Հայտնի է, որ սմարթֆոններից կախվածությունն առաջացնում է տարատեսակ հիվանդութուններ, որոնց թվում նաև Digital Amnesia (բջջային հեռախոսի կախվածությունից առաջացող հիշողության կորուստ): Հայազգի ծրագրավորող Նարեկ Դանիելյանը և դիզայներ Տաթև Քոչարյանը ստեղծել են նոր բջջային հավելված` Full Life, որն օգնում է վիրտուալ աշխարհից տեղափոխվել իրական կյանք` գտնելով ձեր հետաքրքրությունները կիսող նոր ընկերներ իրական կյանքում: Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա հերթական «dating» (սիրային հանդիպումների համար նախատեսված) հավելվածներից է, սակայն իրականում այն իր շուրջ հավաքում է տարբեր հետաքրքրությունների տեր մարդկանց` սպորտի, երաժշտության, նկարչության և այլ ասպարեզներից: Հավելվածն առօրյան դարձնում է ավելի հետաքրքիր, օգնում է ձեռք բերել նոր ընկերներ և, որ ամենակարևորն է, բջջային հեռախոսի միջոցով օգնում է ազատվել հենց բջջային հեռախոսի կախվածությունից:
Հավելվածը նախատեսված է Android համակարգով աշխատող սմարթֆոնների համար: GooglePlay-ից այն ներբեռնելով` կարող եք անգլերեն լեզվով բարձրաձայն հարցում անել, գրել կամ ընտրել առկա ցանկից, թե ինչ եք ցանկանում անել, ասենք, մոտակա կես ժամվա ընթացքում (օրինակ՝ I want to cycle in the streets of Yerevan. Who will join me? ): Full Life հավելվածը կգտնի գտնել մոտակայքում գտնվող մարդկանց, ովքեր կիսում են ձեր ցանկությունը և կօգնի հանդիպել նրանց` օգտագործելով «միթինգ» մեթոդը: Full Life-ը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն որևէ հոբբի. սիրում են սպորտ, արվեստ, գրականություն կամ տարբեր խաղեր:
Հավելվածի հեղինակների խոսքերով` այս նախագծի հիմնական նպատակն է հայ երիտասարդներին դուրս բերել վիրտուալ աշխարհից և նրանց օրը լցնել մարդկային, ակտիվ ու դրական շփումով: