Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ ծնվելով Նյու Յորքի աղքատ սևամորթների թաղամասերում՝ բրեյք դանսը կոտրեց սահմանները և սկսեց իր քայլերթը աշխարհով մեկ: XXI դարի շեմին հիփ-հոփի մշակույթի այս անչափ կարևոր բաղադրիչը հասավ նաև Հայաստան: Թեպետ մեր միջավայրի համար այն մինչև հիմա չափից դուրս անսովոր է:
Հայաստանի բրեյք դանսի պիոներներից մեկը՝ Գարիկ Ալեքսանյանը, նոստալգիայով հիշում է 1998 թվականը, երբ մեր երկրում առաջին անգամ խոսեցին բրեյք դանսի մասին՝ այն ժամանակ պարը հասել էր նրան տեսաերիզների տեսքով: 12 տարի անց, 2010-ին Գարիկը հիմնեց Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիան, որն իր առջև դրել է միաժամանակ պարզ և խիստ բարդ նպատակ՝ Հայաստանում զարգացնել ու կատարելագործել այս պարատեսակը:
Հայաստանում բրեյք դանսը յուրօրինակ կերպով է զարգացել: Չնայած իր «փողոցային» արմատներին, մեզ մոտ այն շատ շուտ տեղափոխվել է պարասրահներ ու բեմ: «Ցավոք, մեզ մոտ չեն անցկացվում բրեյք դանսի համար շատ սովորական աղմկոտ ու խենթ մրցաշարեր, համարյա չի լինում փորձի փոխանակում միջազգային ճանաչում ունեցող բիբոյների հետ», — նշում է Գարիկը: Մյուս կողմից, նա վստահ է, որ բրեյք դանսի համար չկա անհնարինը՝ «այդ շարժումների միջոցով կարելի է արտահայտել ցանկացած միտք ու էմոցիա», իսկ դա նշանակում է, որ կարելի է հաղթահարել նաև կարծրատիպերը: «Երբ ես սկսեցի պարել, այստեղ ոչ ոք չէր դասավանդում բրեյք դանս, ոչ էլ դրանով առանձնապես հետաքրքրվողներ կային, — հիշում է Գարիկը, չմոռանալով նաև մենթալիտետային խնդիրը, — մի տեսակ էին նայում, թե էս տղեն բանակից եկել ա, էլ բան ու գործ չունի՝ ինչ-որ պարեր ա պարում… Բայց ես սովորեցի՝ տանը, կասետներ նայելով, վնասվածքներ ստանալով:»: Մինչև բանակը Գարիկը տարբեր սպորտաձևերով է զբաղվել, բայց ոչ մեկում էլ չի գտել այն, ինչ փնտրել է: Բրեյք դանսը նրա երազանքների պարային դրսևորումը դարձավ՝ համատեղելով էքստրիմը, սպորտն ու գեղեցիկը: Այդպես Հայաստանը ստացավ իր առաջին բիբոյին՝ այդպես են Ամերիկայում անվանում բրեյք պարողներին:
Բրեյք դանսն անսահմանափակ է: Այս պարային ոճում յուրաքանչյուր բիբոյ յուրովի է գտնում իրենը: Այն, ինչ սովորում ես դասերի ժամանակ, այբուբենն է, իսկ թե ինչպես կզարգանա պարը, արդեն կախված է յուրաքանչյուր պարողից՝ սա կհաստատեն բոլոր քիչ թե շատ փորձառու բիբոյները: «Չպիտի հանձվես, պիտի գտնես քոնը, մտածես քո հնարքներն ու կատարելագործես դրանք, — ասում է Գարիկը, — որքան մեծ թռիչք ու ազատություն տաս երևակայությանդ, այնքան ավելի օրիգինալ կպարես: Արդյունքում բրեյք դանսն անընդհատ զարգանում է ու չի կորցնում թարմությունը:»:
Երաժշտությունը բիբոյները համարում են իրենց ներշնչանքն ու պարի «մարտկոցը»: Մրցումների ժամանակ կարևորը ոչ թե այն է, թե ով ավելի բարդ հնարք կօգտագործի, այլ ով ավելի երաժշտական կկատարի իր շարժումները: «Երաժշտությունն է բրեյք դանսի հանդեպ տարերքն ու ցեցը արթնացնողը», — վստահեցնում է Գարիկը:
***
Ինչպես հաճախ պատահում է, որևէ մշակութային երևույթ ծնվելով մի տեղ, սփռվելով աշխարհով, իր մեջ ներառում է տվյալ վայրի առանձնահատկությունները: Նույնը վերաբերում է նաև բրեյք դանսին: Չնայած որ առաջին հայացքից պարը նույնն է, իմացող մարդիկ միանշանակ կարող են ասել պարողը գերմանացի է, ֆրանսիացի, թե՞ ամերիկացի: Գարիկի բնորոշմամբ, դասական ամերիկյան բրեյք դանսի կողքին, ֆրանսիականը, օրինակ, ավելի նուրբ է, կորեական տարբերակը աննկարագրելի պլաստիկ է՝ այնպես են պարում, ասես ոսկոր չունենան: Հայկակա՞նը: «Մենք դեռ զարգացման այն փուլում ենք, երբ անգիր ենք անում արդեն անցած ուղին, բայց դեռ մերը մտցնելու մասին մտածելը վաղ է», — խոստովանում է ասոցիացիայի նախագահը:
Իսկ ինչու՞ հայ բիբոյները չեն «տժժում» փողոցներում: Չէ՞ որ դա է բրեյք դանսի «բնական» միջավայրը: Բայց երևանյան կոնսերվատիվ միջավայրում, ուր դեռ բավական ուժեղ են «քյարթուական» կանոնները, իրենց ոճով ու շարժումներով տարբերվող երիտասարդները չեն զգում իրենց բավականաչափ ազատ և հարմարավետ: Ու եթե Լոս Անջելեսում, Վիեննայում կամ Վարշավայում զբոսնելիս փողոցներում ու հրապարակներում կարելի է հանդիպել հենց այնպես, իրենց համար պարող բիբոյների, ապա Երևանի փողոցներում Գարիկին և իր զինակիցներին հաճախ չես հանդիպի: «Բա տղան տենց բան կանի՞, տենց կհագնվի՞, տենց կպարի՞», — շարունակում են ասել մարդիկ:
***
Այդուհանդերձ, եթե համեմատենք մի քանի տարի առաջվա հետ, ապա կարելի է տեսնել, որ այսօր բրեյք դանսով հետաքրքրվողների թիվը Հայաստանում անհամեմատ շատ է թե երիտասարդների, թե պատանիների շրջանում: «Հաճախ ծնողներն են բերում երեխաներին ու չեն էլ հասկանում՝ ինչ պարի են բերել, ասում են, էս էն դժվար, բայց հավեսին պարն ա», — ասում է Գարիկը:
Հայաստանում բրեյք դանսը զարգացման գագաթնակետին չէ, բայց 10 տարի առաջվա համեմատ այն ավելի արագ է առաջ գնում ու զարգանում: Մեր քաղաքում բրեյք դանսով հետաքրքրվում են ոչ միայն որպես հոբի: Քիչ չեն նաև պարային այս ոճի հետ իրենց կյանքը կապել ցանկացողները: Դրանցից մեկն Արմենն է, որը սովորել է Ֆիզկուլտ ինստիտուտի «սպորտային պարեր» բաժնում, սկսել է լատինաամերիկյանից, փորձել ու ծանոթացել է բազմաթիվ այլ պարատեսակների հետ, բայց արդյունքում հասկացել, որ նրա տարերքը բրեյք դանսն է: «Եթե չեմ էլ պարում օրվա մեջ, մեկ ա՝ մտքերով երաժշտության ու նոր շարժումներ մշակելու մեջ եմ»: Բիբոյ Ազոն պարում է արդեն 3 տարի և ինքն իրեն բնորոշում է որպես «աննորմալ պարող», լավ իմաստով, անշուշտ: «Բրեյք դանսը ցեց ա, որից պրծում չկա, — ասում է նա, — իսկ երբ պարը սկսում ա ստացվել՝ պոկվելն անհնար ա»: Հաջողության հասնելու համար կարևորը համառ ու չհանձնվող լինելն է, ինչպես նաև համեստությունը. «թե չէ մեկ երկու շարժում սովորում են ու կարծում, որ իրենք արդեն բիբոյ են»:
Բիբոյ Ֆլեշը, նույն ինքը Սարգիս Անդրեասյանը, նույնպես կանգնած է եղել հայաստանյան բրեյք դանսի ակունքներում: Մոտ 5 տարի է, ինչ ստեղծել է Հայաստանի բրեյք դանսի ֆեդերացիան: Պարային այս ոճի ոչ լիարժեք զարգացվածությունը մեզ մոտ Սարգիսը կապում է անուշադրության ու ոչ բավարար միջոցների հետ:
Սպորտսմեն, արևելյան մարտաձևերի վարպետ, մի քիչ արդեն տարիքն առած, մի քիչ էլ գիրացած Սարգիսը միևնույնն է չի դադարում իրեն համարել բիբոյ, պարապում է բոլորի հետ հավասար և, իհարկե, չի հրաժարվում իր սիրելի՝ գլխի վրա պտույտներից: «Մազերս գիտե՞ք ինչի են թափվել, որովհետև ամենաշատը գլխի վրա եմ պտտվում», — կատակում է Ֆլեշը, որի անձնական «գլխապտույտ» ռեկորդը 52 պտույտ է (աշխարհի լավագույն ցուցանիշը՝ 142): Բիբոյական կրակը Ֆլեշի մեջ վառվել է, երբ առաջին անգամ հեռուստացույցով տեսել է բրեյք դանս պարողների ու հասկացել, որ իր մեջ բիբոյ է նստած: «Ուղղակի չդիմացա, սկսեցի տանը պարապել, մի քանի վնասվածք ստացա, մի քանի անգամ կոտրեցի կախովի լուսամփոփներն ու ամանները: Համարյա բոլորի նման լսել եմ բարեկամների մրթմրթոցը՝ դե մի լուրջ բանով զբաղվի», — իր անցած ուղին հակիրճ վերհիշում է Սարգիսը: Նրա համար բրեյք դանսը ապրելակերպ է, մշակույթ: Նա վստահ է՝ այն, որ պարը ծնվել է փողոցում, դեռ չի նշանակում, որ այն մյուս պարերից վատն է. «Հենց փողոցային ազատության ու պարզության մեջ ա ծնվում անկեղծությունը»: Այստեղ չկան սահմաններ ու հնարավոր չէ գտնել ընդհանրություններ ոչ պարողների ու ոչ էլ նրանց բնավորության մեջ: Բրեյք դանսը հատուկ է հենց նրանով, որ ամեն մեկն ունի իրենը, յուրահատուկը, ինչն ինքնատիպ հմայք ու հարստություն է տալիս ոճին: Պարի որակը որոշում են դրա ստեղծագործ լինելով: Մեծ դեր է խաղում այն, թե մինչև ուր կարող է հասնել պարողի երևակայությունը իր շարժումների մեջ: Ամենակարևորը վերջին, եզրափակող շարժումն է, որը, որպես կանոն, ամենաազդեցիկն ու տպավորիչն է լինում:
Իսկ ին՞չ կլինի, եթե Երևանի պարարվեստի ուսումնարանում բացվի, օրինակ, բրեյք դանսի բաժին: «Կարծում եմ դասական բաժինների մի շարք սաներ կսկսեն հաճախել այս բաժին», — կատակում է Սարգիսն ու ավելացնում, որ մինչ դրան հասնելը դեռ կարծրատիպերի հաղթահարման փուլեր պետք է անցնենք:
Բրեյք դանսի մոտակա «բարեկամը» հիփ-հոփն է: Երկու ոճերի միակ տարբերությունը երաժշտությունն է: Սակայն այսօր դրանց շարժումներն այնքան են միաձուլվել, որ երբեմն գրեթե անհնար է լինում իրարից տարբերել: Հովոն հիփ-հոփով տարվել է 8 տա-րեկանից: Երբեմն ինքն էլ փորձում է բրեյք դանս պարել, բայց իրեն այս ոճը ավելի խորթ է, չնայած սիրում է նայել բիբոյների պարը: «Կախարդական պարողներ կան, որ չես հասկանում, ինչպես են շարժվում, — հիացմունքով ասում է Հովոն, — բայց իմ համար հիփ-հոփն ուրիշ ա, իմ կյանքի ամենավառ գույներից մեկն ա»: Շաբաթը 7 օր, օրը 24 ժամ պար, փորձեր, պարային բեմադրությունների մտքեր՝ այսպիսին է Հովոյի առօրյան: «Շատ անգամ երթուղայինում նստած մտքով պար եմ բեմադրում, էնքան եմ տարվում ու երևակայում, որ կարող ա հանկարծ ինչ-որ շարժում անեմ, կպնեմ կողքի նստածին»:
Հայկական մտածելակերպի ու կարծրատիպերի դեմ ունի պայքարի իր ձևը. «Էլ թարս չեն նայում, հենց տեսնում են պարդ: Լավը միշտ սիրում ու գնահատում են»: Սկզբում փողոցային պարողի կերպարը խորթ է, բայց մարդկանց մոտեցումներն ու կարծիքները միշտ կարելի է փոխել: Վերջին մի քանի տարիների ընթացքում հասարակության վերաբերմունքի փոփոխությունն ակնհայտ է: Միգուցե այն պատճառով, որ Հովոն իր ընկերների հետ մի ժամանակ առանց կաշկանդվելու պարում էր Երևանի փողոցներու՞մ: «Հրապարակում էնքան էինք պարել, որ ոստիկանները հենց մեզ տեսնում էին, ասում էին՝ չպարեք», — հիշում է Հովոն:
Նրա կարծիքով հիփ-հոփ կուլտուրային հատուկ պարերը, այդ թվում և բրեյք դանսը, կզարգանան, եթե լինի մրցակցություն: Այդպես կմեծանա կատարելագործվելու ձգտումը, կիմանանք լավագույններին, կավելանան նորեկները: Ցավոք, միաժամանակ գործող միանգամից երկու բրեյք դանսային կառույցները՝ ասոցիացիան և ֆեդերացիան, դրան առայժմ չեն հասել: Ճիշտ է, նախագահները միմյանց մասին լավ կարծիքի են, բայց յուրաքանչյուրն իր նախասիրություններն ու նախապատվություններն ունի, գործում են առանձին ու համագործակցության պատմություն չունեն: Բայց մի հարցում երկու կառույցների նախագահները համակարծիք են. Հայաստանում բրեյք դանսը զարգացած չէ: Բայց ոչ մի բիբոյ մի վայրկյան էլ նույնիսկ մտքում չի մտածի, թե երևանյան փողոցներում բրեյքն ապագա չունի: «Դեռ կտեսնեք», — ժպտալով ասում է բիբոյ Ֆլեշն ու գնում մշակելու շարժումները: