Քչերին է հայտնի, որ հիպերէմոցիոնալ, ինտելեկտուալ, ինքնատիպ հագուկապով, բազմերանգ վզկապներով ու աքսեսուարներով աչքի ընկնող Ավետ Բարսեղյանը մասնագիտությամբ պատմաիրավագետ է: Հայտնի հաղորդավարին ու բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակին հաջողվում է իր ծխախոտի հոտով ու բարձր ծիծաղով առանձին աշխարհ ստեղծել Երևանի իրականության մեջ: Իսկ Ավետի համար Երևանը հոգի ու մարմին ունեցող երևույթ է:
Պլանի գլխի առաջին ծննդատանն եմ ծնվել՝ 1980 թվականի հուլիսի 23-ի առավոտյան ժամը 9-ին: Մամաս մեր աստիճանավանդակն էր մաքրում, երբ ցավերը սկսեցին: Շատ հեշտ եմ ծնվել:
Չերեմուշկայի Լենինգրադյան 8 շենքում է անցել մանկությունս: Երևանը պատկերացում է, այն, ինչ տպավորվել է ուղեղումդ: Էմոցիոնալ վայրը մեր բակն էր: Հիշում եմ մեր բակի մի քանի բեսեդկաները՝ տաղավարները, շենքի հետևը, հողոտ դաշտը, խոտերը: Բաղերն ու ցոգոլ գողանալն է տպավորվել: Թումանյանի այգին, Զանգուն, Ծիծեռնակաբերդը. Լենինգրադյան 8-ը կարևոր վայրերից է ինձ համար:
Լենինգրադյանում լաբորատոր-կազմակերպչական մանկություն եմ ունեցել: Ընկերներով քարերի ուսումնասիրման խումբ ունեինք: Ասֆալտն էինք փորում, օբսիդիաներ գտնում: Ես էլ ղեկավարում էի այդ պրոցեսը: Մորեխներին ապակիների մեջ էինք տեղադրում, թաղում, որ հետո հանեինք ու տեսնեինք՝ ինչ է եղել: Բակիս ընկերները մինչև այժմ էլ անփոխարինելի են:
Կասկադի Պլեխանով 1 հասցեում պապիկիս ու տատիկիս տունն էր: Մանկությանս մի մասը այդտեղ է անցել: Դա «ցեկայի» շենքն էր, անմիջապես մեր դիմացը լուսահոգի Կարեն Դեմիրճյանն էր ապրում, մեր հարևանությամբ՝ Բաբկեն Արարքցյանը: Կասկադն ինձ համար խորհրդավոր վայրերից է:
Պապիկս ագրոնոմ էր: Շատ լավ սորտի խնձորներ ունեինք: Տատիկս հատ առ հատ փաթաթում էր առանձին թղթերի մեջ: Խնձոր «գողանալու» պրոցեսը հետաքրքիր էր՝ պետք էր սառնարանից հանել դրանք, հետո մաքրել հետքերն ու վերացնել թղթերը:
Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցն եմ ավարտել: Մեր տնից մի քանի քայլ վերև էր: Դիմացը համար 118 հայկական դպրոցն էր: Դպրոցներով անդադար հակամարտությունների մեջ էինք: Բայց համ էլ հասցնում էի լավ սովորել:
Մանկավարժականի պատմաիրավագիտականն եմ ավարտել: Շատ վատ ուսանող եմ եղել: Կարելի է ասել, որ ուսանողական տարիներ չեմ ունեցել: Շատ շուտ երգի թատրոն ընդունվեցի և այլ կյանք սկսվեց:
Խանջյան 13/ա հասցեում է գտնվում Երգի պետական թատրոնը: Այստեղ է տեղի ունեցել իմ կայացման փուլը: 2-3 ամիս կուրսերի հաճախեցի ու սկսեցի աշխատել:
Երգի պետական թատրոնի 5-ամյակն էր ու իմ առաջին ելույթը՝ երկրորդ հարկի դահլիճում: Արդեն տասը տարի է՝ Երևանի և Հայաստանի Հանրապետության համարյա բոլոր մարզերի մեծ ու փոքր բեմերում ելույթ եմ ունենում, բայց երգի թատրոնում ունեցած նյարդս մինչև օրս օդում կախված է, կարծես էմոցիաս սառած, կանգնած լինի: Թատրոնի բեմում գտնվելու վիճակն ինձ համար թանգարանային նմուշ է, զրոյացման կետը:
Ես հեռուստատեսային գնչու եմ: Կասկադի առաջին հարկի դիսկոտեկի տեղում էր գտնվում TV5 հեռուստաալիքի տաղավարը, որտեղից սկսվեց հեռուստատեսային կյանքս՝ Bonus հաղորդումն էի վարում: Տատիկիս տնից մի քանի քայլ էր. շատ լուրջ դեմքով վերցնում էի կոստյումներս ու գնում աշխատանքի: Հետո տեղափոխվեցինք Դավիթաշեն: Այնուհետև «Կռունկ» փառատոնն էր՝ Աշտարակի ձորում, Հ1-ը՝ Նորքում, «Շանթը»՝ Սևանի փողոցում, նորից Դավիթաշեն՝ «Արմենիա» հեռուստաընկերություն ու նորից Սևանի փողոց: Ալեք Մանուկյան 5 հասցեում գտնվող Հանրային ռադիոն ինձ համար ամենակարևոր կետն է, որ ութ տարի անփոփոխ է: Չնայած Նորքում գտնվող Hit FM ռադիոկայանից եմ սկսել:
Գլենդել Հիլսը լրիվ նոր էջ է իմ կյանքում: Բնակավայրիս դիմացը գինու գործարանի միջնադարյան կառույցն է, որը մեկ-մեկ շատ սիրուն է, երբեմն՝ վախենալու: Վեհ է, բայց պահի տակ ինձ թվում է, թե միջնադարում այնտեղ մարդկանց են խոշտանգել:
Երևանի մասին այնքան դժվար է խոսել: Ես ու Ֆորշը մի երգ ենք գրել՝ «Երևանը մենք ենք»: Այն ամենը, ինչ հնարավոր է, փոխանցել եմ այդ երգով՝ «Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք»: Այն բոլոր վայրերում, որտեղ էմոցիաս դրական գագաթնակետի է հասել, զգացել եմ, որ Երևանը իմն է: Եթե որևէ շենքի մոտ ծանր սթրես եմ տարել, ուրեմն՝ Երևանը փիսն է:
Իմ Երևանը Կասկադն է, մինչև Թամանյանի արձանը, ով ձեռքերը դրած պահում է այդ ինքնատիպ ոճ ունեցող տարածքը, որ նորակառույցներ չհայտնվեն: Չնայած դեմ չեմ նորություններին: Շատ կարևոր բաներ դեռ չեն քանդել իմ Երևանից, չնայած ամեն ինչ դեռ առջևում է: Մի զարմանալի բան ասե՞մ: Երևանում կան փողոցներ, որտեղ դեռևս չեմ եղել:
«Մոսկվա» կինոթատրոնի մոտ կանգնած էինք հորս հետ: Մհեր Մկրչյանին տեսանք: Այդ հատվածը ինձ համար մի ուրիշ Երևան դարձավ:
Կարոտում եմ Լալայանց փողոցի վրա գտնվող Վարդուհի Վարդանյանի՝ Թութուշի տունը:
Թումանյանի այգում եմ առաջին անգամ սեր խոստովանել՝ ձորին նայող հատվածում: Եթե չհաշվենք, իհարկե, մանկապարտեզում առաջին սիրահարվածությունը:
Երևանի մասին ինձ համար ամենակարևոր երգերը ծնվել են Լենինգրադյանում գտնվող մեր մեկ սենյականոց փոքրիկ բնակարանում՝ խտատանը: Այդ խտացումից են ծնվում երգերը՝ փոքրիկ սենյակում գտնվող սեղանի վրա, երբ մայրս քնած է ու չեմ կարող լույս վառել:
Երևանի մասին գրված խոսքերում հորինվածք կա: Հաճախ երգերում գրում եմ, թե ինչպիսին կուզենայի լիներ իմ Երևանը: Այդ երգերը երբեմն նյարդայնանալու աստիճան պայծառ են, բայց դա մեծ ցանկություն է, ես ուզում եմ ապրել նման Երևանում: Սակայն հիմնականում ճշմարտությունն եմ ներկայացնում, այն, ինչ զգում եմ՝ «ամեն քաղաք աշխարհում զարկող սիրտ ունի, Երևան՝ սրտից բացի դու ունես հոգի»: Կամ՝ «Երևան սիրելը դեռ շատ քիչ է, պետք է Երևանն էլ սիրի քեզ: Երևանում ծնվելը դեռ շատ քիչ է, պետք է Երևան ծնվի քո մեջ»:
Երևան՝ պարադոքսների մայրաքաղաք: Մեր քաղաքը կարող է լինել վարդագույն, բայց գորշ, ունենալ քանդված Նորք, բայց էլիտար մի կառույց, նա գնում է դեպի հավերժություն, հին, փոքր, ամբիցիոզ է, Հռոմից մի քանի տարի ավելի է, կառուցվում, մահանում, վերածնվում ու հպարտանում է, բիբլիական է, աստվածապաշտ, բայց աստվածամերժ, քրիստոնյա, բայց հակաքրիստոնյա, գործողությունների ու մտքերի մեջ՝ հակասող: Իմ Երևանը բազմերանգ է՝ 24 ժամվա ընթացքում տպավորություններս քաղաքի, իմ, շրջապատիս մասին արագ փոփոխվում են: Ես վարդագույն ակնոցներով չեմ ապրում ու շատ լավ տեսնում եմ, թե ինչ է կատարվում Էրևանումս: Այս քաղաքն ունի հոգի, սիրտ, մարմին, գիտակցություն:
Իսկական սիրո այգու նախագիծ ունեմ. պուլպուլակ, համբույրի արձան, շատ փոքրիկ, կանաչ նրբանցք, որ կոչվում է սիրահարների փողոց: Անգամ ճարտարապետորեն տեսնում եմ այդ այգին: Ու մեծ ցուցանակ է փակցված հենց մուտքի մոտ՝ «Անսեր մարդկանց մուտքը խստիվ արգելվում է»:
Եթե շուտափույթ չկազմակերպվի, կարգի չբերվի հին քաղաքը, Երևանը կկորցնի իր դեմքը: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր անդադար պնդում են՝ «քանդեցի՜ն»: Ուղղակի վախենում եմ, որ քաղաքի հոգին փոխվի ու այն դառնա տարրալուծված, գլոբալիզացիայի ենթարկված, անդեմ քաղաք: Բայց դա էլ է մարդկանցից կախված:
Երևանը սահմանափակում է ինձ դեմքի արտահայտության տեսակներով, չարության, նախանձի ու անհասկանալի տիպարներով: Դա իմ քաղաքը չէ, այլ մարդիկ են: Իսկ ես, ի պատասխան այդ տեսակների, քայլելուց ժպտում եմ ու երկար նայում եմ ինձ փիս նայող մարդու դեմքին: Տեսնում եմ, որ ծխախոտը գետնին են նետում, ցուցադրաբար կպցնում եմ իմ ծխախոտը, հանգցնում ու նետում եմ աղբարկղը:
Քաղաք դուրս գալը հետաքրքիր երևույթ է: Այն մարդիկ, ովքեր իրենցից որևէ ակցիա են ներկայացնում, պետք է հաճախ քայլեն քաղաքում:
Երևանի ամենապոետիկ վայրերը Սիրահարների այգին, Կարապի լճի տարածքն ու Կասկադն են: Բայց շատ պոետիկ է նաև Կոնդի, Նորքի կիսափուլ վիճակը: Մեր քաղաքի մետաֆիզիկան շատ հետաքրքիր է: Վերևով այնպիսի ալիքներ են անցնում, որ անհնար է տխուր ապրել, չնայած տխրության բազմաթիվ առիթներ ունենք, բայց ոչ թե քաղաքից, այլ՝ մարդկանցից:
Վախենում եմ կորցնել Երևանի զարկերակը: Օրական 5-6 տաքսի եմ փոխում, իսկ տաքսու վարորդները իմ քաղաքի զարկերակն ապահովողներն են: Նրանք իսկապես սրտացավ են, իսկ ես գրող ու ցավ եմ, պետք է շփվեմ սրտացավերի հետ, որ հասկանամ, ինչով է շնչում քաղաքը: Երևի հենց այդ շփումներինց չզրկվելու համար մինչև հիմա մեքենա չեմ գնել:
Հպարտանում եմ Երևանում ապրող իմ տաղանդավոր ընկերներով, ովքեր դեռ չեն հեռացել: Չեմ կարող հպարտանալ շատ, կամ քիչ կանաչ լինելու փաստից:
Ի՞նչ է Էրևանը: Տու՞ն, շե՞նք, թե՞ մենք, բնակիչներս ու մեր գիտակցությունը: Էրևանը՝ մեր ենթագիտակցությունն է: Որտեղ կա աղբ, այնտեղ աճում է նաև ծաղիկ: Աղբը ներսից է պետք մաքրել: Եթե աղբը մեզնից հանենք, այն դուրս կգա քաղաքից, երկրից:
Երազում եմ՝ գա այն օրը, երբ առավոտյան ուղիղ ժամը վեցին ես ու Երևանը կարթնանանք, նա ինձ համար սուրճ կպատրաստի, ճպռոտած աչքերով միասին կծխենք ու կլռենք: