31 Մարտ 2015, 13:13
3624 |

Հոլի հայրը

Բակի տղաների ճարպկությունը ստուգող խաղի նրբությունների, ամեն ինչին հայկական երանգ տալու, վերնիսաժյան ձանձրույթի ու Միսակ վարպետի նվիրական երազանքի մասին:

Անցել են այն ժամանակները, երբ երևանյան բակերում տղաները բղավելով, իրար հերթ չտալով հոլ էին խաղում: Այն ժամանակ դժվար էր որևէ տղայի պատկերացնել առանց հոլի, որովհետև դա սեփական ճարպկությունն ու հնարամտությունը ցույց տալու հիանալի ձև էր:

Միսակ Իսկանդարյանը Երևանում այն եզակի մարդկանցից է, ով պատրաստում է հոլեր: Նա անկեղծորեն հավատում է դրանց վերածննդին:

Հոլը ստեղծվել է փայտամշակման հաստոցի' չարխի ի հայտ գալուն պես: Այն հիմնականում պատրաստվում է հաճարենու և բոխու փայտից, որը պետք է լինի չոր և հնարավորինս միատարր: Հոլ պտտեցնելն ի սկզբանե ռազմական խաղ էր ու տարածված ասիական շատ երկրներում: Բայց կան հոլի պտտման որոշ հնարքներ և խաղի կանոններ:

«Կար ժամանակ, երբ մեր բակում բոլորն անհամբեր հոլ խաղալու սեզոնին էին սպասում, - պատմում է Միսակը:- Սովորաբար դա գարնան վերջն ու ամռան սկիզբն էր: Բավական էր ինչ-որ մեկն առաջինը նետեր իր հոլը, և բոլորը' հինգ-վեց տարեկան երեխաներից սկսած մինչև հիսուն-վաթսուն տարեկան մեծահասակներ սկսում էին հոլ պտտեցնել»:

Նախ և առաջ պետք էր որոշել թելի երկարությունը, որը հիմնականում կախված էր խաղացողի հասակից: Ձեռքն ուղղահայաց դիրքում պարզելու դեպքում մատից մինչև գետինն ընկած հեռավորությունն էլ որոշում էր թելի երկարությունը: Դեռ տասը սանտիմետր էլ հարկավոր էր, որպեսզի թելն ավարտվեր մինչև հոլի' գետնին հասնելը: Այն պետք էր նետել թեք ու հեռու: Հոլ խաղացողների մեջ տարածված էր հոլի պտտման մի քանի ձև' «վերտալյոտ», «աղջկավարի», «տղավարի», «ղայթանքաշ»: «Աղջկավարի» պտտելու դեպքում հոլը պետք էր նետել ուղղահայաց դիրքով և թելը քաշել: Այս տարբերակը ամենահեշտն է, ու Միսակը հոլ պտտեցնել չիմացողներին միշտ խորհուրդ է տալիս «աղջկավարիից» սկսել: «Տղավարին» ավելի բարդ է. պարանի' ղայթանի երկարությունից կախված' հաշվում էին, թե ինչ ուղղությամբ նետել հոլը: Իսկ «ղայթանքաշը» հոլը նետելու և պարանը անմիջապես հետ քաշելու ձևն է:

Հոլի չափն էլ նշանակություն ունի: Փոքր երեխաները ավելի փոքր չափի հոլ են պտտեցնում: «Բայց այն կանոններով, որոնցով մենք էինք խաղում, այսօր ոչ ոք արդեն չի խաղում: Հիմա երեխաները հոլը միայն պտտեցնել կարողանալուց էլ են ուրախանում», - ասում է Միսակը:

Վարպետը սկսել է հոլեր պատրաստել ութ-ինը տարի առաջ: Սկզբում դրանք ընդամենը տասը հատ էին, հետո շատացան: «Փոքր ժամանակ ընկերներով մանիկյուր էինք գողանում ու փորձում հոլերի վրա ինչ-որ պատկերներ նկարել, բայց միևնույն է' չէր ստացվում: Ու էդ ժամանակ ամբողջն էինք ներկում, էդպես էլ խաղում»: Տարիներ անց Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում ստացած հմտություններն ու դիզայներական տաղանդը Միսակին հնարավորություն տվեցին հոլերը ձևավորել նուրբ հայկական նախշերով, ժայռապատկերներով, մանր ծաղիկներով, կարպետի զարդանախշերով: Վարպետը նշում է' ամենաշատ վաճառվողների թվում ամենապարզերն են' եռագույնով ներկվածները. վերնիսաժի շուկան է այդպիսին:

Միսակը չորս-հինգ հոլից բաղկացած իր փոքրիկ հավաքածուն ունի: «Ընկերներիցս շատերը հոլ նկարազարդելու հետաքրքիր մտքեր ունեն: Ես էլ դրանք ինձ մոտ եմ պահում: Իմ ամենասիրածներից մեկի վրա ընկերս Արարատն է պատկերել' երկաթագիր տառերով»:

Վերնիսաժում հոլերի կողքով հաճախ չեն կարողանում անտարբեր անցնել. «Բա գիտես' էս հոլը պետք է էսպես լիներ, թելը ավելի երկար պետք է լիներ»: Միսակը ժպիտով է վերաբերվում դիտողություններին. «Ամեն մեկն իր հոլն է ունեցել, խաղալու սիրած ձևը»:

Հոլեր պատրաստելը Միսակի նվիրական ցանկություններից մեկին հասնելու ծրագրի մի մասն է միայն: Նա ցանկանում է բակային խաղերի ասոցիացիա հիմնել' հույսով, որ երեխաները նորից դուրս կգան բակ ու կսկսեն իրենց ուրախ ղժբժոցը:

 

Այս թեմայով