Հայերը բազմագույն են, ի ծնե նախագահ ու քաղաքական գործիչ, ամեն իրավիճակում հարց լուծող ու ամեն ինչից քաջատեղյակ: Սակայն մենք փորձեցինք այնուամենայնիվ տարբերակել հայերի երկու տեսակները` հաշվի առնելով նրանց վարքը սոցիումում: Ընդհանրացնել հաջողվեց առայժմ միայն տղաներին, աղջիկները` հաջորդիվ:
Նրանք, ովքեր իրենց բնակարանը մուտքի հաշվին մեծացրել են, և նրանք, ում փողը կամ համարձակությունը չի հերիքել դա անել։ Կամ էլ ուղղակի ծանոթ չեն գտել թաղապետարանում։
Նրանք, ովքեր ուտում են քյաբաբ և նրանք, ովքեր ուտում են աղցան, բայց ուզում են ուտել քյաբաբ ու զսպում են իրենց։
Նրանք, ովքեր «ընգերուհուն» հետը տեղ չեն տանում, որ հանկարծ աչքերը չբացվի, ու նրանք, ովքեր միասին գնում են նույնիսկ փաբեր։
Նրանք, ովքեր փոր ունեն և նրանք, ում բնությունն էդ բախտին չի արժանացրել։
Նրանք, ովքեր գրանցված են «Ինձ պետք ա էսինչ բանը» ֆեյսբուքյան խմբում, ու նրանք, ովքեր գիտեն google-ի ու ebay-ի տեղը։
Նրանք, ովքեր ամեն ինչ անաստված ձևով քլնգում են, ու նրանք, ովքեր կատարելապես թքած ունեն ամեն ինչի վրա։
Նրան, ովքեր համոզված են, որ աղջիկը պետք է կույս լինի, ու նրանք, ովքեր գիտեն, որ կարևորը դա չէ։
Նրանք, ովքեր ֆեյսբուքում են ապրում, ու նրանք, ովքեր եկել են այստեղ որսի, որովհետև ադնակլասնիկում աղջիկների ճգնաժամ է։
Նրանք, ում համար ճիշտը մեկն է, ու նրանք, ում համար էդ ճիշտն իրենց ճիշտն է։
Նրանք, ովքեր Արտաշնոցի վկաներ են, ու նրանք, ովքեր իրենց հոգու տաճար ներս են թողնում միայն «երեք ամսական գառնուկ` մարմանդ կրակի վրա եփած և համեմված Սենայի աջ ափին աճող խաղողի էսինչ թվի բերքից ստացած գինով»։
Նրանք, ովքեր ֆուտբոլ են նայում ֆուտբոլի համար, ու նրանք, ովքեր ֆուտբոլ նայում են միմիայն Հենոյի համար։ #հենոռուլզ
Նրանք, ովքեր ռոք են լսում, ու նրանք, ովքեր կարծում են, որ ռոքը հայեցի չէ։ Ի դեպ, երկուսն էլ System of a down-ի ֆանատն են։ Դե, բա, ախպեր, հայեր են, բա ոնց …
Նրանք, ովքեր կոմունալ վճարումներ անելիս օգտվում են տերմինալից, ու նրանք, ովքեր մինչև փողը չհանձնեն բանկի աշխատողի արդար ձեռքը, չեն համոզվի, որ ամեն ինչ կարգին է։
Նրանք, ովքեր գործի ընդունվելու համար խելոք-խելոք ռեզյումե են ուղարկում, ու նրանք, ովքեր դիմում են ամենակարող ԽԾԲ-ի օգնությանը։
Նրանք, ովքեր կարծում են, որ դեռ մախի դար է, ու նրանք, ում տփել են առաջինները։
Նրանք, ում զայրացնում է այն, որ աղջիկը նստում է երթուղայինի դիմացի նստատեղին, ու նրանք, ովքեր հիանում են նման աղջիկներով։
Նրանք, ովքեր կարծում են, որ տղուց տղա է ծնվում, ու նրանք, ովքեր գիտեն, որ լավ տղուց աղջիկ է ծնվում։
Նրանք, ովքեր համեստ մեքենա են քշում, բայց հանգստանում են Մալդիվներում, ու նրանք, որոնք Պորշ Կայենով գնում են Քոբուլեթ։
Նրանք, ում ուշքը գնում է իսկական հայկական խաշի համար, ու նրանք, ովքեր ամոթին զոհ գնալով են մասնակցում խաշկերույթին` ուտելով հարիսա:
Նրանք, ովքեր քշում են նիվա, ու ովքեր մեքենա: Որովհետև նիվան մեքենա չի: