12 Մարտ 2016, 17:19
2200 |

Պարտիզանական պայքար` հանուն կանաչ միջավայրի

«Պարտիզանական այգեգործությունը» լքված կամ հանրային տարածքների կանաչապատումն է տվյալ տարածքների սեփականատերը չհանդիսացողների, այլ կերպ ասած` կամավորների կողմից: Պարտիզան-այգեպանները հիմնականում նկարիչ-դիզայներներ են:

Սա քաղաքային կյանքի նոր էսթետիկա է, քաղաքի նոր` ներքևից զարգացման գաղափար. կանաչ քաղաք,որտեղ կարելի է հարմարավետ և հետաքրքիր ապրել: Պարտիզանները վստահ են` քաղաքը ոչ թե «վերացական» քաղաքապետին է պատկանում, այլ` դրա յուրաքանչյուր բնակչին հավասարապես:

 «Պարտիզանական այգեգործություն» կամ Guerrilla Gardening հասկացությունը ծագել է նախորդ դարի 70-ական թվականներին ԱՄՆ-ում, և միայն վերջին տարիներին տարածվել Եվրոպայում և Ասիայում: Այն սովորաբար ենթադրում է նորարարական մոտեցում կանաչապատմանը, իսկ նպատակը բույսերի շնորհիվ ենթակառուցվածքային և բնապահպանական խնդիրներ բարձրացնելն է: Ի դեպ, հատուկ տեղ է հատկացվում Կարմիր գրքում ներառված բույսերի փրկությանն ու այս ճանապարհով տարածմանը:

 

Որորշ «պարտիզաններ» գործում են գիշերով` սերմերն ու սածիլները գաղտնի ցանելով: Մյուսները նախընտրում են դա անել բացահայտ` չթաքնվելով մարդկանցից, իսկ երբեմն էլ դիտմամբ ջանալով գրավել նրանց ուշադրությունը:

 Պարտիզանական այգեգործության եղանակներից մեկը «սերմառումբերն» են. նախորոք կավից, բույսերի սերմերից և հումուսից «ռումբեր» են պատրաստվում, որոնք հետագայում կամավորները գցում են կամայական և դժվարամատչելի վայրերում:

 

Սերմառումբեր ստանալու համար անհրաժեշտ է ունենալ խեցեգործական կավ, պարարտ հող, բույսերի կամ ծաղիկների սերմեր և ջուր:

 Պատրաստման եղանակը շատ պարզ է. պետք է կավից 5 սմ տրամագծով շրջանակ պատրաստել, լցոնել հումուսի ու սերմերի խառնուրդով և ամուր փակել: Երկրորդ տարբերակում պետք է խառնել հավասար քանակությամբ կավ և հող` ավելացնելով մի քանի սերմ, պատրաստել գնդիկներ և մի քանի օրով դնել արևի տակ` չորանալու:

Երբ ռումբերը չորանան, կարող եք գցել դրանք ցանկացած վայրում և երբ սերմերի աճի համար բարենպաստ պայմաններ լինեն` բավարար ջուր ու ջերմություն, դրանք կծլեն` հարստացնելով մեր քաղաքի բուսական աշխարհը և բազմազանություն հաղորդելով դրան:





Այս թեմայով