Արամի փողոցում տները կանգնած են վաղաժամ սպանդի եզրին: Ավերակների մեջ, գտնել մի բակ,որի տան լույսերը քիչ է վառ են, դեռ մի բան էլ երիտասարդներ են ապրում. թվում է թե անհնար է, բայց դա միայն առաջին հայացքից: Երևանի ներսում ու երևանի սահմաններից դուրս բակ, որտեղ ծնվում է կոլորիտային կենցաղ, ձևավորվում որպես արվեստ ու մնում բակի ներսում: Քչերն են տեղյակ,որ բակն օգտագործվել է,որպես ախոռ/ձիարան և չի ընդգրկվել Ալ. Թամանյանի ծրագրում: «Արի խաչքար ծեծողների մոտ» . արտահայտություն, որը լսելուց հետո պատկերացնում ենք մի փողոց՝ Արամի:
Հերմինեն ծնվել ու մեծացել է այստեղ: Հայրը խաչքարագործ է ու համարում է, որ իր տունը Աստծո կողմից տրված պարգև է: Այն հարցին, թե ինչպե՞ս գտավ էս բակն ու ի՞նչ արժեք ունի բակն իր համար,Հերմինեն պատասխանում է. «Ծնողներս տուն չունենալու պատճառով երկար ժամանակ տնից տուն, ընկերների տուն, հարազատ ու բարեկամների տուն են տեղափոխվել ու երբ ես 2 տարեկան եմ եղել, իսկ եղբայրս նորածին,առաջին անգամ մտել են մեր բակ, որտեղ մեր տան նախկին տիրուհին վարձով է տվել տունը երիտասարդ ընտանիքին: Դե նորաստեղծ ընտանիքի համար մեծ դժվարություն է եղել վարձով բնակվելն ու մի օր հրաշքի նման մի բան է տեղի ունեցել: Հայրս էդ տարիներին արդեն սկսել էր խաչքարագործության իր առաջին փորձերը, ու քանի որ դեռ տեղ չուներ քանդակներ անելու, անում էր դա տան բակում՝ հարևանների դժգոհության ներքո: Մի անգամ տան տիրուհին է գալիս նրանց հյուր (երևի վարձն ուզելու): Ծնողներս տեսնում են, որ սիրտը լցված է ու խոսքի են բռնվում հետը: Կինը պատմում է, որ աղջիկը 35 տարեկան է, չի ամուսնացել ու ինքը շատ ծանր է տանում էդ փաստը: Հայրս նրան իր պատրաստած փոքրիկ խաչքար է նվիրում ու ասում է, որ թող էս խաչքարը պահապան լինի նրա ընտանիքին ու բացի աղջկա բախտը: Մեկ ամիս հետո նույն տանտիկինը գալիս է ու ուրախությամբ հայտնում, որ աղջկան նշանել է ու որպես շնորհակալություն՝ տունը նվիրաբերում է ծնողներիս: Ես կրթվել ու մեծացել եմ հենց էս բակում: Առաջին անգամ երևան եմ տեսել, հենց էս պատշգամբից, որի մոտ հիմա խոսում եմ: Ցավալի է գիտակցել, որը բակը շուտով կքանդվի էնպես ինչպես քանդվեցին դիմացի փողոցի տները, որ պատմամշակութային արժեք էին ներկայացնում: Աչքիս առաջ քանդել են երևանը ու բերել նոր մի քաղաք են հրամցրել ինձ ու ընտանիքիս: Էս բակն ինձ համար այն Երևանն է, որտեղ ես առաջին անգամ սիրահարվել եմ, այն հին Երևանը, որտեղ հարևանուհիներս կռիվ էին տալիս մի լվացքի պարանի համար ու հետո երկար սեղան էին գցում ու ճաշում: Այն ժամանակ բոլորս իրար հետ մի ընտանիքի նման էինք: Հարևանուհիներով ճակատամարտում էին, մինչև ամուսինները աշխատանքից տուն էին գալիս ու մի համերաշխություն, մի սեր էր տիրում: Երեկոյան ժամերին բոլորս դրսում միասին նստում էինք, դե մենք չէինք նստում մենք վազվզում էինք ու հետո ճաշում, խոսում, քննարկում: Բակը բնակեցրել է 15 ընտանիք ու 1988 թվականից հոգեբանորեն պատրաստ է եղել լքել իր տունը, բայց ամեն տարի ընտանիքներից մեկը մի ծառ է տնկել:»
Այն հարցին, թե արդյո՞ք կպայքարեք,բակը չքանդելու համար, Հերմինեն ասում է. «Այս բակին նայում եմ այնպես ինչպես կնայեմ մեռնող մի ծերունու: Համակերպվել եմ,որ ծեր է,արդեն պիտի մեռնի, բայց մեկ է՝ հարազատդ է, ցավում է: Տներն անմխիթար վիճակում են ու խոշոր հաշվով ներսի մթնոլորտն է,որ նորահասերին ստիպում է տեղափոխովել էստեղ:»
2017,ամառ. Արամի/29 հասցեում եռուզեռ է:
Սակայն արդյո՞ք կապրի Երևանը,երբ հարազատ դարձած փողոցներին,բակերին ու թաղերին փոխարինելու գան նոր ու բարձահարկ շենքեր: Արդյո՞ք կապրի Երևանը,երբ մեռնի քաղաքի կոլորիտը: Հարցեր,որոնք կշարունակեն կախված մնալ տիկին Արուսի լվացքի պարանից ու պատասխաններ գտնելու համարձակության ի հայտ գալուն պես՝ կչորանան: