրեց այդ գրառմամբ ամանորի բացիկ ձևավորել: Կանաչ և կապույտ ֆոնին պատկերված LOVE կարմիր տառերով բացիկը մեծ հաջողություն ունեցավ: Դրանից ոգևորված՝ Ինդիանան այդ գրառումով գծանկարներ, գեղանկարներ և փոքրիկ քանդակներ պատրաստեց՝ այդ ամենի անունը դնելով LOVE show («Սիրո շոու»): Միացյալ Նահանգների Փոստային ծառայությունը, բաց չթողնելով առիթը, թանգարանի ամանորի բացիկի ձևավորումը կիրառեց 8-ցենտանոց նամականիշ պատրաստելու համար, ինչը դարձավ ԱՄՆ պատմության մեջ ամենից շատ վաճառված նամականիշը:

1960-ականներին ի հայտ եկած այդ տեքստային արվեստի գործը նոր շունչ հաղորդեց այդ ժամանակ տիրող ազատ սիրո և խաղաղ ցույցերի մթնոլորտին: LOVE պատկերները հայտնվում էին հսկայական շենքերի պատերին և խաչմերուկներում: Իսկ ահա 1970-ին Ինդիանան պատրաստեց այդ գրառումով առաջին եռաչափ քանդակը չժանգոտող պողպատից' 3,6 մ բարձրությամբ և ավելի քան 1 տ քաշով: Այն տեղադրվեց Բոստոնում: Կարճ ժամանակ անց քանդակի կրկնօրինակները տեղ գտան Ֆիլադելֆիայի, Նոր Օռլեանի, Վանկուվերի, Լիսաբոնի, Տոկիոյի, Սինգապուրի, Միլանի և աշխարհի այլ խոշոր քաղաքների զբոսայգիներում, խաչմերուկներում և հրապարակներում:

Թարգմանաբար «սեր» նշանակող բառից իկոնիկ մի պատկերի վերածված այդ արվեստի գործը հավաքական իմաստ և ուղերձ ունի: Լի էրոտիզմով, կրոնական, ինքնակենսագրական և քաղաքական ենթատեքստով՝ այն ունիվերսալ խորհրդանիշ է դարձել, չորս նյութականացված տառերի մեջ պարփակված իմաստ: Հիմա Երևանն էլ ունի այդ խորհրդանիշը, մենք էլ, կարծես, միացանք այդ համամարդկային ուղերձին: Արվեստը հերթական անգամ դարձավ հենց այն կապող օղակը, որով քաղաքները, երկրներն ու մարդիկ միավորվում են համընդհանուր գաղափարների շուրջ: 

Այս թեմայով