Երթուղային թրաֆիքինգ
Երևանի տրասնպորտային ցանցն իր բոլոր պողոտաներով, փողոցներով ու նրբանցքներով մի հսկայական արյունատար համակարգ է, որի միջով հոսում է մարշրուտկա մակնիշի երթուղային տաքսին իբրև հսկայական տրոմբոցիտ՝ պատրաստ ամեն պահի մեքենաների կենսահոսքի խցանման և տրանսպորտային ցանցի կաթվածահարության պատճառ դառնալ: Նրան հայհոյում են գծի տերերը՝ պլանային վճարները ձգձգելու համար, նրան հայհոյում են դիսպետչերները՝ ժամանակացույցը խախտելու համար, նրան հայհոյում են պառավները՝ կանգառից դուրս չկանգնելու համար, հայհոյում են քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող աչոնները՝ քեֆային բարձրության վրա միացված ռաբիսի և ծխելու համար, հայհոյում է կինը՝ քիչ վաստակելու և անուշադրության համար, հայհոյում են նստած ուղևորները՝ արագ արգելակելու համար, նրան հայհոյում են կանգնած ուղևորները՝ նոր կանգնած ուղևորներ բարձելու համար, նրան հայհոյում են հետիոտները՝ ճանապարհը չզիջելու համար, իսկ նա, միաժամանակ վարորդ, մեխանիկ, հոգեբան, տոմսավաճառ, փոխանակման կետ, դիջեյ, ծխնելույզ, ընտանիքի հայր և քաղաքացի՝ ամեն ինչ հասցնում է և ոչ ոքի չի հայհոյում…
Ներգազելային սոցիալական շերտավորումն ու ժողովրդագրական կազմը
Մարշրուտկան սոցիալական բարդ համակարգ է, որտեղ գործում են ներդասակարգային դերաբաշխումներ՝ խճճված հոգեմարմնական փոխհարաբերություններով: Օրինակ՝ երթուղայինի բոլոր տեղերը հաստիքային են: Ձախ կողմի ամենավերջին երկու տեղերը մաքուրով սիրածիկների տեղերն են, այնտեղ միշտ նստում են սկսնակ ու թունդ սիրահարները, որ փնթփնթան, արհմիութենական անցյալով պառավների աչքից հեռու միանձնանալու ևս մի կես ժամ շահեն, որ տղան չորս հոգու համար նախատեսված նստարանին վեցերորդ ուղևորին տեղավորելու առիթով սեղմվի, ձախ ձեռքով գրկի պատուհանի մոտ նստած աղջկան ու ականջին պուպուշ բաներ ասի հընթացս:
Վարորդի աջ երկու նստատեղերում, որոնց մուտքն առանձին դռնով է, հիմնականում մենավոր որձերն են նստում, ի դեպ, աջ կողմի նստատեղը համարվում է առավել նախընտրելի և այնտեղի նստողը հեշտությամբ չի զիջում ճակատագրով «ըստ արժան-վույն» իրեն բաժին ընկած աթոռը և ընդունում է հոտի առաջնեկ որձի վեհանձն տիրական դեմք: Ձախ կողմի նստածի բախտն ավելի քիչ է բերում, քանի որ նա ստիպված է անհատույց բավարարել վարորդի պարզ մարդկային շփման անհագ ցանկությունն ու քֆուրների բանահյուսությունը, որոնք հեռարձակվում են միայն իր ականջների հասանելիության դիապազոնում:
Դռան հարակից փոքրիկ սրահիկում հիմնականում նստում են երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից դժգոհ տարեցներն ու բանջարեղենի տոպրակներով ծանրաբեռնված փարթամ կանայք, տոպրակների արանքից խլվլում են դպրոցներից, մանկապարտեզներից հավաքագրված փոքրիկները:
Աջ մեկտեղանոց նստարաններից առաջինին նստում են նոր նշանված աղջիկները, որոնց փեսացուները մեքենա ունեն, բայց խառն են գործերով և առաջվա պես ամեն օր չէ, որ հասցնում են տուն ճանապարհել, իսկ նրա հետևի մեկտեղանոցին նստում են մաթեմատիկա և անգլերեն պարապող պզուկոտ տարիքի դիմորդները կամ առավել ազատամիտ աչիկոները, որոնք ռոք են լսում, ֆեյսբուքում ըքաունթ ունեն կամ նույնիսկ բլոգ, ուր գրում են տարբեր քաղաքացիական թեմաների, ասենք՝ Մաշտոցի այգու, Թեղուտի անտառների կամ մարշրուտկայի վարորդի անպատկառ վարքուբարքի մասին:
Ձախ կողմի երկրորդ երկտեղանոցին տեղավորվում են բանկային աշխատողները, միջին օղակի մենեջերներն ու քաղծառայողները, որոնք տարբերվում են իրենց գործնական հագուկապով, խնամված տեսքով, ձեռքին ունեցած թղթապանակներով և դեմքի լուրջ արտահայտությամբ: Նրանցից շատերը սիրելի մեքենայի մակնիշ ունեն և տան հիպոտեկը փակվելուց հետո, առաջին իսկ հնարավորության դեպքում կգնեն այն՝ լքելով մարշրուտկայի համայնքը:
Մարշրուտկան իր ժողովրդագրական կազմով և ներքին ծանրաբեռնվածությամբ խիստ բազմազան է լինում նաև օրվա տարբեր ժամերին և շաբաթվա տարբեր օրերին:
Ասենք՝ առավոտյան շուտ այն հիմնականում լցվում Է հռչակավոր «քարից հաց քամող» աշխատավոր հայ ժողովրդով՝ քնակոլոլ առևտրականներով, բանվորներով, ուսուցիչներով, խանութպաններով՝ մարդկանցով, որոնք ապահովում են երկրի ՀՆԱ-ի մոտ 80%-ը:
Ուշ գիշերով վերջին ուղերթն անցնող երթուղայինը լցվում է հիմնականում միջինից երիտասարդ տարիքի վստահություն չներշնչող քրեածին արտաքինով տղամարդկանցով, որոնց լարված ու մռայլ դեմքն իրականում վկայում է մտքի մեջ մայրիկների կամ կանանց մոտ ուշանալու հիմնավորումներ հորինելու մասին:
Կեսօրին հանրակառքը պաշարում են համաքաղաքային թղթաբանությամբ խառնված հաշվապահները, աղմկոտ ոգևորությամբ համակված ուսանողներն ու մեկ-մեկ էլ ես… ես տեղ հասա՝ ձյա՜ձ, ստե մի տե հարմարացրա՜…
Կառավահանակի անատոմիան
Վարպետ, հոպար, ուստա, ձյաձ, շեֆ կամ վարորդ, ասենք, Մուշեղն ամեն օր 7:30-ին բարձրանում է իր մարշրուտկայի ղեկին, ինչպես Նոյը՝ տապանի: Այն բարոյահոգեբանական, էրգոնոմիկական և կրոնափիլիսոփայական բոլոր առումներով պատրաստ է բաց ծով դուրս գալու, մնում է միայն ներքաղաքային աստղագնացը լիցքավորել մեթանով: Մարշրուտկայի տորպեդոն ոչ թե տեխնիկական պարամետրերը վերահսկելու կառավահանակ է ժանրի դասական ընկալմամբ, այլ իսկական խորան, կամակատար սրբատեղի, ուխտ, որի սպասարկմամբ բախտի չբերումով զբաղվող D կարգ ունեցող միջին վիճակագրական քուրմը պետք է լինի անքուն, անթրաշ, դողացող ձեռքերով, հագնված փնթի ու մռայլ գույների մեջ, դժբախտ ու նեռվային դեմքի արտահայտությամբ, մոլի ծխագար և մանուշակ բերանով:
Աջ դռան վրա հարմարեցված է հենակի գլխադիրը հատուկ ձեռքը հենելու և պատուհանից թեթևակի կախելու համար, այն հնարամիտ «կուռաժային» հավելված է և գազելի դեֆոլթ տարբերակում նախատեսված չէ, նույն տեղում կլոր սնամեջ սև մագնիս՝ մանրադրամը վրան հավաքելու համար, հողմապակու ձախ անկյունում սպիտակ թղթեր են, «ուղեգրեր» ռոմանտիկ անունով, ղեկի հետևի մասում ցուցիչների վահանակի վրա մի քանի տուփ հայրենական արտադրության ծխախոտ և մեկ բջջային, ևս մեկ բջջային՝ ղեկից աջ ամրացված գրպանիկի մեջ, նրանից աջ՝ ուղղանկյուն սև էլեկտրոնային ժամացույց վայրկյանացույցով՝ երթուղուն հետևելու համար, դրա վերևում տարբեր ծակերում խցած 500 և 200-անոց մանրադրամներ՝ անհրաժեշտության դեպքում շատ արագ դավադրաբար մեկնված հազարանոցին դիմակայելու համար, հիմնական ավար 100-անոց մանրադրամը կուտակելու խոռոչ, վերևում նույն նշանակության մի գանձանակ, որը գործարկվում է կոճակի սեղմումով, դրանից աջ՝ փոքրիկ գորգ՝ տակը հազարանոցները կուտակելու համար: Հողմապակու հայելուց կախված մեծ աչքաուլունք՝ դժբախտ պատահարներից հուսալի պաշտպանվելու և մի քանի փոքր աչքաուլունքներ գործերի հաջողության համար, նույն տեղում նաև սիբիրյան սոճիների բույրով հոտարձակ ստվարաթուղթ թուրքական արտադրության, ավելի ցածում ծծանակով հողմապակուց կպած նապաստակի պոչ կամ նման այլ անհասկանալի ծագման ու նշանակության փրչոտ իր, մի քիչ էլ ներքև՝ փոքրիկ եռագույն և Ռուսաստանի դրոշ՝ խոպանչիական անցյալի մասին վկայող դետալ, աներևակայելի պատճառներով այստեղ հայտնված մի քանի կեղտակոլոլ փափուկ խաղալիքներ, փոքրիկ արծաթե կամ փայտե խաչ և անպայման արևից գունատված Աստվածածնի նկարով օրացույց:
Անփորձանք, բարի ճանապարհ:
Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող մի քանի անկյուններում բարձր ճաշակ ու մեծ հնարավորություններ ունեցողների համար աչքի լույսի պես պահվում են գորգագործության եզակի նմուշներ, որոնցից շատերի տարիքը հատել է մեկ դարի սահմանը:
Լուսանկարիչ Արթուր Լյումեն Գևորգյանը ժապավենային ֆոտոխցիկի միջոցով ֆիքսել է Երևանի ամենահին թաղի երիտասարդության առօրյան: