Armenian Library and Museum of America 65 MainStreet, Watertown, MA 02472, (617) 926-2562
Ամերիկայի հայկական գրադարանի և թանգարանի պատմությունը սկսվել է դեռևս 1971-ին, երբ մի խումբ հայեր նախաձեռնեցին հայերեն գրքերի ու հայկական եկեղեցուն պատկանող տարբեր իրերի հավաքագրումը Մասաչուսեթս նահանգի Բելմունտ քաղաքում: 1985-ին, երբ արդեն հավաքվել էր հարուստ հավաքածու, այն ներկայացվեց հանրության դատին: Իր ներկայիս հասցե ALMA-ն տեղափոխվեց 1988-ին՝ զբաղեցնելով քաղաքի կենտրոնում գտնվող չորսհարկանի շինություն: ALMA-յի թանգարանային հավաքածուն ամենամեծն է՝ Հայաստանի սահմաններից դուրս գտնվողների շարքում: Այն ներառում է 20 000-ից ավելի հնություն՝ հնադարյան և միջնադարյան հայկական մետաղադրամներ, գորգեր, ազգային տարազներ, ուրարտական ժամանակաշրջանի առարկաներ և այլն: Մեսրոպ Բոյաջյանի անվան ALMA գրադարանում կա 27 000-ից ավելի գիրք՝ պարբերականներ, պաստառներ, փաստաթղթեր և քարտեզներ: Գրադարանի հպարտությունը և առավել նշանակալից նմուշը 1915-ի Եղեռնից փրկվածների պատմածների աուդիոձայնագրության հավաքածուն է: ALMA-ն բաց է այցելուների համար հինգշաբթիից մինչև կիրակի, գործում են տարբեր աստիճանի անդամակցության քարտեր՝ ուսանողական, ընտանեկան և այլն: