19 Մարտ 2013, 12:25
326 |

Աշխարհի վերջից հետո

Քանի դեռ շատերը զբաղված էին աշխարհի վերջին պատրաստվելով կամ առնվազն դրա մասին ֆեյսբուքում գրառումներ անելով՝ «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի մասնագետները մտածում էին Երևանում աշխարհի վերջից հետո սպասվող հետոյի մասին: Արդյունքում ծնվեց այլընտրանքային «Աշխարհի վերջից հետո» նախագիծը, որը չնայած ֆիզիկապես չի հպվում Երևանին, բայց բարձրացնում է քաղաքային միջավայրը, հասարակական վայրերն ու ճարտարապետական միջավայրը հարգելու հարցեր: Ինչպես տեսանք, ապոկալիպսիս տեղի չունեցավ, բայց նախագիծը դրանից պակաս արդիական, իհարկե, չդարձավ:

Վերջերս Երևանի տարբեր համայնքներում քաղաքացիների կողմից «մի քանդեք»-ի կամ «մի կառուցեք»-ի պահանջներն ու քննարկումները հաճախակի են դարձել: «Մի անգամ, երբ բակերից մեկում հերթական պայքարն էր նոր շինության դեմ, հավաքված ու բողոքող հարևաններին հարցրի՝ եթե քաղաքապետարանը հիմա գա ու ասի, որ թույլ չի տալիս նոր կառույցի շինարարությունը, բայց փոխարենը դուք պետք է հետ տաք բոլոր առաջ եկած կամ փակած պատշգամբները, կանեք՞: Նրանք թե'չէ,՛ տենց ոն՞ց կլինի»,— պատմում է «Ստորակետի» ճարտարապետ Նարբե Պետրոսյանն ու ավելացնում, որ նման վերաբերմունքն, իհարկե, չի արդարացնում այն, ինչ կատարվում է Երևանի քաղաքաշինական ոլորտում, այդուհանդերձ, խոսում է երևանցիների մտածելակերպի ու հոգատարության մասին: «Երևանն անկողնային հիվանդ է' մահացու հիվանդ: Շատերը քաղաքի աղավաղումը տեսնում են նորակառույցների մեջ: Անգամ, եթե նոր կառուցապատումը կարգավորվի, բա մնացածն ի՞նչ ենք անելու: Ես նայում եմ մեր բակին ու մտածում, ի՞նչ պիտի լինի, որ այն նորմալ միջավայր դառնա»,— ավելացնում է ճարտարապետ Աշոտ Սնխչյանը: Ճարտարապետներին մտահոգում է նաև, որ Երևանը կարծես միայն քաղաքի կենտրոնը լինի. «Մարդիկ ասում են' նստենք, գնանք քաղաք: Մասիվը կամ Բանգլադեշը քաղաքում չե՞ն»:

Երևանի շուրջ պտտվող ու նրան առնչվող քաղաքաշինական մտահոգությունների ցանկը երկար կարելի է թվել: Ու թեև «Ստորակետի» նոր նախագիծը դատապարտված է չիրականանալու, քանի որ դրա տեղում արդեն նոր շենք է երկինք բարձրանում, միևնույն է, արվեստանոցի ճարտարապետներն այդպիսով փորձել են իրենց վերաբերմունքն ու քաղաքաշինական իրավիճակին առնչվող տեսակետն արտահայտել: Այն բանավեճի, երկխոսության մթնոլորտ ստեղծելու նպատակ ունի Երևանն իրարից խլել ձգտող, քանդել-չքանդելու պատերազմում երկու բևեռների բաժանված քաղաքացիների միջև: Նախագիծը տեղավորվում է Հյուսիսային պողոտա, Աբովյան, Պուշկինի փողոցներով պարփակվող հատվածում: «Գաղափարն ի սկզբանե այսպիսին էր. պատկերացրեք ջրով տոպրակ գցենք Աբովյան, Պուշկին և Հյուսիսային պողոտա հատվածների վրա, այն կտարածվի՝ լցվելով յուրաքանչյուր անկյուն: Կամ պատկերացրեք մարդ, որ խցկվում է հերթի մեջ: Մեր մտածած նախագիծն էլ, ենթադրվում է, որ պետք է խցկվեր հին ու նոր շենքերի արանքները՝ յուրովի հարմարվելով դրանց»,— ասում է Աշոտը:

Այլընտրանքային առաջարկը հենված է սյուների վրա: Ֆիզիկապես այն չի հպվում Երևանին, բայց զբաղեցնում է նրա օդային տարածքը: Շենքը կտրված չէ ընդհանուր հանրային տարածքից՝ կապում է Հյուսիսային պողոտան Ազնավուրի հրապարակին: «Չնայած կառույցը բավականին փռված է, միևնույն է, մարդու շարժումը քաղաքով այն չի ընդհատում, քանի որ ամբողջությամբ օդի մեջ է: Այն մակարդակի վրա, որտեղ քաղաքը քայլում է, այս շենքը չկա: Մեծ ուշադրություն ենք դարձրել հանրային տարածքներին, քանի որ Երևանում այսօր հանրային տարածքների կրիզիս է՝ գրավված են գրեթե բոլորը»,— ասում է Աշոտը:

Այն, որ «Աշխարհի վերջից հետո» նախագծին վիճակված չէ իրականություն դառնալ, «Ստորակետի» ճարտարապետներին չի հուզում, Նարբեն վստահեցնում է. «Մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ ինչ-որ բան մեզ էլ կարող է դուր չգալ, ու սա խոսելու մեր ձևն է: Առհասարակ, ճարտարապետությունը միայն բիզնեսի կամ քաղաքականության մեջ չէ: Որևէ նախագծով հանդես գալը ճարտարապետի ասելիքը ներկայացնելու տարբերակ է: Երևանին առնչվող կարևոր քաղաքաշինական հարցերի շուրջ, նման կերպով, կարող ենք ճարտարապետների հանրություն ստեղծել»:

Այս թեմայով