Դեկտեմբերի 23-ին մեկնարկեց «Նվիրիր տոն» նախագիծը, որի շրջանակներում մոտ 100 երեխա Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից` Չինարիից, Ներքին Կարմիր աղբյուրից, Բաղանիսից և Բերքաբերից մասնակցեցին նախատոնական երկօրյա միջոցառման Թուֆենկյանի Ավան Ձորագետ հյուրանոցում: Նախագիծն իրականացվել է ՀՀ Առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո և Երևան Փրոդաքշնս ընկերության ջանքերով: Միջոցառումը վարում էր Ավետ Բարսեղյանը:
Ծրագրի ընթացքում երեխաները ծանոթացան ավանդական հոլ խաղի կանոններին, մարզվեցին «Սթրիթ Վորքաութ»-ի թիմի տղաների հետ և ծանոթացան փողոցային մարզումների գաղտնիքներին, այցելեցին 360 աստիճան կինոթատրոն և դիտեցին աշխարհի արարման մասին պատմող ֆիլմ, սեփական ձեռքերով պատրաստեցին ամանորյա խաղալիքներ և լուսանկարվեցին սիրված դերասաններ Միհրան Ծառուկյանի, Արփինե Գաբրիելյանի, Վաչե Թովմասյանի և Անատի Սաքանյանի հետ: Ծրագրի երկրորդ հատվածում երեխաներին ուրախ ժամանց պարգևեց Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատորնը` հայկական հեքիաթների մանրապատումներ ներկայացնելով, և Ձմեռ պապն իր անհամար նվերներով: Երեկոն ամփոփվեց գունազարդ ու պայծառ հրավառությամբ:
Նախագծի կազմակերող կողմը`«Ե Փրոդաքշն» (Yerevan Productions) ընկերության տնօրեն Ալիսա Մուրադյանը նշեց,- «Ամեն տարեվերջ Yerevan Productions ընկերությունը տարին ամփոփում է որևէ բարեգործական նախաձեռնությամբ: Մեր ուշադրության կենտրոնում միշտ եղել են ոչ միայն մանկատները, այլև սոցիալապես անապահով ընտանիքներն ու սահմանամերձ գյուղերում բնակվող մանուկները. նրանց բոլորի համար մենք միշտ փորձում ենք մի հիշարժան նախագիծ իրականացնել: Այս տարի որոշեցինք իրականացնել «Նվիրիր Տոն» փառատոնը, որի շրջանակներում փորձեցինք Ամանորի շեմին իսկական տոն նվիրել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաներին` նվիրելով նրանց ուրախ ամանորյա ծրագիր Թուֆենկյանի Ավան Ձորագետ հյուրանոցում:
«Նվիրիր Տոն» փառատոնն իրականացվում է ՀՀ Առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարձր հովանու և աջակցության ներքո: Սահամանամերձ գոտիներում բնակվող երեխաների խնդիրները չէին կարող անմասն մնալ Առաջին տիկնոջ ուշադրության կենտրոնից: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց ովքեր միացան և աջակցեցին նախաձեռնությանը, մասնավորապես` Տավուշի մարզի մարզպետարանին, Վաչե Թովմասյանի տիկնոջը` Գայանե Մանուկյանին, որպես այս միջոցառման գաղափարակիր և աջակից, Թուֆենկյան հյուրանոցի տնօրինությանը, մեր ընկերնեիրն ու գործընկերներին` շոուբիզնեսի հայտնի ներկայացուցիչներին, «Սթրիթ Վորքաութ» - ի թիմին, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» կորպորացիային, «Գրանդ Քենդի» ընկերությանը, Lumen թիմին, Գեղարվեստի ակադեմիայի ուսխորհրդին և Գրիգոր Եփրեմյանին: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում հատկապես Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավարին և դերասաններին: Հուսով ենք, որ «Նվիրիր տոն» փառատոնն այսուհետ կդառնա շարունակական և մենք կկարողանանք ամեն տարի ավելի շատ երեխաների անմոռաց տոն պարգևել»: