24 Ապրիլ 2015, 17:01
2986 |

Չտեսնված հուշարձան

1965 թվականի ապրիլին հայտարարվեց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մրցույթ: Հայտարարության մեջ ասվում էր. «Կոթողը պետք է մարմնավորի ստեղծագործ հայ ժողովրդի մաքառումներով լի կյանքը, վերապրելու, առաջադիմելու անսպառ կենսունակությունը, նրա ներկան ու պայծառ ապագան՝ ի հավերժացումն իրենց կյանքը նվիրաբերած 1915թ. Մեծ եղեռնի միլիոնավոր նահատակների անմար հիշատակի»: Կազմվեց ստեղծագործական թիմ, որն էլ պետք է ավարտին հասցներ կոթողի նախագիծը: Ղեկավար նշանակվեց նկարիչ-քանդակագործ Վան Խաչատուրը, մյուս անդամները Սաշուր Քալաշյանն ու Արթուր Թարխանյանն էին:

Վան Խաչատուր.
«Մենք առաջին տարբերակը գերեզմանային էինք նախատեսել: Նույն տեղում՝ հարթակի մեջ, 9 մետր խորությամբ հսկայական խաչ էր, ժողովուրդը պետք է աստիճաններով իջներ էդ խաչի մեջ: Պատկերացնում էինք մի մեծ գերեզման, վրան էլ՝ զանգակատուն: Իսկ մուտքի մոտ՝ որպես վրեժի խորհրդանիշ, Վարդան Մամիկոնյանի արձանը:

Առաջարկել էինք հուշարձանի ամբողջ տարածքը ծածկել մազութով, որպեսզի հետագայում բուսականություն չաճեր, այնուհետև լցնել Ծիծեռնակաբերդի բլրին թափված ժանգոտ քարաբեկորներ՝ շեշտելու Դեր-Զոր անապատի ամայությունն ու սարսուռը: Գլխավոր տարրը՝ խաչը, որոշել էինք փորել գետնի մեջ: Պատերին ամբողջությամբ խաչքարեր էին լինելու: Մարդիկ՝ մոմերը ձեռքին, աստիճաններով պետք է իջնեին խաչի մեջ: Հիմնական գաղափարը խաչված ազգն էր: Սակայն այս տարբերակը մերժվեց: Ոչ թե ցեղասպանության, այլ վերածննդի հուշարձան էին ուզում: Սկսեցինք այլ տարբերակ մշակել
Սգո պատի համար բազմաթիվ տարբերակներ առաջարկեցինք, բայց ամեն անգամ Քոչինյանը մերժում էր՝ պաճտառաբանելով, թե վերածնվող հայ ժողովրդի քանդակներ են պետք: Որոշեցի սյուժետային պատկեր չանել: Այսինքն՝ պատկերային շարքով ցույց չտալ, թե ինչպես է եղել, հիմա ինչպես է, ինչպես է լինելու:

Սգո պատի նախնական տարբերակներից մեկը
Սգո պատի նախնական տարբերակներից մեկը

Ռավելի «Բոլերոյի» երաժշտական մոտիվների նմանությամբ որոշեցի մեկ քանդակ անել 111 անգամ կրկնելով պատի երկարությամբ: Մանկան վրա խոնարհված մորը պետք է քանդակեի նեգատիվ՝ քարի վրա փորված, կարծես ստվերն էր, ինքը չկար, իսկ երեխային՝ որպես կենդանի ժողովրդի խորհրդանիշ: 111-ը յուրահատուկ թիվ է. այն անվերջություն է խորհրդանշում, չունի սկիզբ ու վերջ: Վարպետների հետ արդեն երկու օր աշխատում էինք քանդակների վրա, երկու տեղ արդեն փորել էինք մոր քանդակներ, բայց Անիսիմովը (Կենտկոմի երկրորդ քարտուղար — խմբ.) եկավ հուշարձանը տեսնելու, երբ տեսավ քանդակները, կարգադրեց անմիջապես դադարեցնել աշխատանքները: 2003-ի աշնանն էր, ինձ ասացին, որ ծանր տեխնիկայով վերացրել են քանդակները, դրանց տեղում քարեր շարել: Հիմա էլ երբ մոտենաք 8-րդ և 13-րդ քարերին, կտեսնեք այդ կիսատ քանդակների հետքերը»:

Վարդան Մամի- կոնյանը՝ որպես վրեժի խորհրդանիշ
Վարդան Մամիկոնյանը՝ որպես վրեժի խորհրդանիշ
 
Խաչ-գերեզմանոցի ներսում՝ զանգակատուն և խաչքարեր
Խաչ-գերեզմանոցի ներսում՝ զանգակատուն և խաչքարեր

 

Մայրն ու մանուկը նույնությամբ պետք է կրկնվեին պատին 111 անգամ
Մայրն ու մանուկը նույնությամբ պետք է կրկնվեին պատին 111 անգամ

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N2, 2015

Այս թեմայով