Օդում պարող պոլիէթիլենային տոպրակ, որ հոգնատանջ իջնում է ծառի ճյուղին և մնում այնտեղ հավերժ. շատերիս է ծանոթ երևանյան այս տեսարանը: Այն հաճախ համալրվում է նաև գետում նավարկող պլաստիկ շշերով ու այլ թափոններով: Սննդարդյունաբերության մեջ օգտագործվող պլաստիկ տարաները (օրինակ` շշերը) և տոպրակները յուրօրինակ գլխացավանք են դարձել ամբողջ հանրապետության համար։ Կրկնակի օգտագործման ենթակա չլինելով՝ դրանք շպրտվում են որպես կենցաղային աղբ եւ ապականում շրջակայքը։ Մինչդեռ դրանց կազմակերպված հավաքումը եւ վերամշակումը շահեկան է ոչ միայն շրջակա միջավայրի աղտոտվածության կրճատման առումով, այլեւ տնտեսապես։ Ցավալի է, սակայն ժամանակակից աշխարհում մենք մեզ չենք կարող կոչել ժամանակակից քաղաքացիներ, քանի դեռ այս տեսարանները փչացնում են մեր քաղաքների արտաքին տեսքը և կարծիք ձևավորում մեր մասին` որպես մարդկային տեսակի: Ինչո՞ւ պոլիէթիլենային տարաների վերամշակման ու ՊԷՏ (PET) ստանդարտի շշերի վերարտադրման մեխանիզմները գործածելի չեն Հայաստանում և ինչպես պայքարել այս հիմնախնդրի հետ: Այս հարցերին կփորձի պատասխանել ImYerevan.com կայքը:
Հիմնախնդիր
20-րդ դարի 70-ական թվականներից սկսած ամբողջ աշխարհում լայն թափով սկսեց զարգանալ պոլիէթիլենային տոպրակների (ցելոֆաններ), պայուսակների, պարկերի, շշերի արտադրությունը ու դրանց կիրառությունը: Ապրանքների փաթեթավորման նպատակով հազարավոր տոննաներով արտադրվող եւ սպառվող պոլիէթիլենային տոպրակներն ու պլաստիկ շշերը օգտագործումից հետո հայտնվում են աղբատարում կամ, որ ավելի վատ է, փողոցներում ու բնության գրկում: Այդ առումով, Հայաստանը, ցավոք, գովելի իրավիճակում չէ: Ամեն օր, ամեն տեղ, լինի դա քաղաքում կամ բնության գրկում, մենք ականատես ենք լինում թափված հազարավոր պլաստիկ շշերի կույտերի կամ օդում սավառնող պոլիէթիլենային տոպրակների երամների: Այս հիմնախնդրով Հայաստանում զբաղվում են տասնյակ հասարակական կազմակերպություններ, իսկ վերամշակմամբ զբաղվում են հատուկենտ ընկերություններ, սակայն շրջակա միջավայրն ավելի մաքուր չի դառնում: Չկա սոցիալական պատասխանատվություն և, որ նույքան կարևոր է, չկա որոշումներ կայացնելու ու հիմնախնդիրներին լուծում տալու քաղաքակական կամք: Մինչդեռ, ամբողջ քաղաքակիրթ աշխարհն արդեն վաղուց փնտրում է և գտել է պոլիէթիլենային տարաների թափոնների տեսակավորման ու վերամշակման ձևեր:
ՊԷՏ նշանակում է Պոլիէթիլեն տերեֆտալատ` պլաստմասե տեսակ և պոլիեստերի տարատեսակ: Պոլիէթիլեն տերեֆտալատը պոլիմեր է, որը ձևավորվում է միավորելով երկու մոնոմերներ` մոդիֆիկացված էթիլեն գլիկոլ և զտված տերեֆտալաթթու: ՊԷՏ-ը նշագրվում է #1 կոդով շշերի և այլ տարաների հատակային մասում և օգտագործվում է ջրերի, հյութերի, շպարի միջոցների և այլ կենցաղային մաքրող միջոցների փաթեթավորման համար:
ՊԷՏ-ը տարածված թափոփավորման նյութ է սննդային և ոչ սննդային ապրանքների համար: Արտադրողները օգտագործում են ՊԷՏը քանի որ այն էժան է, թեթև, ենթակա է բազմակի օգտագործման, ամուր է և վերամշակվող: ՊԷՏ-ը ունի մեկ այլ կարևոր հատկանիշ բնապահպանական տեսանկյունից` այն ամբողջությամբ ենթակա է վերամշակման: Առաջին անգամ ՊԷՏ շիշը վերամշակվել է 1977թ. և վերածվել շշի կափարիչի:
Վերամշակված պոլիէթիլեն տերեֆտալատը (RPET) կարելի է օգտագործել շատ ապրանքներ արտադրելու համար: Oրինակ` սինթետիկ մանրաթելեր
պոլիեստեր գորգերի համար, շապիկների գործվածքներ, գիշերազգեստների, սպորտային կոշիկների, ճամփորդական պայուսակների, աստառի և սվիտերների համար, միջուկներ բարձերի և ձմեռային վերարկուների համար, ժապավեն արդյունաբերական փաթեթավորման համար, թերթեր և ժապավեն, ավտոմեքենաների մասեր, ապահովիչների տուփեր, բամպեր, ճաղավանդակներ և դռների պանելներ, նոր ՊԷՏ տարաներ սննդային և ոչ սննդային հեղուկների համար:
Հաշվարկված է, որ աշխարհում ներկայումս յուրաքանչյուր րոպե օգտագործվում է մոտավորապես 1 միլիոն պոլիէթիլենային տարա, իսկ մեկ մարդը տարեկան օգտագործվում է միջինը 130 պոլիէթիլենային տարա` տոպրակների կամ շշերի տեսքով: Վիճակագրության համաձայն` Եվրամիության յուրաքանչյուր բնակիչ տարեկան օգտագործում է 500 պլաստիկ տոպրակ, ընդ որում մեծ մասը` մեկ անգամ միայն: Հայտնի է, որ հողում որոշակի խոնավության պայմաններում նույնիսկ 1000 տարին բավարար չէ պոլիէթիլենի բնական քայքայման համար, այն դեպքում, երբ թուղթը քայքայվում է 2-3 ամսում, նարնջի կեղեւը` 6 ամսում, ծխախոտի մնացոդը` 10-12 ամսում:
Հայաստանում ներկայումս շատ մեծ քանակությամբ պլաստիկ շշերով ըմպելիք է սպառվում, տարեկան 5—6 հազար տոննա դատարկ տարա է առաջանում։ Եթե այդ ծավալը հավաքագրվի, ապա հնարավոր կլինի Հայաստանում ներդնել շշից շիշ արտադրելու տեխնոլոգիան եւ վերամշակումից հետո տեղում արտադրել սննդի համար պիտանի, անհրաժեշտ ստանդարտներին համապատասխանող շշեր, եւ վերամշակված կիսաֆաբրիկատն այլեւս չարտահանել։ Այսօր տարեկան հավաքագրվում է 1500 տոննա շիշ։ Քանակի անբավարարության պատճառով հայաստանի թվով մի քանի գործարանները դժվարությամբ են դրական ցուցանիշ ապահովում։
Անգլիայում, օրինակ, սկսել են պլաստիկ շշին փոխարինող էկոլոգիապես մաքուր ջրի տարա արտադրել: Պլաստիկ շիշը նոր նյութով փոխարինելու գաղափարը պատկանում է «Ooho» նախագծին, որը հաղթող դարձավ Մեծ Բրիտանիայի էկոլոգիական գյուտերի ամենամյա մրցույթում: Տարան ունի կաթիլի տեսք և պատրաստված է կալցիումի քլորիդի եւ ջրիմուռներից ստացված հատուկ հեղուկի համադրությունից. Տարայի արժեքը մեկ ֆունտ է: Այս տարայի ներդրումը զգալիորեն կարող է նվազեցնել պլաստիկ շշերի արտադրանքի քանակն աշխարհում:
Լուծումներ
Որպեսզի պոլիէթիլենային շշերը կրկնակի գործածվեն սսնդի մեջ, հարկավոր է դրանք վերամշակել հատուկ ստանդարտով: Այսօր Հայաստանում չկան նման բարձր ստանդարտով վերաշակմամբ զբաղվող ընկերություններ: Այն գործարանները (օրինակ` CleanLand և «Էկո-Ինջինիրինգ» ընկերությունները), որոնք զբաղվում են պոլիէթիլենային շշերի վերամշակմամբ, ստացված արտադրանքը արտահանում են, քանի որ սննդի ասպարեզում կրկնակի օգտագործման համար դրանք գործածելի չեն: Աշխարհում նմանատիպ ստանդարտի արտադրամասեր կան միայն մեծ քաղաքներում, որտեղ բավական քանակով վերամշակման ենթակա հումք կա: Հայաստանում վերամշակման ենթակա հումքը բավարար չէ նման արտադրամաս հիմնելու համար, այս իսկ պատճարով միակ լուծումը արտահանելն է: Բավարարար քանակով ընդունման կետեր ու քաղաքացիների կողմից աղբը տեսակավորելու պատրաստակամություն ունենալու դեպքում հնարավոր է միջավայրը փրկել հետագա աղտոտումից: Կրթական ծրագրերի և խոսուն արտ- ինստալացիաների միջոցով էլ հնարավոր է դաստիարակել նման մոտեցում: ImYerevan.com կայքը նախատեսում է սկսել մեծամասշտաբ ակցիա` #plasticstorming, որի շրջանակներում կիրականացվեն կրթական և այլ ծրագրեր պլաստիկ թափոնների դեմ պայքարելու և այլընտրանքային միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Աղբյուրներ`
mediamax.am, hhpress.am, cleanland.am