25 Ապրիլ 2012, 20:25
1909 |

Փաբաստան

Այն, որ Երևանում փաբերն ու բարերը թվով մի քանի անգամ գերազանցում են ակումբներին ու դիսկոտեկներին, ինձ՝ քաղաքի բնակչիս համար, սովորական բան է: Իսկ արտասահմանցի ընկերներս չէին հավատում, որ նման բան հնարավոր է: Քաղաքի բարային մշակույթին նրանց ծանոթացնելու համար պլանավորեցինք մի գիշերվա ճամփորդություն՝ ջրի ճամփա նրանց համար, ովքեր սիրում են անցկացնել ազատ ժամանակը պայմանական բարային թաղամասում, որ բուսնել է քաղաքի ամենակենտրոնում՝ Փարպեցու, Թումանյանի, Պուշկինի ու Սարյանի փողոցներով պարփակված: Փաբերն այնքան կիպ են դասավորված, որ թվում է՝ մի ընդհանուր վայր է, որտեղ ապրում է այլընտրանքային Երևանը՝ գիշերային, աղմկոտ, տժժացող: Այն թմրադեղերից ոչ պակաս կախվածություն է առաջացնում, և ուրբաթն անմիջականորեն համաբանվում է փայտե սեղան-աթոռի, նեղ, նկուղային տարածքների հետ, որտեղ, ֆիզիկայի օրենքներին հակառակ, տեղավորվում է քո ամբողջ Երևանը:

Բարային զարթոնք
Բարային թաղամասը ցերեկը հազիվ թե նկատես: Բարերը, իրենց մշտական քլաբերների նման, մինչև երեկո թաքնվում են արևի լույսից: Նրանք կարծես տեղ էլ չեն զբաղեցնում երևանյան նեղ, գողտրիկ փողոցներում: Փոխարենը՝ երեկոյան տասնյակ նկուղային հարկեր բացում են իրենց դռները: Ի տարբերություն շատ այլ քաղաքների, Երևանում կապ չունի՝ վաղն աշխատանքային օր է, թե՞ ազատ. զբոսանքը միշտ էլ խրախուսվում է: Ամեն դեպքում, բարային ճամփորդությունը նախընտրելի է պլանավորել ուրբաթ կամ շաբաթ երեկոյի կամ էլ գիշերվա համար: Այստեղ կյանքն սկսվում է իննին մոտ և, սովորաբար, ավարտվում վերջին հաճախորդների հեռանալով:

Ճաշի կանոնները
Բարերով շրջելուց առաջ, իհարկե, անհրաժեշտ է մի կուշտ փորով հաց ուտել: Մենք ուղևորվեցինք Թումանյան, որտեղ, մի շարք փոքր փաբերի մոտով անցնելիս, բախվեցինք մի դռան, որի վերևում գունավոր շշերի շարան է կախված. Yellow Street-ն է: Վայրը բավական նոր է, այնպես որ՝ ես էլ էի այն հայտնաբերում ընկերներիս հետ: Այստեղ հայտնվելու պահին մենք հասկացանք, որ «Դեղին փողոցը» հազիվ թե բար անվանես: Չնայած, դժվար է նաև ներս չմտնել: Զննեցինք hand made իրերի փոքրիկ խանութը, որի միջով էլ անցանք սրճարան: Այստեղ կա երկու սրահ՝ ծխողների և չծխողների. սրճարանը Երևանի այն քիչ վայրերից է, որտեղ հարգում են առողջ ապրելակերպը: Վնասակար սովորություններ չունեցող-ները գնում են աջ, ծխողները՝ ձախ: Այստեղ մոխրագույն պատերից կախված են գրքերից պատրաստված պահարաններ, պահարաններին՝ զարթուցիչներ, թեյնիկներ, հին ֆոտոխցիկներ, գունավոր շշեր, մոմեր, հեռախոսներ. իսկական ռետրո թանգարան: Այստեղ, մեծ հաշվով, շեշտը դրված է ներքին հարդարման վրա, իսկ հանդիսատեսի համակրանք անվանակարգում հաղթող է ճանաչվում… զուգարանի ձևավորումը: Հատակը պատված է եվրոցենտերով, իսկ պատերին փակցված են երաժշտական դպրոցի դասագրքերի թերթեր: Լավ է՝ հանրագիտարաններից ու գրքերից էջեր չկան, թե չէ, ով գիտի, մեկը կարդալով ընկնի. զուգարանը Yellow Street-ում մեկն է, ժողովուրդը՝ լիքը:
Մենք տեղավորվեցինք վանդակավոր սփռոցով մեծ սեղանի շուրջ ու սկսեցինք զննել դպրոցական տետրակի նման ձեռագիր մենյուն: Մինչդեռ հարևան սեղանի շուրջ Yellow Street-ի տեր Արթուրը համտեսում էր տարբեր խմիչքներ:
— Ուզում եմ զովացուցիչ ըմպելիքներ ավելացնել մենյուի մեջ: Ասենք՝ սառը կիսել: Բայց մեզ կսազի՞ կիսել մատուցել:
— Անշուշտ:
Ու իսկապես, սա այն տեղն է, որտեղ ուզում ես ինչ-որ տնական բան խմել, փաթաթվել տաք սվիտերի մեջ և երկար ու ձիգ զրույցներ վարել Արթուրի հետ: Ի դեպ, նա մեզ խորհուրդ տվեց պատվիրել բագետ: Մենյուի մեջ՝ հավով, խոզապուխտով, թունա ձկով, նաև բրոկոլիով՝ հատուկ բուսակերների համար: Ամեն մեկս իրենն ընտրեց: Հույս էլ չկար, որ ֆասթֆուդային արվեստի մի մետրանոց ստեղծագործությունը կտեղավորվի մեկ ափսեի մեջ: Այն տեսնելիս էլ անմիջապես պարզ դարձավ, որ մենք գերագնահատել ենք սեփական ուժերը: Ստիպված էինք պատվիրածներիս տակից դուրս գալ: Ուտելով համեղագույն բագետները՝ մենք «բարով» ասացինք Արթուրին, առանց կասկածի, որ այստեղ դեռ շատ կգանք:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով