28 Մարտ 2016, 20:51
3080 |

Քանդել չի կարելի պահպանել

Կարծում եք` միայն Հայաստանու՞մ են շենքի պահպանում ասելով հասկանում լոկ ճակատային հատվածը: Ահա և ոչ: Պատմամշակութային արժեքների ռեստավրացիան բարդ, ծայրաստիճան բարդ և պատասխանատու գործ է, սակայն երբեմն այն վստահում են ոչ այնքան պատասխանատու մարդկանց:

 Վերջին ամենաթարմ ու ամենավառ օրինակն Իսպանիայի հարավ-արևմուտքում Էլ Կաստիլյո դե Մարտերա ամրոցի «վերականգնումն» է: Կադիս քաղաքում գտնվող ամրոցը կառուցվել է IX դարում և 1949-ից հռչակվել ազգային հուշարձան: Վերջին տարիներին ամրոցը գտնվել է մասնավոր հատվածի ձեռքում: Սեփականատերը որոշել է նոր շունչ հաղորդել դրան և պրոֆեսիոնալ վերականգնողների փոխարեն վարձել հասարակ շինարարների: Արդյունքը սարսափելի է. տեղաբնակներն ու մասնագետները հուշարձանն անդառնալիորեն կորսված են համարում:

 

Այս դեպքը համեմատաբար թարմ է, բայց ոչ միակը: Մի քանի տարի առաջ նույն Իսպանիայում 82-ամյա նկարչուհի Սեսիլիա Խիմենեսն առանց թույլտվության ռեստավրացիայի էր ենթարկել Էլիաս Գարիսա Մարտինեսի ստեղծագործությունը (19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ), և արդյունքում Հիսուս Քրիստոսի պատկերի փոխարեն ստացվել էր «մազոտ կապիկի նմանվող պատկեր»: Եկեղեցին իր վրդովմունքն էր հայտնել, իսկ Խիմենեսն էլ ի պատասխան հայտարարել, թե իրեն աշխատել թույլատրել է տվյալ եկեղեցու հոգևոր հովիվը:

 

Վերադառնանք հայկական իրականություն: 2011 թվականին ձեռնարկվեց Լեռնային Ղարաբաղի Գանձասարի եկեղեցու պարսպի վերականգնումը կամ, ավելի ճիշտ, երեսպատումը, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում: Արդյունքում, 13-րդ դարի վանական համալիրի շրջապարսպի վերականգնում-սալիկապատումը մնաց անավարտ: Ասում էին` արդեն շարված սալիկները պետք է հեռացվեն, և կազմվելու է պարսպի վերականգնման մասնագիտական նախագիծ, սակայն այդպես էլ ոչ մեկը տեղի ունեցավ, ոչ էլ մյուսից լուր եղավ:

 

Հարևան Թուրքիայում էլ հետ չեն մնացել. 2015 թվականին թուրք ռեստավրատորները լրջորեն վնասել են Հաթայ նահանգի Անթաքիա քաղաքում գտնվող թանգարանի ավելի քան տասը հին հռոմեական խճանկար։ Մասնագետները նշում էին, որ խճանկարները կարծես վերածվել են իրենց իսկ ծաղրանկարների։ Պատկերները կորցրել են յուրահատկությունն ու արժեքը և դրանք այլևս անհնար է անվանել մ.թ. 2-րդ դարի յուրահատուկ խճանկարներ։ Վնասված խճանկարների թվում է Իսահակի զոհաբերության պատկերը։

 

Նախորդ տարի աչքի են ընկել նաև Կահիրեի Եգիպտական թանգարանի աշխատակիցները.  ցուցանմուշների մաքրման ժամանակ վնասվել է Թութանհամոն փարավոնի թաղման դիմակը, ավելի կոնկրետ` պոկվել է մորուքը: Հնարամիտ աշխատակիցներն առանց երկար մտածելու և դիմակը վերականգնողական բաժին տանելու, մորուքը շտապ կպցրել են անհամապատասխան սոսնձով, որը չափազանց դժվար է մաքրվում. բացի այդ, սոսինձ է քսվել նաև ցուցանմուշի դիմային հատվածին։ Այդպիսով, ավելի քան 3300 տարվա վաղեմության գտածոն կարող է անհուսորեն փչանալ։

 

 

Եվս մեկ դեպք Իսպանիայից: Լյաներա քաղաքի` քաղաքացիական պատերազմից ի վեր լքված Սբ Բարբարայի եկեղեցին վերաբացել է դռները, սակայն ոչ թե հավատացյալների, այլ` սկեյթբորդերների առջև: Վերակառուցման համար օնլայն դրամահավաք էր հայտարարվել, որի արդյունքում հավաքվել էր 25 հազար եվրո:

 

 

Այս թեմայով