30 Նոյեմբեր 2015, 19:37
252 |
Քաղաքը` հուշարձանների աչքերով
Ամեն օր մենք անցնում ենք քաղաքի արձանների կողքով: Մեր աչքերը վաղուց սովորել են այդ տեսարաններին։ Սակայն երբ մենք ենք նայում դրանց, միշտ չէ, որ զգում ենք նրանց պատասխան հայացքները։ Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչպես է հուշարձանը տեսնում ձեզ։ 100LIVES-ը տեսաձայնագրող դրոնի միջոցով նկարահանել է Երևան քաղաքը արձանների դիտանկյունից:
«Մայր Հայաստան» հուշարձանը (1950-1967թթ., ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան, քանդակագործ՝ Արա Հարությունյան) գտնվում է Հաղթանակի զբոսայգում։ Ի սկզբանե պատվանդանի վրա վեր էր խոյանում Իոսիֆ Ստալինի արձանը, որի հեղինակը քանդակագործ Սերգեյ Մերկուրովն էր։ Ստալինի հուշարձանը հետագայում հեռացվեց։ 22 մետր բարձրություն ունեցող «Մայր Հայաստան» հուշարձանը պատրաստվել է կոփածո պղնձից ու դրվել պատվանդանին 1967 թվականին։ Պատվանդանի ներսում է գտնվում Պաշտպանության նախարարության Ռազմական թանգարանը, նվիրված Հայրենական Մեծ ու Լեռնային Ղարաբաղի պատերազմներին։ Շնորհիվ իր բլրանիստ դիրքի ու հուշարձանի բուն բարձրության, Մայր Հայաստանը հնարավոր է տեսնել Երեւանի գրեթե բոլոր կետերից։
Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին նվիրված հուշարձանը (1974թ., ճարտարապետ` Սեդա Պետրոսյան, քանդակագործ` Արտաշես Հովսեփյան) կանգնած է Երեւանի հենց սրտում, Կասկադ կոչվող հսկայական սանդուղքի մոտ։ Սալաքարերը, որոնց վրա հենված է Թամանյանը, խորհրդանշում են հնագույն ու նոր ճարտարապետությունը, իսկ ինքը՝ Թամանյանը, միավորում է այդ երկու դարաշրջանները։
Սասունցի Դավթի արձանը (1959թ., քանդակագործ՝ Երվանդ Քոչար, ճարտարապետ՝ Միքայել Մազմանյան), Երվանդ Քոչարի գլուխգործոցներից մեկը, Երեւանի խորհրդանիշն է։ Այն տեղադրվել է 1959թ. Սասունցի Դավիթ հրապարակում, երկաթուղային կայարանի շենքի դիմաց։ Սասունցի Դավիթը հայ ազգային էպոսի՝ «Սասնա ծռերի» (թվագրված է VII-VIIIդդ.) գլխավոր հերոսն է, ով արաբ զավթիչներին դուրս է քշում Հայաստանից։ Դավիթը մարմնավորում է հայ ժողովրդի կենսունակությունը, հուզականությունը եւ ձգտումները։
Ֆրանսիացի նկարիչ Ժյուլ Բաստիեն-Լըպաժի (XIX դար, քանդակագործ՝ Օգյուստ Ռոդեն) արձանի կրկնօրինակը։ Արձանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նվերն էր Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ։ Արձանը կանգնած է Երեւանի ամենաբանուկ խաչմերուկներից մեկում՝ Ֆրանսիայի հրապարակում։
Խորհրդային տարիների զորահրամանատարի, զրահատանկային զորքերի մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանի ձիավարող հուշարձանը (2003թ., քանդակագործ՝ Նորայր Կարգանյան, ճարտարապետ` Էդուարդ Արեւշատյան) կանգնեցվել է Երեւանի անմիջապես կենտրոնում, Մարշալ Բաղրամյան պողոտայում։ Ըստ քանդակագործ Նորայր Կարգանյանի՝ Խորհրդային Միության մարշալը պատկերված է «իր կյանքի ու ռազմական փառքի կիզակետում»։
Հայ անվանի կոմպոզիտոր Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) (1988թ., քանդակագործ՝ Արա Հարությունյան, ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան) արձանը կանգնած է Երեւանի Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիային կից պուրակի կենտրոնում։
Հայաստանի ազգային հերոս, հայոց զորքերի սպարապետ Վարդան Մամիկոնյանի (1975թ., քանդակագործ՝ Երվանդ Քոչար, ճարտարապետ Ս. Քյուրքչյան) արձանի բացումը տեղի ունեցավ 1975թ. Օղակաձեւ զբոսայգում։ Վարդան Մամիկոնյանը գլխավորել է հայկական ապստամբությունն ընդդեմ Սասանյան Պարսկաստանի, որը փորձում էր քրիստոնյա հայերին պարտադրել զրադաշտական կրոնը։ Չնայած պարսկական կողմի թվային առավելությանը, հայերը կարողացան հսկայական կորուստներ պատճառել նրանց Ավարայրի ճակատամարտում՝ հաստատելով ազատ քրիստոնյա լինելու իրենց իրավունքը։
Հայ մեծ գրող, ուսուցիչ ու հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի (1950թ., քանդակագործ Սուրեն Ստեփանյան, ճարտարապետ Գեւորգ Թամանյան) արձանը կանգնած է Աբովյանի պուրակի կենտրոնում։
Գրող, հրապարակախոս ու հեղափոխական դեմոկրատ, հայ գրականության մեջ ռեալիզմի հիմնադիր Միքայել Նալբանդյանի (1965թ., քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան) հուշարձանը կանգնած է Օղակաձեւ զբոսայգում, Խանջյան եւ Նալբանդյան փողոցների հատման անկյունում։
Անդրեյ Սախարովի կիսանդրին (2001թ., քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան, ճարտարապետ՝ Լեւոն Ղալումյան) բացվել է համանուն հրապարակի կենտրոնում 2001 թվականին, մեծ մարդասերի ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ։ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի ընթացքում Սախարովն աջակցել է Ղարաբաղում բնակվող հայերի օրինական պահանջներին։