12 Մարտ 2016, 16:36
2879 |

Հանճարեղ գիտնականի հայ ուսուցիչը. Դիքրան Թահթա

Հայկական ծագումով բրիտանացի մաթեմատիկայի ուսուցիչ Դիքրան Թահթան դասավանդել է հանրաճանաչ բրիտանացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին: Հետագայում վերջինս խոստովանել է` հենց Թահթայի շնորհիվ է իր մոտ մանկուց սեր արթնացել գիտության հանդեպ:

«Շնորհիվ պարոն Թահթայի` ես դարձա Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր` գլխավորելով այն ամբիոնը, որը մի ժամանակ Նյութոնն է զբաղեցրել: Ամբողջ կյանքում փորձում եմ բացահայտել տիեզերքի գաղտնիքները: Մեզանից յուրաքանչյուրը կարծում է, որ ինչ-որ բան կարող է անել կյանքում, և դա մենք կարող ենք անել մեր ուսուցիչների շնորհիվ»,-ասել է Հոքինգն իր դպրոցական ուսուցչի մասին, որի օգնությամբ ժամանակին հավաքել է իր առաջին համակարգիչը: 

 

Դիքրան Թահթան ծնվել է 1928 թ. օգոստոսի 7-ին Ցեղասպանությունից հետո Մանչեսթերում հաստատված հայկական ընտանիքում: Նրան մկրտել են Մանչեսթերի հայկական եկեղեցում, հետագայում Տիգրան (Դիքրան) անունը կրճատվել է` դառնալով Դիք: Թահթան երբեք չի մոռացել իր հայկական արմատների մասին, հայկական դաստիարակության և կրոնի ազդեցությունը նկատելի են նրա գրքերում, հատկապես նախավերջին գրքում` «Արարատի ասոցիացիաները»: Կյանքի վերջին տարում գրված այս աշխատության մեջ Թահթան զուգահեռներ է տարել Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի,  իր կյանքի ու հայոց պատմության միջև:  Նա նկարագրել է, թե ինչպես են իր ծնողները ցանկացել զավակներին տալ անգլիական կրթություն` միաժամանակ համոզված լինելով, որ նրանք տանը պետք է միայն հայերեն խոսեն: 

 

1946-ին Թահթան կրթաթոշակ է ստանում Ռոսսալ դպրոցից` Օքսֆորդի Քրիստոսի եկեղեցու համար, որտեղ հիմնական առարկան մաթեմատիկան էր: Հալամսարանն ավարտելուց հետո և մինչև Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերում ծառայության անցնելը Դիքրանը մի փոքր դադար է վերցրել կարդալու և Թուրքիայի պատմությունը խորությամբ ուսումնասիրելու համար: Զորացրվելուց հետո նա իր ուժերն է փորձում լրագրության ասպարեզում, ինչի շնորհիվ սովորում է գրել պարզ և առանց ավելորդությունների: Սակայն շուտով` 1954-ին, վերադառնում է իր հարազատ Ռոսսալ դպրոց, որտեղ սկսում է անգլերեն դասավանդել և պատմություն: Այնպես է ստացվում, որ նա մի քանի ժամ մաթեմատիկա է դասավանդում` հասկանալով, որ այն ավելի հոգեհարազատ է իրեն:

 

 

1955-ին նա սկսում է մաթեմատիկա դասավանդել Հարթֆորդշիրի Սենթ Օլբանի դպրոցում, որտեղ էլ հենց նրան աշակերտել է երիտասարդ Սթիվեն Հոքինգը: Հետագայում Թահթան դասավանդել է տարբեր դպրոցներում ու համալսարաններում,  այդ թվում` ԱՄՆ-ում և Հարավային Աֆրիկայում: Նա նման է եղել հրաշագործի, որը ստիպում էր աշակերտներին ու ուսանողներին ակտիվ գործակցել ու բանավիճել դասի ընթացքում:  1960-ականներից սկսած նա գիտական ամսագրերում բազմաթիվ հոդվածներ է տպագրել` բացի մաթեմատիկայից անդրադառնալով նաև Վերածննդի դարաշրջանին, եկեղեցու պատմությանը, պոեզիային ու լեզվաբանությանը: Պատահական չէ, որ Դիքրան Թահթայի մահվանից հետո The Guardian-ը նրան անվանել է «իր սերնդի մաթեմատիկայի ամենաականավոր ուսուցիչներից մեկը»:

 

Այս թեմայով