Երիտասարդ ճարտարապետ Մուշեղ Թոքմաջյանը պատմում է Երևանի իր սիրած ու չսիրած վայրերի, քաղաքի ժառանգած անցյալի ու անորոշ ապագայի մասին:
Որո՞նք են հայկական ճարտարապետության առանձնահատկությունները:
- Մերճարտարապետության մասին խոսելիս շատերը միանգամից անդրադառնում են եկեղեցաշինութունը: Սա, թերևս, օբյեկտիվ մոտեցում է, քանի որ հայերն առաջինն քրիստոնյաներն են և եկեղեցիների ճարտարպետական կերպարը, լուծումները հենց այստեղ են ձևակազմավորվել: Իհարկե, մենք, ունենք եկեղեցական ահռելի ժառանգություն, սակայն հայկական ճարտարապետության շրջանակը շատ ավելի լայն է: Այնտեղ իր ուրույն և առանցքային տեղն է զբաղեցնում նաև բնակելի տների ճարտարապետությունը, որի ժառանգությունը պակաս արժեքավոր չէ: Հայկական բնակելի տների ճարտարապետության վրա ազդեցություն են թողել և' բնակլիմայական պայմանները, և՛ ազգային, և՛ տեղական հարուստ ավանդույթները, և՛ կենցաղի բնույթը, և՛, իհարկե, ժամանակը: Այստեղից էլ առաջ է եկել հայտնի «ժողովրդական տուն» հասկացությունը: Այն ենթադրում է ոչ մասնագիտական մոտեցումներ, հասարակ մարդու կարիքները հոգացող հիանալի ճարտարապետություն: Հետաքրքական է, որ հարյուրամյակներ առաջ ստեղծված լուծումները հաճախ չեն զիջում ամենաժամանակակից ճարտարապետական լուծումներին: Դրանց ուսումնասիրությունը նոր հեռանկարներ է բացում՝ տալով նորանոր գաղափարներ: Օրինակ, գլխատունը բուն հայկական ծագումնաբանություն ունի: Այնտեղ էր գտնվում թոնիրը և ցուրտ շրջանում մարդիկ հավաքվում էին թոնիրի կողքին, զրուցում, պատմվածքներ պատմում՝ օդը լցնելով հայկական ընտանիքին բնորոշ ջերմությամբ: Մեր ժամանակներում այդ միջավայրը վերանվանվել է ընդհանուր սենյակ: Սակայն չի պահպանվել ո՛չ ճարտարպետական, ո՛չ մարդկային այդ ջերմությունը՝ բնորոշ հայկական տներին: Բնական է, որ այսօր քաղաքային պայմաններում թոնիր չես կառուցի, բայց պետք է օգտագործել այնպիսի լուծումներ, որոնք ևս կնպաստեն մշակույթի և ազգային կոլորիտի պահպանմանը:
Ինչպե՞ս եք գնահատում Երևանի ճարտարապետության ներկայիս վիճակը:
- Ցավով եմ նշում, բայց այսօրվա Երևանի ճարտարապետությունն ընդհանրապես ինձ չի գոհացնում: Կարելի է ասել, Երևանն օր օրի կորցնում է իր ինքնությունը: Ու պատճառները նույնքան ցավալի ու միաժամանակ անհասկանալի են, որքան կորուստի փաստը: Ոչնչացվում է այն, ինչը պիտի պահվեր ու փայփայվեր՝ որպես քաղաքի անցյալի ու պատմության անխոս պատմիչ ու միևնույն ժամանակ՝ ամենախոս վկա: Ես կրկնակի ցավ եմ ապրում, քանի որ այդ մշակութային ոճրագործությունը տեղի է ունենում հենց մեր օրերում, մեր աչքի առաջ... Կորցրել ու շարունակում ենք կորցնել այնպիսի արժեքներ, ինչպիսին են Աֆրիկյանների տունը, փակ շուկան և այլն: Ցավալին էլ այն է, որ դա արվում է ճարտարապետների ձեռքով, որոնց դժվարանում եմ նույնիսկ ճարտարապետ անվանել, քանի որ դա միայն մասնագիտություն չէ, հոգեկերտվածք է, աշխարհընկալում ու մարդկային տեսակ... Ի տարբերություն հասարակ քաղաքացու, ճարտարապետը, ինչ որակի ու կարգի էլ լինի, չի կարող չհասկանալ՝ ինչ հարստություն ենք այսօր ոչնչացնում...
Իսկ ինչ վերաբերում է նորակառույցներին, դրանք ևս առանձնապես չեն հիացնում... ինչ-որ անհասկանալի և անտարբեր վերաբերմունք կա Երևանի այսօրյա ճարտարապետության մեջ և դա ուղղակիորեն ազդում է մեր այսօրվա ապրելակերպի և մտածելակերպի վրա: Արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք այսօր:
Վերջին տարներին Երևանում կառուցված շենքերից որ՞ն եք ամենից շատ հավանում:
- Թերևս կառանձնացնեմ Ջիմ Թորոսյանի նախագծած քաղաքապետարանի շենքը: Այս կառուցի մեջ մեծ ճարտարապետը ներդրել է և՛ հոգի, և՛ գաղափար, և՛ անհատական, և՛ ազգային մոտեցումներ՝ միևնուն ժամանակ հաշվի առնելով շենքի ֆունկցիոնալ նշանակությունն ու կարևորությունը: Ճարտարապետին հաջողվել է նաև անել այն, ինչ այսօր շատերն են փորձում, բայց քչերին է հաջողվում՝ համադրել ժամանակակիցը ազգայինի հետ. ստացվել է հիանալի և օրինակելի աշխատանք, որով կարող ենք ներկայանալ և հպարտանալ: Հուսով եմ՝ այն ապագայում կանգուն կմնա: Ես բախտ եմ ունեցել շփվելու Ջիմ Թորոսյանի հետ, զրուցելու ու լսելու մեծ ճարտարապետի խոհերը մեր անցյալի, ներկայի և ապագայի մասին: Քիչ առաջ նշեցի, որ ճարտարապետությունը ուղղակի մասնագիտություն չէ, այն հոգեկերտվածք է, աշխարհընկալում ու մարդու տեսակ, ինչը արտացոլվում է նրա գործերում:
Ճարտարապետական ո՞ր ոճն է Ձեզ հոգեհարազատ:
- Իմ կարծիքով, ոճը սիրողական տերմին է: Այն կարելի է փոխարինել, ասենք, «մտածողություն» կամ «մոտեցում» բառերով: Օրինակ՝ այսօր շատերն են ասում գոթական ոճի կառուցներ: Իրականում դա ոչ թե ոճ է, այլ մտածողություն, որի ենթատեքտում դնելով «դեպի Աստված» գաղափարը՝ ճարտարապետը կառուցներին տալիս էր վեր խոյացող տեսք: Բայց այդ «գոթական» կոչվող շարքի մեջ դժվար թե որևէ մեկը գտնի երկու իրար նման կառույց:
Ես շատ եմ սիրում Բաուհաուսի դպրոցի մոտեցումները և Լե Կոռբյուզեի մտածելու ուղղությունը: Նրա աշխատանքները կդժվարանամ դասել այս կամ այն ոճի մեջ, որովհետև իրականում ոճ, որպես այդպիսին, գոյություն չունի:
Երևանում կա՞ որևէ հատված, որը կփոխեիք հնարավորության դեպքում:
- Ես փոխելուն այդքան էլ կողմնակից չեմ: Իհարկե, կան բազմաթիվ անբարեկարգ տարածքներ, որտեղ կարելի է ինչ-որ բան փոխել, սակայն ես կուզեի ավելի շատ ետ բերել մեր նախկին Երևանը, ինչը գործնականորեն անհնար է: Թամանյանը, որի անունն ամեն հարմար առիթով տալիս ու հպարտանում ենք, իրոք հրաշալի և գրագետ քաղաք է նախագծել, այնինչ մենք քնում-զարթնում ու ձեռքի մի շարժումով, մի ստորագրությամբ փոշիացնում ենք այդ ամենը՝ տեղը առաջարկելով մի բան, ինչին նույնիսկ դժվարանում եմ անուն տալ:
Ինչպիսի՞ նախագծեր եք իրականացրել կամ կուզեիք իրականացնել:
- Ես երիտասարդ ճարտարապետ եմ: Դեռևս լուրջ նախագծեր չունեմ ու առաջիկայում դժվար էլ իրականացնեմ: Կարծում եմ՝ դրա հիմքերը շատ օբյեկտիվ են, քանի որ ճարտարապետությունն այն ոլորտն է, որտեղ կայանալու համար բնատուր տաղանդը գործի ուղիղ կեսն է. մյուս կեսին հասնելու համար անհրաժեշտ է ժամանակ, քրտնաջան աշխատանք, որի միջով անցնելով կկայանաս և՛ որպես մարդ, և՛ որպես մասնագետ: Մինչև օրս մասնակցել եմ մի շարք ճարտարպետական մրցույթների: Կարծում եմ՝ իմ լավագույն աշխատանքերը դեռ առջևում են: Իսկ մինչև այդ ես անընդհատ աշխատելու եմ կատարելագործվել, քաղել շրջապատից հնարավոր լավագույնը, ինքնակրթվել, որպեսզի գիտելիքներս չմնան լոկ տեսական մակարդակում, այլ իրենց դրսևորումներն ունենան իմ աշխատանքներում: