18 Մարտ 2013, 17:54
1723 |

Ապակուց այն կողմ

Ֆիքսել ապակուց այն կողմ գտնվող հայացքները, մտքերը, հույզերն ու գալիք օրվա հանդեպ հույսով լի աչքերը. անել անհնարինը՝ որսալ մտքերը:

Կանգառում երթուղայինի կամ ավտոբուսի սպասելիս նկատում ես դեմքեր, երևանցիների դեմքեր` ուրախ, մտահոգ, հարցական նշանով: Նրանցից մեկը նոր է վերջացրել դասերը ու շտապում է տուն՝ ուսանողին բնորոշ փութկոտությամբ: Մյուսը ճանապարհի առօրեական միօրինակությունը մի փոքր մեղմելու կամ ճանապարհը կրճատելու համար դիմում է իր ականջակալների օգնությանը: Ավտոբուսի ապակու հետևում ուրվագծվում է ժամացույցին անընդհատ հետևող երիտասարդի կիսադեմը. հավանաբար ուշանում է ժամադրությունից:

Մեկի համար օրն արդեն ավարտվում է դանդաղ ու ալարկոտ տրոլեյբուսի` կարծես ձեռքերը վեր պարզած էլեկտրալարերի տեսքով, իսկ մյուսի համար, ով գիտե, միգուցե ամենահաջողակ օրը դեռ նոր է սկսվում: Տատիկներ ու պապիներ, որոնց աչքերը, թվում է՝ ուր որ է՝ կփակվեն, քնաթաթախ են նաև նախորդ գիշեր անքուն մնացածները. նրանք էլ գիշերային հերթափոխից են վերադառնում: Մարդկանց դեմքերին այնքան հարցեր կան, ու աչքերը նրանց պատասխաններ են որոնում ավտոբուսի ապակուց այն կողմ` փողոցում, մարդկանց մեջ, երկնքում:

Ֆիքսել ապակուց այն կողմ գտնվող հայացքները, մտքերը, հույզերն ու գալիք օրվա հանդեպ հույսով լի աչքերը. անել անհնարինը՝ որսալ մտքերը:

Այս թեմայով