Սեպտեմբերի 17-18-ին Երևանում կկայանա Մենեջերների Տալլինյան դպրոցի հիմնադիր, առաջատար բիզնես թրեյներ Վլադիմիր Տարասովի հեղինակային «Անհատական Կառավարման Արվեստը» երկօրյա սեմինարը:
Վլադիմիր Տարասովը մի շարք գրքերի և հրապարակումների հեղինակ է, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՊՀ երկրների №1 փորձագետը մենեջմենթի ոլորտում՝ SEREPUTATION ընկերության վարկանիշով:
Մենեջերների Տալլինյան դպրոցը հիմնադրվել է 1984թ.-ին Տալլինում և ունի 13 մասնաճյուղ ԱՊՀ ողջ տարածքում: Տարասովի մշակած կառավարման հեղինակային ընթացակարգերը թարգմանվել են անգլերեն և հրատարակվել նաև ԱՄՆ-ում:
Երևանյան սեմինարին ընդառաջ՝ Վլադիմիր Տարասովի հետ զրուցել ենք բիզնես մշակույթի և մենեջմենթի տարածաշրջանային մի շարք հատկանշական կողմերի մասին:
– Վլադիմիր, առաջին անգամ եք այցելելու Հայաստան: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք գնահատում տարածաշրջանում բիզնես մենեջմենթի՝ ընթացիկ մարտահրավերներին դիմակայելու պատրաստակամությունը: Ի՞նչ փորձություններ են սպասվում ձեռներեցներին առաջիկայում...
— Ընդհանրապես, հետխորհրդային տարածաշրջանի բիզնես ղեկավարը իր բնույթով ոչ թե ստրատեգ է, այլ մարտավարություն իրականացնող: Ճգնաժամային իրադարձություններին մեզ մոտ նախապես չեն պատրաստվում, և դա վատ է: Փոխարենը՝ հայտնվելով բարդ իրավիճակում, ցուցաբերում են բնատուր հնարամտություն և ճկունություն:
Ինչ վերաբերում է առաջիկայում սպասվելիք խնդիրներին… Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն որոշ ապրանքների/ծառայությունների անակնկալ պակասորդի հետ, օրինակ՝ հաճախորդի համար գնալով կսրանա հետևյալ խնդիրը. կամ առաջարկվող ապրանքը իր ուզածը չէ, կամ էլ՝ չափազանց թանկ է: Եվ ահա այստեղ բիզնեսի կառավարիչները ստիպված կլինեն ճիշտ դուրս գալ իրավիճակից…
– Դուք դաշտում եք արդեն երկար տարիներ. Մենեջերների Տալլինյան Դպրոցն արդեն ավելի քան 30 տարվա պատմություն ունի: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս հիմնադրվեց Խորհրդային Միությունում առաջին բիզնես դպրոցը:
– Ես հիշում եմ, երբ ԽՍՀՄ-ում մենեջմենթը դիտարկվում էր՝ որպես բուրժուական հասկացություն: 1980-ականների կեսերին այն գրեթե համարվում էր մարդու կողմից մարդու շահագործման եղանակ: Հասկանալի է, որ այդ պայմաններում բիզնես ոլորտում բարեփոխումներ կատարողներն առանձնապես չէին ողջունվում ԽՍՀՄ-ում: Այդ պատճառով զարմանալի չէ, որ երբ ես էստոնացի երիտասարդներին սկսեցի սովորեցնել կառավարման հմտություններ, ինձանով արագ հետաքրքրվեցին: Դա այն շրջանն էր, երբ Խորհրդային Միությունն արդեն անկման փուլում էր: Բրեժնևի մահից հետո ես բաց նամակ գրեցի Անդրոպովին՝ հայտնելով իմ խորին համոզմունքն այն մասին, որ պետք է մեր ղեկավարներին կրթել նոր՝ ժամանակին համընթաց քայլող մեթոդներով: 1984թ.-ին ստացա դրական պատասխան, և հենց այդ տարի էլ բացվեց տարածաշրջանի առաջին բիզնես դպրոցը՝ Մենեջերների Տալլինյան դպրոցը:
– Ուսուցման Ձեր մեթոդներից որո՞նք են առավել կենսունակ և պահանջված մեր օրերում և մեր բիզնես մշակույթի պայմաններում:
— Այն, ինչ մենք սովորեցնում ենք, օգտակար է ցանկացած պայմաններում և բոլոր ժամանակներում, քանի որ մենք սովորեցնում ենք ոչ թե մոդայիկ տեսություններ կամ ամպագոռգոռ կոնցեպտներ, այլ այն, ինչ օգտակար էր և՛ հարյուր տարի առաջ, և՛ հիմա, և՛ օգտակար կլինի հարյուր տարի հետո: Ամեն ինչ շատ պարզ է՝ առանց ավելորդ կոչերի և ջուր ծեծելու: Սա է մեր աշխատանքը: Բայց քանի որ նման հարց է հնչել, այս պահին կառանձնացնեի հետևյալ դրույթները.
- Ինքդ քեզ ճշմարտությունը խոստովանելու արվեստը
- Ուշադրություն մանրուքներին
- Աշխարհի ադեկվատ պատկերի կառուցումը
- Կառավարչական մենամարտերը
- Իրավասությունների պատվիրակումը
— Ինչո՞ւմ է կայանում մենեջերի բուն անհատական կառավարման արվեստը մեր օրերում: Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել և հասկանալ առաջնահերթությունները.
— Անհատական կառավարման արվեստն ունի նույն կառուցվածքը, ինչ նախկինում: Սակայն այսօր այն անկախ մեզանից պահանջում է ավելի մեծ հստակություն և ճշգրտություն, ոչ համակրելի որոշումներ կայացնելու և դրանք իրականացնելու մեծ կամք և հմտություններ:
– Այսօր Հայաստանում հատկապես շատ են ստարտ-ափային նախաձեռնությունները: Մարդիկ համախմբվում են մի որևէ գաղափարի շուրջ, և բիզնես հիմնում: Ի՞նչ խորհուրդ կտա Վլադիմիր Տարասովը սկսնակ ձեռներեցներին:
– Երբ սկսում ես սեփական գործդ, ամենակարևորը՝ այն քեզ հետաքրքիր պետք է լինի: Եթե մարդու աչքերը փայլում են, ապա նախագծի շուրջ թիմ կհավաքվի, և աշխատանքը կսկսվի: Վստահ եմ, որ եթե ձեր նպատակը բացառապես շահույթ հետապնդելն է, ապա ձեր բիզնեսը, այո, կհասնի որոշակի հաջողությունների, բայց ավելիին հավակնել չի կարող: Յուրաքանչյուր գործ արժե սկսել՝ աշխարհում լավագույնը դառնալու ձգտումով: Բարձր նշաձողը ստիպում է բարձր թռիչք կատարել:
Բիզնեսում հաջողված են միայն այն միջոցները, որոնք տանում են դեպի նպատակ: Մնացած ամենը ժամանակի և ռեսուրսների կորուստ է: Արդյունավետ կառավարումը սկսվում է այն պահից, երբ դուք ձեր առաջ նպատակ եք դնում և բռնում եք դրան հասնելու ճանապարհը: Եվ եթե դա անում եք առանց ջանք խնայելու, ամեն ինչ ստացվում է: Երբեմն կարող է թվալ, թե ինչ-որ դժվար հարցի լուծումն անընդհատ փնտրելով դուք ժամանակ եք կորցնում, բայց դա այդպես չէ: Հաջողակ մարդիկ հաջողակ են հենց այն պատճառով, որ, չնայած վրիպումներին, երբեք կանգ չեն առել նպատակին հասնելու ճանապարհին: Եթե չի ստացվում, մի հիասթափվեք, շարունակե՛ք փորձել, 7 անգամ չստացվելուց հետո 8-րդ փորձն անպայման հաղթական կլինի:
Տարասովի հեղինակային մեթոդների գլխավոր առանձնահատկությունը մենեջերներին նաև խաղերի միջոցով կրթելն է, մասնավորապես՝ այնպիսի խաղերի, որոնց ժամանակ մենեջերը հայտնվում է մի իրավիճակում, որում ստիպված է ոչ միայն ինտելեկտուալ, այլև կամային որոշումներ կայացնել: Հայտնի է, որ այսօր Վլադիմիր Տարասովին անվանում են «ռուսական Դեյլ Կարնեգի»: Եվ իրոք, նա բավականին պարզ և համոզիչ կերպով սովորեցնում է, թե ինչպես կարելի է հաղթել մրցակցին, հասնել ցանկալի արդյունքի, հավատալ սեփական ուժերին: Տարասովը ներկայացնում է ամենատարբեր մարդկանց հաղթանակներն ու սխալները: Առակներ, հեքիաթներ, պատմություններ և նույնիսկ անեկդոտներ. Տարասովի սեմինար-թրեյնինգները զարմանալիորեն թեթև են, միևնույն ժամանակ՝ հագեցած լուրջ էմոցիոնալ ծանրաբեռնվածությամբ: