22 Օգոստոս 2016, 17:22
3871 |

Մի վերադարձի պատմություն

Ղուկասավան գյուղի սկզբնամասում գտնվող ջերմոցը տարեկան 2-3 անգամ լոլիկի առատ բերք է տալիս: Ջերմոցի տերը՝ 38-ամյա Վահագն Շահինյանը, երեք տարի առաջ չէր էլ պատկերացնում, որ այսօր հարազատ գյուղում կլինի ու հողագործությամբ կզբաղվի: Հարյուր հազարավոր մեր հայրենակիցների նման՝ Վահագնը 2013-ին որոշեց մեկնել Եվրոպա՝ մշտական բնակության:

Եվրոպան՝ փրկության օղակ

«Սկզբից մեկնեցի բուժման նպատակով: Հանձնվեցի Գերմանիայի իշխանություններին՝ որպես փախստական: Ինձ տեղավորեցին Էրկենշվիգ քաղաքի փախստականների ճամբարում, կացարան տրամադրեցին, ամսական գումար նշանակեցին սննդի ու այլ ծախսերի համար: Իմ հիվանդության բուժումը Հայաստանում մեծ գումարների հետ էր կապված, այդ առումով Գերմանիան հարմար էր: Բուժման անվճար կուրս անցա, որից հետո պատրաստվում էի աշխատել ու մշտական բնակություն հաստատել Գերմանիայում: Բայց դժվար էր հարմարվել օտար միջավայրին»,-պատմում է Վահագն Շահինյանը:


Ո՞վ է փախստականը Եվրոպայում

Շատ արտագաղթողներ կարծում են, որ Եվրոպա ոտք դնելուն պես իրենց կյանքը
գլխիվայր շուռ կգա, սոցիալական պայմանները միանգամից կլավանան: Այդպես էր մտածում նաեւ Վահագնը, երբ Հայաստանում թողեց կնոջն ու 6-ամսական երեխային` մեկնելով Գերմանիա:


«Պատկերացում չունեի, թե ինչ կյանք է սպասում ներգաղթյալին Գերմանիայում: Մտածում էի բուժվելուց հետո աշխատանք գտնել, հետո նաեւ ընտանիքիս բերել, բայց ամեն ինչ այդքան հարթ չէր, ինչպես ես էի մտածում: Հանրակացարաններում պայմանները հաճախ բավարար չեն, մի քանի հոգու տեղավորում են փոքրիկ սենյակում, տարբեր ռասաների, մտածելակերպի, կրթության ու ապրելակերպի մարդիկ՝ մի տարածքում. կյանքը հաճախ դժոխք էր թվում մեզ: Ընտանիքից հեռու լինելու հանգամանքը եւս ստիպում էր մտածել օր առաջ այդ վայրը լքելու մասին»: 

Վերադարձ՝ մեկ տարի անց

Մեկ տարի ապրելով Գերմանիայում՝ Վահագնը ի վերջո որոշում է վերադառնալ Հայաստան: Բուժման մասնակի կուրսը ստանալուց հետո՝ նա հետ է գալիս ու ամեն ինչ սկսում զրոյից:
 
«Վերադառնալուց հետո ոտքի կանգնելու ուղիներ էի փնտրում, ընտանիքս պահելու համար եկամտի աղբյուր էր պետք: Իմացա, որ Միգրացիոն պետական ծառայության շենքում գործում է Վերաինտեգրման ուղղորդման կենտրոն, որտեղ օգնում են եվրոպական երկրներում դժվարությունների բախված ու Հայաստան վերադարձած մարդկանց: Դիմեցի, սպասված օգնությունը չուշացավ, նայեցին փաստաթղթերս, ուղարկեցին Եվրամիության կողմից ստեղծված Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար ծրագրի գրասենյակ»,-պատմում է Վահագն Շահինյանը:

Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնի նպատակն է մեկ պատուհանի սկզբունքով ընդունել վերադարձած միգրանտներին, կատարել նրանց կարիքների գնահատում և ըստ կարիքի  ուղղորդել այն կազմակերպություն կամ ծրագիր, որը կարող է օգնել նրանց տվյալ իրավիճակում: 

Մեր հարցմանն ի պատասխան` Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնից պատասխանեցին, որ 2014-ից ի վեր դիմել և խորհրդատվություն է ստացել Եվրամիության տարբեր երկրներից վերադարձած 860 ընտանիք:

Օգնություն` փոքր բիզնես հիմնելու համար

Վահագնին վերադարձից հետո օգնեց Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար ծրագիրը: Ծրագրի վերաինտեգրման բաղադրիչի պատասխանատու Մարիա Հարությունյանի խոսքով` օգնություն ստանալու համար կա մի քանի հիմնական չափորոշիչ:

«ԵՄ երկրներից տարբեր պատճառներով վերադարձած ՀՀ քաղաքացիները պետք է այնտեղ բնակված լինեն ոչ պակաս, քան կես տարի, իսկ վերդարձից հետո դիմեն մեկ տարուց ոչ ուշ ժամկետում: Ըստ անհրաժեշտության` ծրագիրը օգնություն է ցուցաբերում մի քանի ուղղություններով` սոցիալական, բժշկական, սկսնակ բիզնեսի աջակցություն, հայերեն լեզվի ու մասնագիտական վերապատրաստման դասընթացներ»,-ասում է Մարիա Հարությունյանը:

Վահագն Շահինյանի դեպքում օգնությունը ֆինանսական էր` տնամերձ ջերմոցը զարգացնելու ու բերք ստանալու համար: Առաջին փուլով տրամադրված դրամաշնորհով Վահագնը վերանորոգել է ջերմոցն ու սածիլներ տնկել:

«Մեր ընտքանիքը արդեն մի քանի տասնամյակ զբաղվում է լոլիկի մշակությամբ, կարելի է ասել` հմտացել ենք այս գործում: Դրամաշնորհը օգնեց կարգի բերել տնտեսությունն ու հաջող բերք ստանալ: Հիմնականում ինքս եմ իրացնում մայարքաղաքում կամ մեծ գյուղատնտեսական շուկաներում»,-պատմում է Վահագնը:

Հիմա արդեն սպասում է բացառության կարգով տրամադրվող երկրորդ դրամաշնորհին` ջեռուցման համակարգ անցկացնելու համար, ինչը թույլ կտա բարձրորակ լոլիկի բերք ստանալ նաեւ ձմռանը:

 

Այս թեմայով