08 Մայիս 2015, 18:33
2452 |

Իրերի երկրորդ կյանքը

Հայրենական պատերազմից խորհրդային բանակի զինվորները, այդ թվում եւ հայերը, վերադառնում էին ոչ միայն հաղթանակով: Պատերազմական օրերի ու դժվար տարիների հիշողություններից բացի նրանք ռազմավար էին բերում՝ իրեր, որոնք հավաքվում էին կործանված քաղաքներից: Դրանք նաեւ շնորհվում էին հրամանատարության կողմից՝ ի նշան երախտագիտության: Տարբեր իրեր, կենցաղային առարկաներ, սեղանի խաղեր ու նույնիսկ ռազմական գործողությունների մասնակցած զենք: Դրանք այսօր մասունքներ են ու վետերանների ընտանիքներին հիշեցնում են յոթ տասնամյակ առաջ տարած հաղթանակը:

Էդգար Էկտիբարյան
Մեծ պապս անցել է ամբողջ պատերազմն ու հասել Բեռլին: Շատ զինվորների նման նա էլ ռազմավար է բերել Գերմանիայից: Քանի որ ստեղծագործող էր, մտածել ու որոշել էր՝ տանը ամենաշատը գրամեքենայի կարիք կա:
Գրամեքենան երեւանյան տանը տեսնելով՝ կինը շատ է ուրախացել: Նա այդ ժամանակ մեքենագրման դասընթացների էր հաճախում: Լատիներեն տառերը փոխեցին ռուսական այբուբենով, ու սարքը ավելի քան կես դար ծառայեց ընտանիքին: Գրամեքենան հանգստի գնաց 1996-ին, երբ տուն բերեցին առաջին համակարգիչը: Բայց այն այսօր էլ անգործ չէ: Ժամանակ առ ժամանակ հետաքրքրության համար տեսքտեր ու նույնիսկ նամակներ են հավաքում դրանով: SMS գրելը, ճիշտ է, ավելի հեշտ ու հարմար է, բայց թղթի վրա գրվածքն ավելի շատ է վստահություն ներշնչում:

Էլեն Բաբալյան
Մեր պապը ծառայել է լեգենդար Թամանյան դիվիզիայում ու հասել մինչեւ Ռեյխստագի պատերի մոտ: Թե ինչպես է այս արծաթե սկահակը հայտնվել նրա մոտ, չգիտենք: Բայց փոխարենը պատմել է, որ Խորհրդային Միություն տեղափոխելիս լուրջ խնդիրներ են առաջացել. սկահակի վրա կեռխաչեր են փորագրված եղել: Ստիպված են եղել հենց սահմանին մաքրել Երրորդ Ռայխի նշանը: Հեշտ գործ չէր, ամբողջ գնդով տանջվել են՝ մինչեւ այն համապատասխանեցնեն խորհրդային «չափանիշներին»: Մաքրած կեռխաչերի հետքերը մինչեւ օրս երեւում են: Քանի որ կինը ուկրաինայի հրեա էր, սկահակի հանդեպ ընդգծված հակակրանք ուներ: Այն գրեթե չի օգտագործել, այնպես որ պապիկի ռազմավարը շատ լավ պահպանվել է: Տարիներ առաջ պապիկը գերմանական սկահակը որպես հարսանեկան նվեր տվեց մեզ:

Արտակ Սարգսյան
Պապիկին զորակոչել են 1939-ին, 1942-ին ուղարկել Երկրորդ ուկրաինական ռազմաճակատ, որտեղ վաշտի հրամանատար է եղել: Հաղթանակը դիմավորել է Չեխոսլովակիայում: Պատերազմից, որպես ռազմավար, նա երկու ածելի է բերել: Ինչպես գերմանական բոլոր ապրանքները, դրանք էլ շատ բարձր որակ ունեին: Հետո տասնամյակներ շարունակ օգտվում էր դրանցից: Հիշում եմ՝ ինչպես էի կախարդված նայում պապիս սափրվելուն, ով պարբերաբար սրում էր այն հաստ կաշվի վրա: Հիշում եմ, նույնիսկ մի քանի անգամ խնդրել եմ ածելին, որպեսզի սափրվեմ: Ամեն անգամ մերժում էր՝ խոստանալով, որ երբ մեծանամ, դրանցից մեկը նվիրելու է ինձ: Ճիշտ է, երբ մեծացա, արդեն երկմտում էի՝ օգտագործել այն, թե՝ ոչ: Պապս էլ արդեն չէր կարող սովորեցնել այն բանեցնելու ձեւը. վտանգավոր ածելին խաղալիք չէ:

Մարիա եւ Քրիստինա Այանյաններ
Հայրիկը հաճախ է պատմել, որ մեր մեծ պապը շախմատի սիրահար էր: Խաղը նրա ամբողջ կյանքի հետաքրքրությունն էր: Զարմանալի չէ, որ պատերազմից հենց շախմատ բերեց: Այն չափերով շատ մեծ է, ուստի մի երկրից մյուսը տեղափոխելը հեշտ գործ չէր: Ընթացքում այն վնասվել է, այստեղ վերանորոգել են ու օգտագործել բավական երկար: Տարիների ընթացքում ֆիգուրները մաշվել են, բայց պահպանել նախնական շքեղությունը: Տախտակի ներսում փոքրիկ պահարան կա, որտեղ դասավորվում են քարերը: Ես ու քույրս հաճախ ենք խաղում: Այն իհարկե, ավելի շատ պապի հիշողությունն է, ում չենք հասցրել տեսնել:

Սարգիս Անտոնյան

Պապը պատերազմից հետո երեք տարի պարետ է եղել Հերլիցում: Քաղաքում հին ու շքեղ ամրոց է եղել, որի տիրոջ հետ ծառայության ընթացքում ընկերացել է: Գերմանացին անչափ գնահատել է պապիս բարեխիղճ ծառայությունը՝ նրան նկարներ, պատի ժամացույցներ, արծաթե բերանով գինու մի կուժ ու գավաթներ նվիրելով:  Ամենաշատը նկարներն էր սիրում, որոնք այս տարիների ընթացքում մեզ հետ տնից տուն են տեղափոխվել: Գինու կժում բազում ըմպելիքներ են լցվել, բաժակներն օգտագործվել են տարբեր միջոցառումների ընթացքում:

Սոֆա Բաղդասարյան
Պապս լավ կռվող է եղել, դրա համար պատերազմից հետո գերմանական արտադրության որսորդական հրացան է ստացել: Նույնիսկ տեղեկանք կա պարգեւատրման մասին: Նա գրեթե չի օգտագործել այն, իսկ ահա հայրս որսի սիրահար էր ու բազմիցս բանեցրել է զենքը: Հիշում եմ, թե ինչպես էր պարբերաբար փամփուշտներ գնում, հատկապես որսի սեզոնին: Հորս մահից հետո ես ու մայրս այն ապահով տեղում պահեցինք: Քանի որ այն մեզ համար մասունքի նման մի բան էր ու չէինք ցանկանում հանձնել, հարկ եղավ գրանցվել Որսորդների միությունում: Կարծում եմ այն նորից կօգտագործվի, երբ տանը տղամարդ հայտնվի:

Այս թեմայով