05 Ապրիլ 2013, 13:21
3150 |

Ժպտացող Միկը

Ամերիկյան թերթերը նրան անվանել են «նեղ տեղերի սովետական լիկվիդատոր» և «ժպտացող Միկ»: ԽՍՀՄ-ում ԱՄՆ դեսպան Ուոլթեր Բեդել Սմիթը նրան բնորոշել է որպես «ամբողջ աշխարհի մասշտաբով խելացի և իմաստուն փոքրիկ հայ»: Իսկ Սմիթի նախորդը՝ Էյվերել Հարիմանը նրան համարել է «Կրեմլի միակ մարդը, որի հետ կարելի է խոսել»:

ԱՄՆ-ում տագնապի ազդանշանով ոտքի ելած 250 000 զինվորներն ու 90 000 ծովային հետևակայինները օր օրի սպասում էին Կուբա ներխուժելու հրամանին: Ազատության կղզին արդեն շրջափակել էին ավելի քան 180 ամերիկյան ռազմանավերը, իսկ ԱՄՆ ՌՕՈՒ ինքնաթիռները պատրաստվում էին ռմբակոծել Կուբայի սովետական ռազմակայանները, եթե ԽՍՀՄ-ը չընդուներ ամերիկյան վերջնագիրը՝ ապամոնտաժել միջին հեռահարության հրթիռային կայանները: Այդ միջոցին խորհրդային ռազմանավերն ամբողջ թափով սլանում էին դեպի Կուբա՝ հրաման ստանալով ամերիկացիներին ուշադրություն չդարձնել: Կուբայում այդ ժամանակ արդեն 42 000 խորհրդային զինվոր էր տեղակայվել: Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին էր: Բարեբախտաբար, այդ իրադրության մեջ գտնվեց այն մարդը, որն ընդունակ եղավ իր վրա վերցնել ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի և Կուբայի միջև արտակարգ եռակողմ բանակցությունների բեռը, ինչի շնորհիվ մարդկությունը խուսափեց աղետից: Այդ մարդը ԽՍՀՄ Նախարարների խորհրդի փոխնախագահ Անաստաս Իվանի (Արտաշես Հովհաննեսի) Միկոյանն էր: «Կարիբյան ճգնաժամի» լուծման ուղղությամբ ջանքերը դարձան նրա հարուստ քաղաքական կարիերայի պսակը:

38 տարվա անընդմեջ աշխատանք ԽՍՀՄ կառավարությունում. այսպիսին է Միկոյանի աշխատանքային փորձը: Տաղանդավոր կազմակերպիչ, բանակցությունների և փոխզիջումների վարպետ, ում հաջողակ լինելու գործում ծագումը մեծ դեր խաղաց: Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մաքմիլանին Միկոյանն ասում էր. «Ձեզ մոտ՝ Անգլիայում, առևտրի բազմադարյա ավանդույթ կա: Բայց մենք նույնպես գիտենք առևտրային բանակցություններ վարել. ես հայ վաճառականների երկարամյա պատմություն ունեմ անցյալում»:

Առաջին հնգամյակների ընթացքում Խորհրդային Միությունը արդյունաբերական սարքավորումներ գնելու տարադրամի խիստ պակաս ուներ: Միակ բանը, որը կարող էր վաճառել տարադրամի դիմաց, թերևս, հայտնի արևմտյան վարպետների կտավներն էին, ոսկե և ակնագործական աշխատանքները, ցարական պալատների կահույքը, ինչպես նաև Նիկոլայ Երկրորդի գրադարանի մի մասը: Բայց այդ ամենը վաճառելը հեշտ չէր ռուսական էմիգրացիայի ականավոր գործիչների բողոքի պատճառով: Եվ, այնուամենայնիվ, Միկոյանին հաջողվեց խոշոր գործարքներ կնքել Գալուստ Գյուլբենկյանի՝ հայազգի հանրահայտ միլիարդատիրոջ հետ, որն ապրում էր Պորտուգալիայում: Այնուհետև արժեքավոր իրերը սկսեցին գնել նաև ամերիկացիները: Այդ գործարքներն իրականացվեցին մինչև 1936-ը, իսկ ԽՍՀՄ ընդհանուր հասույթը դրանցից կազմեց ավելի քան 100 մլն դոլար:

Լինելով սննդի արդյունաբերության ժողկոմ՝ Միկոյանը ջանք չխնայեց վերջինիս կայացման համար, մասնավորապես, նպաստեց ԽՍՀՄ-ում սառեցնող սարքերի արտադրության արագ զարգացմանը: Իսկ նրա սիրելի զբաղմունքը պաղպաղակն էր… Անգամ Ստալինը մի անգամ նկատել էր. «Դո'ւ, Անաստաս Իվանովիչ, այնպիսի մարդ ես, ում համար այնքան կարևոր չէ կոմունիզմը, որքան լավ պաղպաղակ պատրաստելու խնդրի լուծումը»: Ընդհանրապես, պետք է խոստովանել, որ Միկոյանը ցանկացած խնդրի խորապես և համակողմանի էր մոտենում:

1936-ին Միկոյանը տիկնոջ հետ ճամփորդության էր մեկնել«Նորմանդիա» շոգենավով, որը շարժվում էր Հավր – Նյու Յորք – Հավր երթուղով: Ամբողջ ճանապարհի ընթացքում Միկոյանը «դասեր» էր քաղում ֆրանսիացի սոմելյեից և երկարատև ծովային ճանապարհորդությունից հետո ամերիկյան ափ իջավ՝ որպես գինիների ճշմարիտ գիտակ: Գործը հետաձգելու սովորություն չունեցող Միկոյանը կարգադրեց շամպայն գինիների արտադրությունն ուսումնասիրելու համար Ֆրանսիա ուղարկել մի խումբ խորհրդային գինեգործների: Իսկ հետդարձի ճանապարհին անձամբ այցելեց Շամպան գավառ, և արդյունքում ԽՍՀՄ-ում հայտնվեց «Խորհրդային շամպայնը»:
Քչերը գիտեն, որ հենց Միկոյանի նախաձեռնությամբ է ԽՍՀՄ-ում 30-ականների վերջին հրատարակվել առաջին խորհրդային խոհարարական գիրքը՝ «Գիրք համեղ և առողջ սննդի մասին»: Միկոյանի կազմակերպչական տաղանդն անգնահատելի էր նաև պատերազմի ժամանակ, երբ նա գլխավորեց Կարմիր Բանակի Հագուստի և պարենային մատակարարման կոմիտեն: Նա է կնքել ԽՍՀՄ-ին ամերիկյան մատակարարումների մասին պայմանագրերը: Միկոյանի մեծ դերակատարումը այս գործում այնքան անվիճելի էր, որ 1943-ին՝ պատերազմի ամենաթեժ շրջանում, նրան Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհվեց:

Նա այն քիչ պետական գործիչներից էր, ում շրջանցեց ստալինյան բռնությունների անխիղճ մեքենան: Շատերը դա բացատրում են Միկոյանի մեծ կոնֆորմիզմով, նրա հարմարվողականությամբ: Միկոյանի բարոյական մաքրության մասին վեճերը չեն դադարում մինչև օրս: Անաստասն ինքն այդ շրջանի մասին ինքնաքննադատաբար էր արտահայտվում. «Բոլորս էլ այդ ժամանակ սրիկա էինք»: Բայց դրա հետ մեկտեղ պետք չէ մոռանալ, որ նա անձամբ չի մասնակցել ռեժիմի հանցագործություններին: Ավելին, միշտ դեմ էր բռնություններին և ջանում էր օգնել ազնիվ մարդկանց, գոնե ոմանցից հեռու տանել սպառնալիքը: Իհարկե, նա հաճախ ստիպված էր լինում նաև լռել, իսկ երբեմն' բարձրաձայն օժանդակել իրականացվող մաքրումների քաղաքականությանը: Ստալինը ակնհայտ սպառնում էր Միկոյանին. «Պատմությունն այն մասին, թե ինչպես Բաքվի 26 կոմիսարներ գնդակահարվեցին, և նրանց միայն մեկը՝ Միկոյանը, կենդանի մնաց, մութ ու խճճված է: Եվ դու, Անաստա'ս, մի' ստիպիր մեզ բացել այդ պատմության փակագծերը»: Ստալինը ոչ մեկին թույլ չէր տալիս «մաքրամաքուր» մնալ. ձերբակալությունների մասին մի շարք մակագրությունների ներքո հայտնվում էր նաև Միկոյանի ստորագրությունը: Գործարք խղճի հե՞տ: Շատերն այսօր ասում են, որ լռությունը հանցակից լինել է, իբր, պետք էր բողոքել ապօրինությունների դեմ, պետք էր բարձրացնել սեփական ձայնը, պետք էր… Բայց այսօր և այստեղ ասելն ավելի հեշտ է, քան այդ ամենն անելը 30-ականներին Կրեմլում: Ի՞նչ էր այն ժամանակ նշանակում բացեիբաց ելույթ ունենալ Ստալինի և ՆԳԺԿ-ի դեմ. անխուսափելի մահ: Միկոյանը դա շատ լավ գիտակցում էր: Ընդ որում, մահ էր սպասում ոչ միայն «համարձակին». արյունալի մսաղացում ինքնաբերաբար հայտնվում էին նրա բոլոր ազգականները՝ ներառյալ ընկերները, աշխատակիցներն ու զինակիցները:

Մեռնել և սեփական անունն անբիծ թողնել, բայց իր հետ գերեզման տանել հարյուրավոր անմեղ մարդկա՞նց: Աստված հեռու պահի նման ընտրությունից: Մերձավորներին, սեփական ընտանիքին վնասելու վախը բոլոր ժամանակներում ճնշման և ենթարկեցնելու ամենաազդեցիկ մեթոդներից է եղել: Պրոֆիլակտիկ կերպով այդ միջոցը կիրառվել է նաև Անաստաս Միկոյանի հանդեպ: 1943-ին Մոսկվայում ավիացիոն արդյունաբերության նախարար Շախուրինի որդին գնդակահարեց իր ընկերուհուն և ինքնասպան եղավ: Հետաքննության ժամանակ ցնցող մանրամասներ բացահայտվեցին. կրեմլյան բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները «կառավարություն են խաղում»՝ կիսելով «նախարարական պորտֆելներն» ու «պաշտոնները»: Միկոյանի երկու կրտսեր որդիներին մեղադրեցին «հակախորհրդային գործունեության» մեջ և ձերբակալեցին: 15-ամյա Վանոյի և 13-ամյա Սերգոյի անցկացրած կես տարին Լուբյանկայում և նրանց «վարչական աքսորը» Ստալինաբադ (Դուշանբե) կոչված էին հիշեցնելու Անաստաս Միկոյանին, որն իրեն թույլ էր տալիս վիճել միապետի հետ, թե ով է տանտերը: Մեկ տարի էլ չանցավ, երբ Ստալինգրադի կռվում նա արդեն կորցրեց իր հինգ որդիներից մեկին՝ Վլադիմիրին…

Այդուհանդերձ, չնայած Ստալինի դաժանությանն ու անգթությանը, չի կարելի չնշել, որ նա բարձր էր գնահատում պրոֆեսիոնալներին, գործին նվիրված և իրենց առջև դրված բարդագույն խնդիրները արդյունավետ լուծելու ընդունակ մարդկանց: Հենց դրանով է, մասնավորապես, բացատրվում Միկոյանի «կենսունակությունը» ստալինյան ժամանակաշրջանում: Մեկը կատակով անգամ առաջարկում էր կայունության միավոր սահմանել՝ «մեկ միկոյան»: Օրինակ, ստալինյան գիշերային հավաքների ժամանակ, երբ առաջնորդը, համոզված լինելով, որ խմած գինին կարձակի իր կուսակիցների լեզուները, ուշադրությամբ լսում էր նրանց խոսակցությունները, իսկ Միկոյանը համոզել էր մատուցողուհուն, որպեսզի նա գինու փոխարեն իրեն բալի հյութ բերի: Բայց անգամ այդ «կրեմլյան երկարակյացը» 1952-ի վերջին մոտ էր ճակատագրական սահմանին: ԽՄԿԿ XIX համագումարի ժամանակ Ստալինը Միկոյանին ու Մոլոտովին խստորեն քննադատեց: Բոլորը գիտեին, թե դա ինչ է նշանակում, և հասկանում էին, որ նրանց ճակատագիրը կանխորոշված է: Միկոյանն օր ու գիշեր չէր բաժանվում ատրճանակից՝ ժամ առ ժամ սպասելով ձերբակալությանը:

Ստալինի մահը 1953-ի մարտին, ըստ էության, վճիռը չեղյալ դարձրեց: Անաստաս Միկոյանի բախտը բերեց: Ընդհանրապես, նրա իսկ խոստովանությամբ, հաջողությունը գրեթե ամբողջ կյանքի ընթացքում նրա ուղեկիցն է եղել: Բազմիցս է հայտնվել մահվան եզրին՝ 1915-ին ռուս-թուրքական ճակատում, 1918-ին՝ Բաքվի գնդակոծության ժամանակ: Բոլորովին պատահականորեն նրա անունը չհայտնվեց Բաքվի կոմունայի՝ Կրասնովոդսկում գնդակահարված 26 կոմիսարների ցուցակում: Նա կարող էր զոհվել, երբ մի հուսահատ զինվոր 1941-ի աշնանը կրակեց նրա՝ Կրեմլի դարպասից դուրս եկող ավտոմեքենային: Իսկ 1959-ի հունվարին Միկոյանի հաջողակությունը փրկեց ոչ միայն նրա կյանքը: Սկանդինավյան ավիաուղիների ինքնաթիռում, որով Միկոյանը Նյու Յորքից Կոպենհագեն էր մեկնում, իրար հետևից այրվեցին երկու աջ շարժիչները: Նավամատուցողուհիները, հարցնելով Միկոյանի թույլտվությունը, նավի առավել անվտանգ պոչային հատվածում գտնվող նրա սրահ տեղափոխեցին երեխաներով ուղևորներին: Այնուհետև սկսեցին մանրամասն բացատրել փրկարարական միջոցների կիրառությունը, այդ թվում ինչ-որ հրաշագործ փոշու, որը ջրի վրա վայրէջք կատարելիս վանում է շնաձկներին: Դրան ի պատասխան Միկոյանը նուրբ ու քաղաքակիրթ կերպով վստահեցրեց նավամատուցողուհուն, որ ոչ մի շնաձուկ իր վրա ուշադրություն չի դարձնի, եթե իր կողքը նման գեղեցիկ աղջիկ լինի: Նրա կատակը մեղմեց լարված իրադրությունը, իսկ օդաչուներին հաջողվեց ժամանակին վայրէջք կատարել ԱՄՆ ռազմածովային կայանի տարածքում…

Բայց դրանով օդային պատահարները չավարտվեցին: Նույն տարվա նոյեմբերին՝ Մեքսիկայից վերադառնալուց հետո, պարզվեց, որ թռիչքի ևս 20 րոպե, և Միկոյանի ինքնաթիռը վթարի կենթարկվեր տուրբինի խնդիրների պատճառով:

Սակայն Անաստաս Միկոյանի հաղթաթուղթը միայն հաջողությունը չէր: Արտասովոր մարդկային ու գործնական որակները, ծայրահեղ իրադրություններում փոխզիջումային լուծումներ գտնելու ընդունակությունը՝ ահա թե ինչով էր հայտնի Միկոյանը: Ճշմարտությունը մեջտեղում է. երևի այսպես կարող էր հնչել նրա գաղտնի կարգախոսը:

Նա ձեռնպահ մնաց Ստալինի մահից անմիջապես հետո ծավալված պայքարից հանուն իշխանության: Հենց Միկոյանը խստորեն դատապարտեց Ստալինի կողմից իշխանությունը չարաշահելու հարցը՝ հանգամանալից ու խորին քննադատության ենթարկելով այն, ընդ որում արեց դա տասը օր ավելի շուտ, քան Խրուշչովն իր հանրահայտ զեկույցում XX համագումարի ժամանակ: Սակայն հենց Միկոյանն էլ զգուշացրեց, որ չի կարելի նսեմացնել Ստալինի արժանիքները պետության կառավարման գործում, հատկապես՝ պատերազմի ժամանակ: XX համագումարից հետո Միկոյանն անմիջականորեն ղեկավարում էր մոտ 100 հանձնաժողովների կազմավորումը, որոնք պետք է մեկնեին ԽՍՀՄ բոլոր ճամբարներ ու կալանավայրեր, որպեսզի արագ իրականացնեին քաղբանտարկյալների մեղադրանքների վերանայումը: Միկոյանն իր մի շարք նախկին ընկերներին ու աշխատակիցներին օգնեց վերականգնվել ու վերադառնալ, նրանց մի մասը պատասխանատու պաշտոններ զբաղեցրեցին կուսակցական և պետական աշխատակազմերում:

Նա պետական մտածողության և մասշտաբի մարդ էր, այլ կերպ ասած՝ պետական գործչի վառ օրինակ: Նրա ցանկացած գործողություն, ցանկացած քայլ ուղղված էր երկրի շահերին, անձնականը երկրորդ պլան էր մղվում: Այդպես էր, երբ Կարիբյան ճգնաժամի օրերին մահացավ Անաստասի կինը՝ Աշխենը: Ծանրագույն ապրումներից հետո Միկոյանը, այնուամենայնիվ, չընդհատեց իր առաքելությունն ու չեկավ թաղմանը՝ գիտակցելով իր ուսերին դրված հսկայական պատասխանատվությունը միջազգային իրադրության համար:

Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Էլմանն ասում էր. «Միկոյանի երկարակյացության պատճառը ոչ միայն և ոչ այնքան նրա ապշեցուցիչ խորամանկությունը, իրավիճակում կողմնորոշվելն ու ինտրիգ ստեղծելն էր: Բանը միայն նրա դիվանագիտական ֆենոմենալ տաղանդը չէր: Միկոյանն իսկապես գրեթե անփոխարինելի էր: Նա գերարդյունավետ էր»: Այժմ նման մարդկանց ժամանակակից լեզվով անվանում են «կրիզիս-մենեջեր»: Միկոյանի մասին կարելի է ասել «հանճարեղ կրիզիս-մենեջեր»: Նա գիտեր՝ ինչպես ճիշտ ուղու վրա դնել իրադրությունը, գտնել փոխզիջումային լավագույն տարբերակը՝ կորցնելով մասնավոր հարցերում, բայց շահելով գլխավորում: Երբ Գռոզնիում անկարգություններ սկսվեցին ռուսական բնակչության և արտաքսումից հետո հանրապետություն վերադարձած չեչենների ու ինգուշների միջև, հենց Միկոյանը մեկնեց Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ, որպեսզի կարգավորի հակամարտությունը: Հարցը լուծվեց առանց արյունահեղության և զանգվածային ձերբակալությունների:

Անաստաս Միկոյանի աչքի առջև տեղի է ունեցել Խորհրդային Միության գրեթե ամբողջ պատմությունը, նա եղել է երկրի կյանքում գրեթե բոլոր նշանակալի իրադարձությունների մասնակիցը կամ վկան: Ամերիկյան խորհրդագետ և պատմաբան Ա. Ուլամը գրել է. «Ինչպիսի՛ պատմություն կունենայինք, եթե Անաստաս Միկոյանը մեզ փոխանցեր իր ճշմարիտ հիշողությունները: Խորհելով քաղաքական առաջխաղացման արվեստի մասին՝ մենք սովորաբար անդրադառնում ենք Թալեյրանի օրինակին: Բայց Թալեյրանը Միկոյանի համեմատ դիլետանտ էր… Երբ Միկոյանը մահանա, մենք կարող ենք համոզված լինել, որ դարդով տապակված գործընկերները նյարդայնորեն և մանրամասն ուսումնասիրելու են նրա թողած ամեն մի թղթի կտոր»: Ուլամը մոտ էր իրականությանը:

Անաստասի մոսկովյան բնակարանում մի հսկայական չհրկիզվող պահարան կար, որի պարունակության մասին ոչ ոք չգիտեր, բացի տիրոջից: Միկոյանի մահվան լուրը տարածվելուն պես նրա արխիվը, ինչպես նաև պահարանի պարունակությունը առգրավվեց «ուսումնասիրության համար»: Այդպիսին է, թերևս, շատ պատասխանատու պաշտոններ զբաղեցրած գրեթե բոլոր մարդկանց անձնական արխիվների ճակատագիրը: Ասում են, որ երբ Սուսլովի մահից հետո բացեցին նրա արխիվը, ապա միայն մի բարակ թղթապանակ գտան: Միկոյանի արխիվը փոխադրելու համար երեք բեռնատար ավտոմեքենա պահանջվեց: Պետական մասշտաբի քաղաքական գործիչները հազվադեպ են միանշանակ լինում: Անաստաս Միկոյանը բացառություն չէ, նրա անձը հակասական և բարդ է: Բայց մի բան վստահաբար կարելի է ասել. շատ սերունդների համար Միկոյանն ընդմիշտ կմնա պետական ու քաղաքական գործչի վառ օրինակ:

Այս թեմայով