25 Դեկտեմբեր 2015, 23:59
2017 |

Սիրիահայ կամավորը

Վրույր Բիլեմջյանը պրոֆեսիոնալ կամավոր է: Իսկ մասնագիտությամբ՝ դեղագործ: Նա սովորում է Բժշկական համալսարանում, և արդեն 3 տարի է, ինչ բնակվում է Հայաստանում և մեկ տարի է, ինչ ստաժավորում է անցնում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակում:

Իրականացած երազանք

Վրույրի հետ հանդիպում ենք վերջին մեկ-երկու տարիների ընթացքում Երևանում բացված բազմաթիվ նոր՝ «սիրիական թեքումով» արևելյան ռեստորաններից մեկում: Այս մեկը ևս բացվել է Սիրիայից տեղահանված և Հայաստա-նում ապաստան գտած սիրիահայերի կողմից: «Ես շատ ուրախ եմ, որ հայտնվեցի Հայաստանում, այստեղ ես գտա ինքս ինձ, — պատվերը կատարելուց հետո սկսում է պատմել Վրույրը: — Փոքր ժամանակվանից իսկապես երազել եմ գալ Հայաստան, տեսնել Արարատը, գնալ Սևան, մի խոսքով՝ բնակվել հայրենի-քում, սակայն ոչ պատերազմի գնով…»:

Երազանքն իրականացել է երեք տարի առաջ, երբ քսանամյա Վրույրն ընտանիքի հետ Հալե-պից տեղափոխվեց Երևան: Այսօր բացի դա-սերից նա ակտիվ մասնակցում է ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից մշակված մարդասիրական ծրագրերի՝ օգնում իր նման երիտասարդներին այստեղ զգալ ինչպես տանը:

Պրոֆեսիոնալ կամավոր

Ամեն ինչ սկսվեց, երբ Վրույրը մտածում էր, թե ինչպես լրացնի այն ազատ ժամանակը, որը մնում էր դասերից հետո: Գնաց ռուսերենի դասերի, հետո զբաղվում էր սպորտով: Բայց էլի ազատ ժամանակ էր մնում, և նա ոչ մի կերպ չեր հարմարվում այն մտքին, որ ժամանակն անտեղի կորչում է. «Ինչ-որ բան ինձ չէր հերիքում, դրա համար էլ որոշեցի զբաղվել կամա-վորական աշխատանքով՝ վստահ էի, որ կան մարդիկ, ովքեր անցել էին իմ ճանապարհը և օգնությանս կարիքն ունեին: Այդ ժամանակ սկսեցի ուղղակի այցելել ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի տարբեր ծրագրեր և վարպետության դասերի: ԿԱԶԱ-ի դասախոսը խորհուրդ տվեց դիմել World Vision հիմնադրամ, որտեղ և կայացավ իմ առաջին փորձը որպես կամավոր: Հետո ինձ որպես կամավոր հրավիրեցին YMCA…»: 

Եվ այդպես շարունակ, մինչև երկու տարի առաջ Վրույրը սկսեց համագործակցել Միավորված ազգերի կազմակերպության, իսկ ավելի կոնկրետ՝ ՄԱԿ ՓԳՀ-ի գործակալության հետ: Այստեղ Վրույրի գիտելիքներն ու փորձը շատ օգտակար եղան Սիրիայից տեղահանված բնակչությանն օգնություն ցուցաբերելու գործում, քանի որ նրանցից շատերը Հայաստան էին եկել հենց փախստականի կարգավիճակով: Վրույրի նեղ մասնագիտացումը երիտասարդներն են, նրանց ինտեգրումը հայկական իրականությանը: ՄԱԿ ՓԳՀ-ն իր ծրագրերն իրականացնում է գործընկեր կազմակերպությունների միջոցով, որոնց շարքում են, օրինակ, Հայկական Կարմիր խաչի ընկերությունԸ, ԿԱԶԱ-ն կամ «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունները:

Լեզու և գործիքներ

Վրույրի խոսքերով, Հայաստան ժամանած շատ սիրիահայ երիտասարդներ ունենում են լեզվի խնդիր, որպես կանոն՝ ռուսերենի: Եվ ՄԱԿ ՓԳՀ-ի և, մասնավորապես, Վրույրի խնդիրն է օգնել հաղթահարել նմանատիպ խոչընդոտները: Օրինակ՝ օգնել փախստականներին գտնել մատչելի ռուսերենի դասընթացներ կամ ճիշտ համալսարան ընդունվել: Նաև հենց ՄԱԿ ՓԳՀ-ն է իր գործընկեր կազմակերպության ԿԱԶԱ-ի միջոցով կազմակերպում լեզվի անվճար դասընթացներ: Կան նաև սիրիահայեր, որոնք նույնիսկ հայերենի չեն տիրապետում: «Շատ երիտասարդներ դժվարությամբ են այստեղ աշխատանք գտնում՝ իրենց մասնագիտությամբ, — ասում է Վրույրը, — օրինակ, մի տղա, որը վարսավիր էր Սիրիայում, այս- տեղ չէր կարողանում աշխատանքի ընդունվել, և մենք օգնեցինք նրան ձեռք բերել վար- սավիրական պարագաներ՝ մկրատներ, վար- սահարդարիչ և այլն, և նա կազմակերպեց իր սեփական գործունեությունը: Այս նախաձեռնությունն էլ իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության միջոցով: Օրինակ, մի խումբ կանայք, ովքեր Սիրիայում կարի գործ էին անում և այստեղ չունեին ոչ մի գործիք, նույնպես անվճար ստացան գործիքներ, և այժմ նրանց հաջողվում է գումար վաստակել»:

Ֆուտբոլային դիվանագիտություն

Երիտասարդների ինտեգրման համար ամեն տարի կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ մարզական, երաժշտական, մշակութային: «Ամենակարևորը այն է, որ այդ միջոցառումներին մասնակցում են նաև տեղացի երիտասարդներ, ինչը շատ է օգնում շփում հաստատել միմյանց միջև, նոր ընկերներ ձեռք բերել: Անցած տարվա մայիսին կազմակերպել էինք ֆուտբոլի երիտասարդական առաջնու- թյուն, որին մասնակցել էր 14 թիմ. չորսը կազմված էին զուտ սիրիահայերից, մի թիմ կար, որտեղ հանդես էին գալիս թե սիրիահայեր, թե տեղացիներ, կար պարսիկների թիմ, տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայերի թիմ և նույնիսկ՝ աֆրիկացիների թիմ: Հենց փախստական աֆրիկացիների թիմն էլ ճանաչվեց հաղթող: Այս տարի ևս ֆուտբոլի մրցաշար էինք կազմակերպել, որին մասնակցում էին փախստականներ և ապաստան հայցողներ տարբեր երկրներից, Սիրիայից տեղահանված և տեղացի երիտասարդներ: Բացի այդ , կազմակերպել էինք նկարչության միջոցառում երեխաների մասնակցությամբ»: «Դրա համար էլ ՄԱԿ ՓԳՀ-ում եմ» Արդեն մեկ տարի է, ինչ Վրույրը ՄԱԿ ՓԳՀ-ում ստաժավորում է անցնում: Նա իր օրինակով գիտի, թե ինչպիսի դժվարությունների են հանդիպում փախստականները, երբ լքում են հարազատ տունը, որտեղ բնակվել են կյանքի առաջին օրվանից և մեկնում մի երկիր, որտեղ չունեն ոչ բարեկամ, ոչ էլ ընկեր: «Դրա համար էլ պիտի միմյանց օգնենք, — ամենայն պատասխանատվությամբ ասում է Վրույրը, — դրա համար էլ ես ՄԱԿ ՓԳՀ-ում եմ»:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով

Այս թեմայով