30 Դեկտեմբեր 2012, 10:57
3109 |

Առարկայական խոսակցություն

Ժառանգաբար հորից որդուն, մորից դստերն անցնելով՝ դրանք հաճախ անծանոթ, ժամանակով տարանջատված, բայց միևնույնն է՝ միմյանց այդքան նման մարդկանց միջև անքակտելի կապի ականատեսն են եղել: Հին, մաշված, ճմրթված, տեղ-տեղ ճաք տված, տեղ-տեղ ջարդված՝ դրանք միևնույն է, իրենց տերերի համար ոսկուց էլ թանկ են ու ավելին են, քան պարզապես իրեր՝ սկզբնակետն են մտերմիկ ու հիրավի առարկայական խոսակցության:

Նելլի Մոսեսովա, 38 տարեկան

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո շատ սովետական զինվորներ հետները տարատեսակ ռազմավար բերեցին Գերմանիայից՝ կահույք, զարդեր, երաժշտական գործիքներ… Բայց պապս ստեղծագործող մարդ էր ու մտածեց, որ տանն ամենաշատը պետք կգա տպագրական մեքենան: Բերեց այն Երևան՝ ի ուրախություն մեքենագրության կուրսեր հաճախող կնոջ: Մեքենան, իրոք, դարձավ մեր կյանքի անբաժան մասն ու գործածվեց մինչև 1996-ը, հետո մեր տանը համակարգիչ հայտնվեց: Բայց երկար ժամանակ չմնաց պարապ. հիմա որդիս է դրանով երկար սիրային նամակներ գրում ու վստահեցնում, որ դրանք sms-ներից շատ ավելի տպավորիչ են:

Էդգար Էքթիբարյան, 11 տարեկան

Հեռադիտակը մեզ հասել է մեր պապի պապից, որն այն օգտագործում էր Առաջին համաշխարհայինի ժամանակ: Բայց արդեն գրեթե հարյուր տարի է, ինչ այն խաղաղ նպատակների է ծառայում: Թիֆլիսում ապրելու տարիներին պապիս հայրը երեխաներին զբոսանքի էր տանում, երբեմն էլ հետները ֆունիկուլյոր նստում ու լեռը բարձրանում, որտեղից նրանք հերթով բարձունքից քաղաքին էին նայում: Տանը ձանձրանալիս երեխաները նստում էին պատուհանի մոտ ու նայում անցորդներին: Ինձ համար էլ այն բակի խաղերի շատ կարևոր բաղադրիչն էր: Երբ նավաստի էինք խաղում, ես միշտ կապիտանն էի ու ունեի իսկական հեռադիտակ:



Ելենա Զախարևա, 62 տարեկան

Տատս Խաչատուր Աբովյանի զարմուհին էր:Մեր ընտանիքը սրանով հպարտանում է նույնքան, որքան սերնդից սերունդ փոխանցվող հին սրճաղացով: Թիֆլիսի տան հետ միասին որպես օժիտ նախատատիս նվիրված այս սրճաղացը, սուրճ պատրաստելու գործիք լինելուց բացի, նաև հպարտության առարկա էր ու մեկն այն քիչ իրերից, որոնք ծնողներս Երևան բերեցին: Այն այդպես էլ մնաց ընտանիքում ու նույնիսկ հիմա շարունակում է հավատարիմ ծառայել. սուրճ աղալուն ուժն արդեն չի պատում, բայց չորացրած կանաչու հախից հիանալի է գալիս:

Թամարա Զարգարյան, 24 տարեկան

Նախատատիս որպես ժառանգություն հասել էր խուճուճ նախշերով ու մանր զարդապատկերներով արծաթե սպասք: 19-րդ դարի վերջին այն դնում էին սեղանին ընտանեկան հանդիսավոր արարողությունների առթիվ, իսկ լվանալու համար ստիպված էին լինում գործի դնել գրեթե բոլոր աղախիններին: Կյանքն այն ցրեց այլ մարդկանց խոհանոցներ ու պահարաններ: Նախիջևանից Երևան բերեցին միայն թռչնի ձև ունեցող յուրօրինակ մի շերեփ: Այն փոխանցեցին տատիս, տատս էլ տվեց մորս, իսկ հիմա պահում եմ ես: Դրանով ապուրներ արդեն, իհարկե, չենք լցնում:



Լիանա Հախվերդյան, 17 տարեկան

Նախատատիս՝ Նելլիի, առաջին երկու զավակները ծնվելուց մի քանի ամիս անց մահացան: Այդ պատճառով էլ երրորդի վրա գրեթե ամբողջ Թիֆլիսն էր դողում: Իսկ երբ փոքրիկի մեկ տարին լրացավ ու վտանգավոր փուլն անցավ, երջանիկ հայրը ճոխ քեֆ կազմակերպեց, նրան այդ առիթով չափազանց թանկ զգեստ գնեց ու դրանով լուսանկարեց: Շորն էլ համարեցին երեխայի երկար ու երջանիկ ապրելու երաշխիքը: Այդ օրից ի վեր մեր տոհմի բոլոր մեկ տարեկան աղջիկներին նկարում են այդ զգեստով: Հիմա արդեն չորրորդ սերունդն է, ես էլ վերջինն եմ, ում լուսանկարը հայտնվել է մեր յուրօրինակ ընտանեկան ալբոմում:

Մարիա Ավանեսովա, 34 տարեկան

Այս պայուսակը կրել է նախատատս: Դնում էր մեջը թաշկինակը,դիմափոշամանն ու այլ կանացի իրեր և գնում թատրոն կամ պարահանդես: Երբ նախատատս տարիքն առավ ու արդեն հարիր չէր քայլել կոկետ արծաթազօծ պայուսակով, նա այն դստերը նվիրեց՝ չմոռանալով հուշել, որ թաշկինակը միշտ ընտրի զգեստի գույնին համապատասխան, քանի որ այն երևում էր երկաթե հյուսվածքների արանքից: Չնայած, ինչպես տեսնում եմ, այդ խորհուրդը պետք չեկավ նրա ժառանգներին:



Արտակ Սարգսյան, 39 տարեկան

Մեր տոհմում առաջին քահանան եղել է Արևմտյան Հայաստանի Սասուն գավառում ապրող Տեր Թադևոսը, որը երեխաներին ժառանգություն թողեց ցուպի երկու արծաթե գլխիկ: Սրանք 200 տարի փոխանցվել են հորից որդի: 1915-ի ցեղասպանության ժամանակ մորը, եղբորն ու քրոջը կորցրած պապս ստիպված էր լքել Սասունը. Արևելյան Հայաստան հասավ մենակ: Տանը եղածից միայն այս երկու արծաթե գլխիկն էր կարողացել փրկել՝ միակ հիշատակը կորցրած ընտանիքից ու դրա հիմնադիր՝ Սասունի եկեղեցու քահանայից: Այն հիմա մեր ընտանիքի կարևոր հուշ իրն է:

Գեղամ Վարդանյան, 38 տարեկան

Մեր ընտանիքի կանայք պատմում էին, որ պապս ջութակ է սովորել Դավիդ Օյստրախի հետ միևնույն դասարանում: Կարծում եմ՝ լեգենդ է: Նրանք չէին կասկածում, որ պապս անպայման կլիներ մեծ ջութակահար, եթե հանգամանքները նրան չդարձնեին միակ տուն պահողը: Պապիս ջութակը գտա Սուխումիի հին տանը: Ներսում պիտակ կար՝ «Յաքոփ Շտայներ. 1775 թիվ»: Առաջին ավստրիացի ջութակագործի այս աշխատանքը տարիներով մոտս մնաց: Հետո որոշեցի այն տանել փորձաքննության: Ասացին՝ ոչ թե Շտայներ է, այլ 19-րդ դարի կրկնօրինակ: Բայց այն միևնույնն է՝ թանկ է ինձ համար: Չէ՞ որ դրանով պապս կարող էր մեծ ջութակահար դառնալ: Իհարկե, եթե չսկսվեին դժվար ժամանակները:

Այս թեմայով