10 Փետրվար 2015, 08:59
4382 |

Հին խաչերի քաղաքը. Պողոս-Պետրոս եկեղեցի

«Հին խաչերի քաղաքը» շարքի երկրորդ մասում ներկայացնում ենք Երևանի ևս մեկ հին եկեղեցի, որից միայն անունն է մնացել, երկաթյա դուռը, 20 ձեռագիր Մատենադարանում, որոշ մասունքներ էլ՝ Երևանի ու Հայաստանի պատմության թանգարաններում, նաև Ազգային պատկերասրահում:

Սբ Պողոս-Պետրոս բազիլիկը կառուցվել է 5-րդ դարում: Երևանն այդ ժամանակ բնավ Հայաստանի ամենամեծ քաղաքներից չէր: Թաղը, որտեղ գտնվում էր եկեղեցին, հետագայում կոչվել է Շհար: Եկեղեցին մի քանի անգամ վերանորոգումների է ենթարկվել, խորհրդային շրջանի պատմաբան Կարո Ղաֆադարյանի կատարած ուսումնասիրությունների ժամանակ արևելյան և հարավային պատերի խաչքարերից երկուսի վրա կարդացվել են 1691 և 1692 թվականները: 1679-ի հզոր երկրաշարժի ժամանակ Երևանի մի շարք եկեղեցիների նման նա էլ քանդվեց, պահպանված հատվածների վրա նորից ոտքի կանգնեցրին: Վիմական երկու արձանագրությունները վկայել են, որ վերանորոգվել է 1778 և 1820 թվականներին:

Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային մուտքը Բայազետի բերդից բերված երկաթե դռնով
Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային մուտքը Բայազետի բերդից բերված երկաթե դռնով

Բայազետի բերդի դուռը
Երբ մարդիկ գալիս էին այստեղ այցելության, հաճախ էին ասում, թե ավելի լավ է փոխարենը մի բերդ կառուցեին, որ անցնող-դառնողը, արաբը, թուրքը, պարսիկն ու ռուսը չկարողանային տիրել մեր երկրին: 1835-ին երևանցի Տեր Վարդանը որոշեց բերդի տեսք տալ եկեղեցուն: Մուխսի Սաքո անունով մեկը այդ տարի Բայազետի բերդի դուռը բերել հասցրել էր Երևան: Վարդանը գնեց այն ու տեղադրեց հարավային մուտքին՝ առանց քար իսկ տեղաշարժելու կամ երկաթե դուռը ձևափոխելու:

Պողոս-Պետրոս եկեղեցու ներսում հավաքած Ստեփանոսի եւ Հովհաննու խորանների քարերը
Պողոս-Պետրոս եկեղեցու ներսում հավաքած Ստեփանոսի եւ Հովհաննու խորանների քարերը

Մահվան դատավճիռը
1930-ի նոյեմբերի 6-ին Երևանի քաղխորհուրդը որոշեց քանդել, հողին հավասարեցնել եկեղեցին: Նույնիսկ հզոր երկրաշարժը չկարողացավ կոտրել, պարսիկը, թուրքն ու արաբը չկարողացան, ինչ-որ քաղխորհուրդ մի օրում որոշեց հաշիվները մաքրել: Լուրը ժամերի ընթացքում տեղ հասավ, երևանցիները եկան մի վերջին անգամ մոմ վառելու, աղոթելու, բայց արդեն ոչ թե իրենց, այլ եկեղեցու փրկության համար…

Պածտպանը
Ասում են՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը դեմ է եղել, որ քանդեն: Գնացել-եկել, դիմումներ է գրել, վերևներին պատմել, որ, ախր, դարերի պատմություն ունի: Չեն լսել: Այնուամենայնիվ, ինչ-որ մասունքներ կարողացան պահպանել:

Մասնագետներ եկան ու սկսեցին դարերի ընթացքում ուսումնասիրել վեց շերտ արված որմնանկարները: Շերտ առ շերտ հանեցին, շատ մասունքներ պահ տրվեցին Հայաստանի տարբեր թանգարաններին:

Բայազետի բերդից բերած երկաթե դուռը մի քանի որմնանկարի հետ հիմա քաղաքի պատմության թանգարանում է, Պողոս կամ Պետրոս առաքյալի որմնանկարը՝ Ազգային պատկերասրահում:

Եկեղեցու ավագ սեղանի պատին ի հայտ եկած (3-րդ շերտ) Պողոս առաքյալի որմնանկարը
Եկեղեցու ավագ սեղանի պատին ի հայտ եկած (3-րդ շերտ) Պողոս առաքյալի որմնանկարը

Անմեղ մեղավորը
Անհայտ է՝ ինչո՞ւ որոշեցին «Մոսկվա» կինոթատրոնը հենց նրա տեղում կառուցել: Քաղաքին, երևի, կինո շատ էր պետք: Հիմա այն քաղաքի խորհրդանիշերից է: Բայց ինչ իմանաս, գուցե մի օր էլ նոր քաղսովետը որոշի սրբել-տանել այն, ինչպես եկեղեցին ջնջեցին երկրի երեսից:

HinYerevan.com
Photo: HinYerevan.com

***
Հ.Գ.
Տարիներ առաջ, երբ ցանկանում էին քանդել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, հասարակությունը մեծ աղմուկ բարձրացրեց: Հետաքրքիր կլիներ տեսնել 1930-ականների երևանցու դեմքը, երբ քանդում էին Պողոս-Պետրոսը: Չէ՞ որ ամառային դահլիճն ու կինոմոսկվան 70 տարվա պատմություն ունեն, եկեղեցին՝ 1 300 տարվա:

Այս թեմայով