26 Մարտ 2013, 10:51
3969 |

Փաբաստան

Այն, որ Երևանում փաբերն ու բարերը թվով մի քանի անգամ գերազանցում են ակումբներին ու դիսկոտեկներին, ինձ՝ քաղաքի բնակչիս համար, սովորական բան է: Իսկ արտասահմանցի ընկերներս չէին հավատում, որ նման բան հնարավոր է: Քաղաքի բարային մշակույթին նրանց ծանոթացնելու համար պլանավորեցինք մի գիշերվա ճամփորդություն՝ ջրի ճամփա նրանց համար, ովքեր սիրում են անցկացնել ազատ ժամանակը պայմանական բարային թաղամասում, որ բուսնել է քաղաքի ամենակենտրոնում՝ Փարպեցու, Թումանյանի, Պուշկինի ու Սարյանի փողոցներով պարփակված: Փաբերն այնքան կիպ են դասավորված, որ թվում է՝ մի ընդհանուր վայր է, որտեղ ապրում է այլընտրանքային Երևանը՝ գիշերային, աղմկոտ, տժժացող: Այն թմրադեղերից ոչ պակաս կախվածություն է առաջացնում, և ուրբաթն անմիջականորեն համաբանվում է փայտե սեղան-աթոռի, նեղ, նկուղային տարածքների հետ, որտեղ, ֆիզիկայի օրենքներին հակառակ, տեղավորվում է քո ամբողջ Երևանը:

Բարային զարթոնք

Բարային թաղամասը ցերեկը հազիվ թե նկատես: Բարերը, իրենց մշտական քլաբերների նման, մինչև երեկո թաքնվում են արևի լույսից: Նրանք կարծես տեղ էլ չեն զբաղեցնում երևանյան նեղ, գողտրիկ փողոցներում: Փոխարենը՝ երեկոյան տասնյակ նկուղային հարկեր բացում են իրենց դռները: Ի տարբերություն շատ այլ քաղաքների, Երևանում կապ չունի՝ վաղն աշխատանքային օր է, թե՞ ազատ. զբոսանքը միշտ էլ խրախուսվում է: Ամեն դեպքում, բարային ճամփորդությունը նախընտրելի է պլանավորել ուրբաթ կամ շաբաթ երեկոյի կամ էլ գիշերվա համար: Այստեղ կյանքն սկսվում է իննին մոտ և, սովորաբար, ավարտվում վերջին հաճախորդների հեռանալով:

Ճաշի կանոնները

Բարերով շրջելուց առաջ, իհարկե, անհրաժեշտ է մի կուշտ փորով հաց ուտել: Մենք ուղևորվեցինք Թումանյան, որտեղ, մի շարք փոքր փաբերի մոտով անցնելիս, բախվեցինք մի դռան, որի վերևում գունավոր շշերի շարան է կախված. Yellow Street-ն է: Վայրը բավական նոր է, այնպես որ՝ ես էլ էի այն հայտնաբերում ընկերներիս հետ: Այստեղ հայտնվելու պահին մենք հասկացանք, որ «Դեղին փողոցը» հազիվ թե բար անվանես: Չնայած, դժվար է նաև ներս չմտնել: Զննեցինք hand made իրերի փոքրիկ խանութը, որի միջով էլ անցանք սրճարան: Այստեղ կա երկու սրահ՝ ծխողների և չծխող-ների. սրճարանը Երևանի այն քիչ վայրերից է, որտեղ հարգում են առողջ ապրելակերպը: Վնասակար սովորություններ չունեցողները գնում են աջ, ծխողները՝ ձախ: Այստեղ մոխրագույն պատերից կախված են գրքերից պատրաստված պահարաններ, պահարաններին՝ զարթուցիչներ, թեյնիկներ, հին ֆոտոխցիկներ, գունավոր շշեր, մոմեր, հեռախոսներ. իսկական ռետրո թանգարան: Այստեղ, մեծ հաշվով, շեշտը դրված է ներքին հարդարման վրա, իսկ հանդիսատեսի համակրանք անվանակարգում հաղթող է ճանաչվում… զուգարանի ձևավորումը: Հատակը պատված է եվրոցենտերով, իսկ պատերին փակցված են երաժշտական դպրոցի դասագրքերի թերթեր: Լավ է՝ հանրագիտարաններից ու գրքերից էջեր չկան, թե չէ, ով գիտի, մեկը կարդալով ընկնի. զուգարանը Yellow Street-ում մեկն է, ժողովուրդը՝ լիքը:

Մենք տեղավորվեցինք վանդակավոր սփռոցով մեծ սեղանի շուրջ ու սկսեցինք զննել դպրոցական տետրակի նման ձեռագիր մենյուն: Մինչդեռ հարևան սեղանի շուրջ Yellow Street-ի տեր Արթուրը համտեսում էր տարբեր խմիչքներ:

— Ուզում եմ զովացուցիչ ըմպելիքներ ավելացնել մենյուի մեջ: Ասենք՝ սառը կիսել: Բայց մեզ կսազի՞ կիսել մատուցել:

— Անշուշտ:

Ու իսկապես, սա այն տեղն է, որտեղ ուզում ես ինչ-որ տնական բան խմել, փաթաթվել տաք սվիտերի մեջ և երկար ու ձիգ զրույցներ վարել Արթուրի հետ: Ի դեպ, նա մեզ խորհուրդ տվեց պատվիրել բագետ: Մենյուի մեջ՝ հավով, խոզապուխտով, թունա ձկով, նաև բրոկոլիով՝ հատուկ բուսակերների համար: Ամեն մեկս իրենն ընտրեց: Հույս էլ չկար, որ ֆասթֆուդային արվեստի մի մետրանոց ստեղծագործությունը կտեղավորվի մեկ ափսեի մեջ: Այն տեսնելիս էլ անմիջապես պարզ դարձավ, որ մենք գերագնահատել ենք սեփական ուժերը: Ստիպված էինք պատվիրածներիս տակից դուրս գալ: Ուտելով համեղագույն բագետները՝ մենք «բարով» ասացինք Արթուրին, առանց կասկածի, որ այստեղ դեռ շատ կգանք:

Իռլանդական թեքումով

Լքեցինք սրճարանը ժամը տասին մոտ, հատեցինք Թումանյան փողոցն ու հասանք Փարպեցի: Այստեղ արդեն բավականին աշխույժ է: Ուրախ ընկերախմբերը մի բարից մյուսն են սուզվում: Լավ է, որ յուրաքանչյուր նոր նշանակման կետը մյուսից երկու քայլի վրա է: Այնպես որ, ոչ տապը, ոչ սառնամանիքը սարսափելի չեն:
Մեր ճանապարհի առաջին բարը Irish 26-ն է՝ ամենահայտնիներից մեկը: Իռլանդական պատկանելությունը ճանաչելի է հենց դռնից, որին սոսնձված է դեղին եռոտնուկ: Ներքին հարդարումն էլ կասկած չի թողնում բարի անվան ճիշտ ընտրության հարցում: Միանգամից մտքիս եկավ Պրահայի Irish pub-ը, որտեղ իռլանդականության միակ տարրը լցնովի «Գինեսն» էր:

Վարդգեսը բարի համասեփականատերն ու բարմենն է՝ երկուսը մեկում: Երբ կյանքն ու տրամադրությունը պահանջում են անկանխատեսելիություն, ես նրան ասում եմ՝ «Այսօր ինձ համար քո ճաշակով մի բան խառնիր»: Ոչ մի անգամ չի գցել: «Ստոյկայի» մոտ իրեն պահում է ինչպես բեմի վրա: Սև սվիտեր, քշտած թևքեր, լիքը բաժակներ, լիքը շարժումներ: Բարմենները դերասաններ, քահանաներ ու հոգեբաններ են՝ երեքը մեկում: Դժվար էլ պատկերացնեմ՝ քանի մարդ է, տխրությունը բաժակի մեջ սուզելով, Վարդգեսին պատմել ամենագաղտնին:

Ժողովուրդը լցվում ու լցվում է:

— Սրա վերջն ի՞նչ է լինելու,– հարցնում եմ Վարդգեսին:

— Սուրբ Պատրիկի օրից վատ հաստատ չի լինի, — սառնասրտորեն պատասխանում է սեփականատեր-բարմենը:

Irish-ում իռլանդական տոներ, իհարկե, սիրում են: Վարդգեսի կարծիքով իռլանդացիները, ընդհանրապես, շատ ուրախ ու միավորված ազգ են: Մոտ մեկ տարի առաջ՝ Հայաստան-Իռլանդիա խաղից մի քանի օր առաջ, որ տեղի էր ունենալու Երևանում, ուղիղ օդանավակայանից բար ներս ընկավ կենսուրախ իռլանդացիների մի խումբ: Փաբի մասին նրանք լսել էին դուբլինյան Irish Daily Star հանդեսից: Խաղից առաջ երեք օր շարունակ ամեն երեկո խումբը գալիս էր բար ու ազգագրական երգեր երգում: Իքս օրը իռլանդացիները մարզադաշտից բերանները ջուր առած եկան: Իրենց հավաքականը հաղթանակ էր տարել ու, ինչպես նրանք էին հետո պատմում, տղաները շատ էին վախենում, որ հայ ռազմատենչ երկրպագուներն իրենցից վրեժ կլուծեն: Մի անգամ Անգլիայում իրենց հետ հենց այդպես էլ վարվել են: Բայց հայ երկրպագուները ընդամենը կարեկցանքով ծիծաղեցին բրիտանական բարբարոսության վրա, այնպես որ իռլանդացիները շուտով համարձակություն հավաքեցին, խմեցին գարեջրի բոլոր պաշարները ու սկսեցին երգել մինչև առավոտյան յոթը: Վարդգեսը ստիպված եղավ հատել «ստոյկայի» սրբազան սահմանն ու ֆուտբոլային ֆանատներին անձամբ ցույց տալ դուռը: Հետո նրանք Վարդգեսին Դուբլինից նամակներ էին ուղարկում՝ հրավիրում, խնդրում այնտեղ փաբ բացել:

Այս ամենը պատմելով Վարդգեսը «ստոյկային» թափով խփեց վիսկիով բաժակը և այն ուղարկեց աջ անկյուն՝ սևազգեստ երիտասարդին: Նայում եմ նրան՝ սև տաբատ, սուր քթով կոշիկներ, լպստած մազեր ու ոսկե ձեռնաշղթա: Ընդամենը մի քանի տարի առաջ face control-ը նրան ներս չէր թողնի, իսկ հիմա նա մշտականներից է: Միացնում են Rolling Stones, երիտասարդը արտաբերում է հաղթական ճիչ ու սկսում մոլեգին զուգերգել: Ուրբաթ երեկոյան քաղաքը զարմանալիորեն ազատական է:

Մուտքը՝ միայն զույգերով

Irish-ը մենք լքեցինք այն զգացումով, որ «գուցե այսօր էլի մտնենք»: Թաղում միշտ էլ այդպես է՝ երբեք չես իմանա՝ մնացածը դուրդ կգա, թե չէ: Փարպեցու հայտնի բարերի շարքում է նաև Metro Music Pub-ը: Ի դեպ, այդ կողմերում մի քանի մանրներ էլ կան. մի մասը՝ ծանր ռոքի սիրահարների համար, մնացածը՝ ուղղակի սիրահարների: Այնտեղ դժվար թե մեծ ընկերախմբով տեղավորվես, իսկ շեմքին միշտ կաշվե բաճկոններով ու ականջօղերով տղամարդիկ են ծխում: Metro Music Pub-ը կամ ուղղակի Մետրոն ինչպես միշտ աղմկոտ ու լցված էր: Մենք այստեղ մտանք ուղղակի համոզվելու, որ տեղ չկա, ու առաջ շարժվեցինք: Պուշկինի վրա կա ևս մի սիրված բար՝ Calmet Ethnic Lounge Bar-ը (կամ ուղղակի Calumet, արտասանում ենք՝ Կալյումե):

Կանաչ դռանը մակագրություն կա՝ «Մուտքը՝ միայն զույգերով»: Մյուս հաստատություններում նման գրությունները հաճախ ձևական են, զգուշավորություն առավել կատաղիներից: Բայց այստեղ ամեն ինչ լուրջ է. դռան մոտ կանգնած է «ֆեյս» տղան ու ներս մտնել հնարավոր է միայն նրա լուռ համաձայնությամբ:
Ի դեպ, առանց զուգընկերոջ աղջիկների մոտ խնդիրներ չեն ծագում: Այ այսպիսի սեռական խտրականություն:

Ես առաջ էլ էի եղել «Կալյումեում», դրա համար էլ գիտեի, որ այն իրենից ներկայացնում է բեմային մասով լայն տարածություն, որի վրա՝ փոքր սեղանների շուրջ, փռված են պուֆիկներ: Ժողովրդի խտության պատճառով վերը թվարկվածներից և ոչ մեկը հնարավոր չէր նշմարել: «Ստոյկա» հասնելու և որևէ բան վերցնելու համար մենք ստիպված եղանք լրջորեն տրամադրվել, իսկ նստելու տեղ գտնելու մասին խոսելն անգամ ավելորդ էր:

«Կալյումեի» «ստոյկայի» մոտ մենք ասացինք մոգական բառը՝ դոդո: Ընկերներս հետաքրքրությամբ հետևում էին՝ ինչպես բարմենը մեր առջև դրեց երեք սառեցված գավաթ, ամեն մեկի մեջ մեկական ձիթապտուղ գցեց, օղի լցրեց, գերկծու սոուս տաբասկոն ու կիտրոնի հյութ ավելացրեց: Լուռ քաշեցինք գլուխներս:
— Այ հիմա դուք մերոնքական եք, — ասում եմ ընկերներիս, որոնք ըմպելիքի կծվությունից դեմքերը կնճռոտում են: «Կալյումեի» այս ֆիրմային շոթը մեծ պահանջարկ է վայելում: Ոչ մեկ հաստատ չգիտի՝ այն այստե՞ղ են հնարել, թե ուղղակի մի փոքր ձևափոխման են ենթարկել, բայց բոլոր նրանց, ովքեր «նման մի բան» են ուզում, ուղարկում են դոդոյի հետևից: Տոթը, գուցե, այնքան էլ ուժեղ չէ, բայց տաբասկոյի կծվության պատճառով մենք երեքից ավելին չձգեցինք:

Հնչում է շատ բարձր երաժշտություն: Մենք խմում ենք, զրուցում, ժամանակ առ ժամանակ բարևելով արտասահմանցիների ամբոխից դուրս լողացող ծանոթներին: «Կալյումեում» Երևանի զգացողություն չկա, փոխարենը՝ կա Հայաստանի կատարյալ զգացողություն: Հնչում է հայկական ժողովրդական երաժշտություն ու բարի համասեփակա-նատերերից մեկը՝ Հրաչը, համատակտ դհոլ է խփում: Պարող մարդիկ մղվում են բարի միջնամաս: Զարմացած արտասահմանցիները սովորում են հայկական ժողովրդական պարերի շարժումները, որ հետ չմնան տեղացիներից, որոնք արդեն շուրջպար էին կազմել Հրաչի կնոջ՝ Սիլվայի ղեկավարությամբ, ով կախարդական կերպով բարի կենտրոնում փոքր տարածք էր ազատել: Մենք, ինչպես բոլորը, մինչև շունչներս կտրվելը պարում ենք: Նրանք, ովքեր հոգնել էին, ուղղակի հետ էին ընկնում, ամբոխի մեջ մի տեղ՝ շունչը տեղը բերելու, մի բան խմելու, որ շարք վերադառնան: Երբ Հրաչը դհոլը տարավ, բարմենները Metallica, SOAD (Aerials-ի հենց առաջին հնչյուններից այնպիսի մի ճիչ արձակվեց, որ, թվում էր, ամբողջ քաղաքն արթնացավ), Pink Floyd, Sting, պարացնող երգեր, հին ու նոր, մի խոսքով այն ամենը, ինչից կարելի է ուրախանալ, երգել, ճչալ ու պարել: Տեղի պակասի պատճառով, ի դեպ, պարում էինք անգամ սեղաններին: Հատակին նստած էին հոգնած մարդիկ՝ օղու բաժակներով ու շշերով, հսկա սեղանները դարձել էին պարահրապարակներ, մեկն անգամ հաջողացրել էր բեմի խախուտ փոքրիկ սեղաններին տեղավորվել: Շեմին ֆեյս-քընթրոլ տղան ջանում էր նոր եկածներին բացատրել, որ տեղ չկա. «Ես հասկանում եմ, որ կարող եք կանգնել, բայց կանգնելու տեղ էլ չկա»:
Ահա զանգում է փաբի «ստոյկայի» զանգակը: Նշանակում է՝ ցրվելու ժամանակն է:

Կանգառ ըստ պահանջի

Պուշկինը ցերեկվա պես մարդաշատ է: Calumet-ից, Beatles-ից, Friends-ից, Tortuga-ից ու մյուս փաբերից դուրս են թափվել ուրախ ու զվարթ մարդկանց խմբեր: Մենք բարձրացանք դեպի Սարյան, այնտեղից թեքվեցինք Մոսկովյան: Ահա և նա՝ ամենահին ու նշանավոր ակումբներից մեկը՝ Stop-ը: Ակումբը բացվել է 2000-ին և այն ժամանակ Երևանի միակ անդեգրաունդային վայրն էր: Ասում են՝ ակումբի առաջին տերն իսկական կովկասյան առատաձեռնությամբ էր օժտված. կատաղի հաճախորդներին երբեք դուրս չէին հանում: Դրա փոխարեն հաստատությունը նրանց գարեջուր ու ծիրան էր հյուրասիրում, որից հետո պարզամիտ ու զգացված ռոքերը ամբողջ երեկո զուգարանից դուրս չէր գալիս: Մինչև հիմա էլ բոլոր համերգների առյուծի բաժինը հենց այստեղ է անցկացվում: Կարելի է վստահորեն ասել, որ Stop-ում ձևավորվել է քաղաքի այլընտրանքային երաժշտության պատմությունը: Ընդ որում՝ ոչ առանձնահատուկ դիզայնով, ոչ էլ հարուստ մենյուով ակումբը երբևէ չի առանձնացել: Երևի գաղտնիքը մթնոլորտն է:

Գիշերով Stop-ի «ստոյկայի» մոտ նստելը բոլոր նրանց to do list-ի հատուկ կետն է, ովքեր դա չեն արել: Մենք տեղավորվեցինք բարձր աթոռների վրա ու բարմեն Արթուրից թեյ խնդրեցինք: Այն երկար խոսակցություններից մեկը բացվեց, որոնք անպայման վերաճում են թեժ քննարկումների: Արթուրը ոգևորությամբ պատմում էր բարի երաժիշտների մասին, որ այստեղ նվագել են: Նույն պահին ներքևի հարկում հարվածային գործիքներ էին տեղադրում:

— Ի՞նչ խումբ է:

— Ջահելներ են, — չի խորանում, — սա քեզ Ոստան Հայոցը չէ:

Ժամը երեքը-չորսն է… Ես ու Արթուրը փորձում ենք ընկերներիս համար հիշել ու հաշվել թաղի բոլոր բարերը: Դյուժինից ավե՞լ: Չէ, տասնհինգից ավել… Համարյա քսան: «Ստոյկայի» մյուս բոլոր բնակիչներն արդեն ցրվել են, թեյնիկն էլ չի եռում: Հարևան սեղանի մոտ ծխող մատուցողուհի Անահիտն ինձ պատմում է մի չափից դուրս կրքոտ զույգի մասին, որին այսօր ստիպված եղավ դուրս հրավիրել: Ես ձգում եմ ձեռքերս «ստոյկային», գլուխս դրանց վրա եմ դնում: Արթուրը բաժակիս մեջ ջուր է լցնում ու պատմում ընկերներիս՝ ինչպես էին ակումբի ծննդյան օրը հարյուր հոգի այստեղ տեղավորվել: Ես լուռ աչքի եմ անցկացնում փոքրիկ երկհարկանի տարածքը: Ակումբը դատարկ է, միայն մենք ենք ու անկյունում տեղավորված մի զույգ: Այստեղ այդպիսի մարդկային ամբոխ պատկերացնելն անհնար է, բայց Փաբաստանի՝ քաղաքի մեջ գտնվող քաղաքի ամբողջ գեղեցկությունը հենց սա է: Այնքան փոքր, որ չիմացողը դժվար էլ հավատա, որ հենց այստեղ է անկախ եղանակից ու շաբաթվա օրից ամեն գիշեր հավաքվում ամբողջ անքուն ու տժժացող Երևանը:

«Ереван» անսագիր, N4(74), 2012

Այս թեմայով