03 Ապրիլ 2013, 17:07
1766 |

Փակ շուկայի «փակ» գաղտնիքները

Պետությանը պատկանող հուշարձանն ինչ-որ մեկի թեթև ձեռքով վաճառելուց հետո անհանգստացողների, ահազանգողների թիվն ավելանում է։

Երևանի Փակ շուկան հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձանների ցանկում է։ Խորհրդային ժամանակներում զբոսաշրջիկներին Փակ շուկա էին տանում' ցույց տալու հայկական բարիքներն ու գյուղացիական առևտրի կոլորիտը։ Բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել այնտեղ' ընդգծելու շինության ճարտարապետական ու մշակութային բացառիկ արժեքը։ Փակ շուկան համարվել է ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի լավագույն աշխատանքներից մեկը, որը ճարտարապետական յուրօրինակ լուծումների շնորհիվ հավասարազոր էր «Երիտասարդական» պալատին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին։ Փակ շուկան արժանացել է պետական մրցանակի։

Իսկ հիմա այն բոլոր կողմերից փակ շինհրապարակի է վերածվել։ Թիթեղյա պատնեշի վրա էլ գրված է. «Հուշարձանը չի քանդվելու, ով որ կասկածում է...»։
Կասկածողներ, այնուամենայնիվ, գտնվեցին։ Պետությանը պատկանող հուշարձանն ինչ-որ մեկի թեթև ձեռքով վաճառելուց հետո անհանգստացողների, ահազանգողների թիվն ավելանում է։ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ու փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը դառը փորձից օրինակներ են բերում. վաճառվեց «Երիտասարդական» պալատն ու առանց խղճի հիմնահատակ քանդվեց, նույն բախտին արժանացավ «Սևան» հյուրանոցը։ Մասնավոր սեփականատիրոջ շինարարական ախորժակը դեռ անցած տարվանից է անհանգստացնում ճարտարապետներին ու ընդհանրապես մեր մտավորականներին, որոնք տեղեկություն չունեն, թե ինչի է վերածվելու, ի վերջո, Փակ շուկան. հանրության երբեմնի սեփականությունն ի՞նչ նպատակով է օգտագործվելու։ Բողոք-նամակներ են ուղարկվել հանրապետության նախագահին, վարչապետին, Երևանի քաղաքապետին, մշակույթի նախարարին ... Պատասխան չկա։ Օրերս դատախազությունն է պատասխանել ճարտարապետների միության նամակին, թե' Փակ շուկայում կատարվող շինարարական աշխատանքները հանցակազմ չեն պարունակում, կա հաստատված նախագիծ, երևանցիներին է վերադարձվելու պատմամշակութային տեսքն ու արժեքը պահպանած նոր շինություն։

Սակայն մեր ճարտարապետներն առավել քան համոզված են, որ շինհրապարակում արդեն իսկ բարբարոսություն է կատարվել։ «Ծածկած շուկայի տարածքում շարունակվում են շինաշխատանքները' առանց հաստատված նախագծի։ Այն անօրինական կառույց է։ Ոչ ոք չի կարող ասել' արդյո՞ք սեփականատիրոջն առաջարկվել է պայմանագիր, որում նշված լինի, թե նա ինչ պարտավորություններ պետք է ստանձներ շինարարություն կատարելիս' պահպանել ճարտարապետական տեսքը, չխաթարել պատմամշակութային նշանակությունը և այլն։ Անգամ եթե պայմանագրում նման կետեր չեն էլ եղել, քաղաքաշինության մասին և հուշարձանների պահպանության օրենքներով Փակ շուկան արդեն իսկ պետք է պաշտպանված լիներ, որովհետև այն հանրապետական նշանակության մշակութային ժառանգություն է»,- նկատում է Մկրտիչ Մինասյանը։

Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը, Երևանի գլխավոր ճարտարապետը որոշել են դադարեցնել շինարարությունը. առաջարկվել է ամրացնել, վերականգնել կառույցը։ «Ասում են' դեմոնտաժ կանենք և կպահպանենք հին տեսքը, բայց այդքան մեծ ու ծանր շինարարություն անելուց հետո ո՞ վ և ինչպե՞ս է դեմոնտաժն անելու։ Մենք կորցնում ենք մեր քաղաքի պատմական շերտերը, մեր քաղաքից ոչ մի տեղ չգնալով' մի օր արթնացանք այլ Երևանում... Հյուսիսային պողոտա։ Ուրիշ երկրներում կերազեին նման հին շինություններ ունենալ, ունենալու դեպքում էլ կփայփայեին, կպահպանեին, իսկ մե՞նք»,-անհանգստանում է Ալեքսանդր Բադալյանը։ Ճարտարապետներին մտահոգում է քար-լռությունն ու անտարբերությունը, երբ անձնական շահը վեր է դասվում քաղաքի, պետության, հուշարձանի շահից։ Նրանք հավելում են. «Այսուհետև ինչ էլ փոխվի կամ չփոխվի, ինչ որոշում էլ կայացվի, միևնույն է, կատարվածը հանցագործություն է»։

 

Այս թեմայով