Հենց «Գարուն-Ամառ նոր հավաքածու» մակագրությունը հայտնվում է խանութների ցուցափեղկին, իսկ իգական սեռը սկսում է դիետաներով անցնել գերթեթև քաշային կատեգորիայի ռուբիկոնը, նշանակում է ամառը սարերի ետևում չէ:
Երբ մարմինդ հանձնվում է սնդիկի սյան ամեն աստծո օր աճող ցուցիչին, անձրևանոցները բացվում են առանց անձրևի, ստվերում բնակչության խտությունը նախանձելի մեծանում է, ուրեմն արդեն ամառ է:
Ցայտաղբյուրներն ու շշալցված ջրերը սպառողական մրցման մեջ են մտնում, միրգն ու պաղպաղակ դառնում են առաջին անհրաժշտության ապրանքներ, իսկ մի կում սառը գարեջուրը դառնում է ոսկուց թանկ, սիրելիիցդ ավելի նախընտրելի: Ամառ է:
Օդի ջերմաստիչանը բարձրանում, կանանց փեշերն ու սանրվածքները կարճանում են: Պլպլան արևայրուք, ծովափնյա սելֆիներ, դե ջիջիլ ֆոտոներ աշխարհի ամենատարբեր անկյուններից սկսում են հեղեղել ֆեյսբուքը. ամառ է:
Տարվա բոլոր ամիսներին խնայված ընտանեկան բյուջեն ամռանը սպառման երկու նպատակ ունի՝ կամ տուն ու տանիք է կառուցվում-նորոգվում կամ այն ներդրվում է որևէ տուրիստական գործակալության բյուջե:
Առաջինի դեպքում երևանյան տապը թանձրանում է շինարարական փոշիով, երկրորդի դեպքում քաղաքային տրանսպորտը կիսադատարկ, իսկ օդային ու ջրային տրանսպորտը՝ սկսում է գերծանրաբեռնված երթևեկել:
Երևանը դատարկվում է երևանցիներից՝ տեղը զիջելով գույնզգույն շորտերով, անհասկանալի լեզուներով ու մեծ ռյուկզակներով տուրիստներին:
Ամռան բոլոր կիրակիները «քաղաքից դուրս»-ինն են, իսկ շաբաթվա մնացած օրեր՝ քլորահամ լողավազանինը նրանց համար, ովքեր ամառանը ոչ մի վայրկյան չեն դադարում երևանցի լինելուց:
Ամառ է ու առանց երթևեկությունը կաթվածահար անելու՝ թութը քաղցր ասֆալտ է փռում մայթեզրին:
Ամառվա շոգից չեն տրտնջում միայն երկուսը՝ «չիր»-անալու մոտիվացիայով սկուտեղի մեջ մրգերն անտրտունջ արևկող են լինում, շոգին հաղթածի հոգեբանությամբ տնային տնտեսուհիները բուրդ են ճիպոտում: Ամառ է: