Museu Calouste Gulbenkian, Avenida Berna 45 A, 1067-001 Lisboa, Portugal, tel. 217 823 000
Գեղարվեստի թանգարանը, որ հայտնի է ձեռներեց Գալուստ Գյուլբենկյանի հավաքած եվրոպական կերպարվեստի, արևելյան ու անտիկ մշակույթի մի շարք հուշարձաններով, բացվեց 1969-ին՝ ըստ միլիարդատիրոջ կտակի: Այժմ էլ այն ֆինանսավորվում է նրա անունը կրող հիմնադրամի միջոցներով: Թանգարանում կա ավելի քան 6 000 առարկա, որոնցից ցուցադրված է մոտ հազարը: Եվրոպական գեղարվեստի հավաքածուում կան կտավներ, որոնք Գյուլբենկյանը ձեռք էր բերել 1930-ականների սկզբին, երբ վաճառքի էին հանվել Էրմիտաժի նկարները (Ռուբենսի «Ելենա Ֆոուրմենի դիմանկարը», Ռեմբրանդտի «Ծերունու դիմանկարը», Բաուտսի «Ավետումը», Գուդոնի քանդակը և այլն): Թանգարանում ներկայացված են նաև այլ նկարիչների՝ Գիրլանդայոյի, Կարպաչոյի, Չիմա դա Կոնելյանոյի, Վան Դեյկի, Մանեի, Ռենուարի, Դեգայի, Մոնեի գործերը, ինչպես նաև Անդրեա դելլա Ռոբիայի ու Ռոդենի քանդակները: Ցուցադրանմուշներում կարևոր տեղ ունեն նաև 18-րդ դարի արևմտաեվրոպական կահույքի հավաքածուներն ու դեկորատիվ-կիրառական արվեստի առարկաները, միջնադարյան նկարազարդ ձեռագրերն ու Ռենե Լալիկի զարդերի հավաքածուները: Ցուցադրության են ներկայացված նաև հին եգիպտական ու միջագետքյան հուշարձանները, անտիկ խեցեղենն ու մանրադրամները, արևելյան՝ նաև հայկական արվեստի նմուշները: