Սեպտեմբերի 10-ին Հյուսիսային պողոտայում(Բանալու մոտ) տեղի կունենա World Pull Up Day մարզական տոնին նվիրված միջոցառումը, որը Հայաստանում արդեն 2-րդ տարին է անցկացվում:
2011- ին Լատվիայի Street workout- ի ասոցիացիան հիանալի մարզական տոնի սկիզբ դրեց` կազմակերպելով ձգումների օր, որին միացան այդ փոքրիկ երկրի գրեթե 50 քաղաքներ: Միջոցառումն անգամ ցուցադրվեց տեղի հեռուստաընկերություններով: Այսպիսի ծրագիրը չէր կարող շարունակական և արդյունավետ չլինել. և մի քանի տարի անց, դուրս գալով Լատվիայի սահմաններից, ձգումների օրը համաշխարհային բնույթ ստացավ` World Pull Up Day անվանմամբ:
Street Workout Armenia ֆեդերացիայի ջանքերով Հայաստանը նախորդ տարի նույնպես միացավ այս մարզական տոնին` գրանցելով հիանալի արդյունքներ: Նշենք, որ մասնակից երկրներում միջոցառման կազմակերպիչները հավաքագրում են երկրի ընդհանուր արդյունքները և ուղարկում համաշխարհային տվյալների բազա: Անցյալ տարի մեր երկիրը մասնակիցների քանակով 71 երկրների ցանկում երրորդն էր` 820 մասնակից: Ամբողջական արդյունքներին կարող ես ծանոթանալ այստեղ:
Այս մասշտաբային միջոցացառման նպատակը հասարակ ձգումների միջոցով մարդկանց ևս մեկ անգամ հիշեցնելն է սպորտով զբաղվելու կարևորության և առողջ ապրելակերպի մասին:
Այս տարի միջոցառումը կանցկացվի նաև Արարատ, Արթիկ, Արմավիր, Աշտարակ, Արտաշատ, Դիլիջան, Հրազդան, Կապան,Վայք, Վանաձոր, Սիսիան քաղաքներում, Քարակերտ և Փանիկ գյուղերում:
Ձգումներ կարող են կատարել բոլորը` անկախ սեռից և տարիքից: Սեպտեմբերի 10-ին արի՛, միաց՛իր և փորձի՛ր ուժերդ, և մի գուցե հե՛նց դու գրանցես լավագույն արդյունքը:
Իսկ ստորև ձեզ ենք ներկայացնում նկարներ Հայաստանի տարբեր քաղաքներում անցկացված ակցիաներից: